Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյան, արխիվ

Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին։
Օգոստոսի 10-ին հրապարակված հաղորդագրության մեջ Պատրիարքությունը հայտարարել է, որ վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ որդեգրված «բացասական դիրքորոշումը» խոր ցավ և վիրավորանք է առաջացրել Հայաստանի և Սփյուռքի հավատացյալների շրջանում։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հավատքի լուսաբևեռը և ազգային ու հոգևոր միության ամուր սյունը։ Հայաստանյայց Եկեղեցին՝ իր ամբողջ նվիրապետությամբ, ի գլուխ ունենալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագույն և Վեհափառ Հայրապետին, շարունակում է իր Քրիստոսավանդ, ազգանվեր և ազգաշեն առաքելությունը։

Այս առումով Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և Եկեղեցու սրբազան եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացների դիմելը և նրանց քրեական հանցագործությունների մեղադրանքներով աշխարհիկ ատյանների առջև կանչելը խորապես վիրավորում է Հայ Եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։

Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել պատասխանատուներին «անխոցելի պահել Հայ Եկեղեցին» և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների։

«Սփյուռքում ևս Հայ Եկեղեցին շարունակում է առանցքային դեր ունենալ մեր ժողովրդի հոգևոր, ազգային և համայնքային կյանքում։ Հետևաբար Մայր Աթոռի հեղինակությունը թուլացնելու կամ նրա անձեռնմխելիությունը վիրավորելու միտված որևէ քայլ վնասում է Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի միջև դարերով ամրացած կապերին։

Պատմությունը վկայում է, որ պետականությունից զրկված ժամանակներում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին եղել է մեր ժողովրդի անխորտակելի սյուներից մեկը։ Այն իր ներքին նվիրապետությամբ կանոնավորել և շարունակում է կանոնավորել Սուրբ Ավետարանի քարոզությունը, հոգևոր ծառայությունը, մխիթարական, բարեգործական և ազգային առաքելությունները։ Ուստի Եկեղեցուն վերաբերող հարցերի մասին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և եկեղեցական նվիրապետության բարձրացրած ձայնի մեջ հանցագործություն որոնելը անտեղի և վիրավորական ենք համարում:

Որպես Թուրքիայի Հայոց Պատրիարքական Աթոռ՝ հայտնում ենք մեր զորակցությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին և սրբազան եպիսկոպոսներին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Պատրիարքությունը նաև աղոթք է հղել Վեհափառ Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի, նվիրապետական Աթոռների գահակալների, հոգևոր դասի, հավատացյալների և Հայաստանի Հանրապետության պաշտոնատարների համար։

Ավելի վաղ Վեհափառ և եպիսկոպոսների նկատմամբ հարուցված դատական գործընթացները քննադատել և դատապարտել էին նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով, որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին Կաթողիկոսի գործով առաջին դատական նիստն ավարտվեց դատավորի ինքնաբացարկով «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճը և մեկնում է Էջմիածին«Այսօր ամոթի օր է». ընդդիմադիրները կլքեն ԱԺ-ն, կմասնակցեն կաթողիկոսի դատական նիստինԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի և դատապարտելի է. Արամ Ա