Շիրակի թեմի առաջնորդը վերադարձավ իր կեցավայր. նրան արգելված է պատարագի մասնակցել

Բանտում գրեթե ութ ամիս անցկացնելուց հետո ոստիկանների ու պրոբացիոն ծառայողների ուղեկցությամբ այսօր իր կեցավայր վերադարձավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Առաջնորդարանի երրորդ հարկում է արքեպիսկոպոսի կեցավայրը. հենց այնտեղ էլ կկրի տնային կալանքը:

Միքայել Աջապահյանը տարեսկզբին և մի քանի օր առաջ վիրահատվել էր «Իզմիրլյան» բուժկենտրոնում, որտեղից այսօր դուրս գրվեց:

Մինչ արքեպիսկոպոսը Երևանից Գյումրի կհասներ, Շիրակի առաջնորդարանի մոտ սկսեցին հավաքվել թեմի հավատացյալները: Ոմանք հատուկ վերնահագուստ էին կրում սրբազանի նկարով ու դատարանում հնչեցրած նրա խոսքով՝ «Ազատ եղեք, ինչպես ես եմ ազատ», շարականներ էին երգում, պարբերաբար Յոթ Վերք եկեղեցու զանգերն էին ղողանջում:

Թեմն արդեն 25 տարի ղեկավարող Աջապահյանի վերադարձի համար հավաքվածներն ուրախ էին, բայց նաև տխուր, որ ոչ թե կալանքից ազատ է արձակվել, այլ պատիժը կրելու է կեցավայրում՝ պատարագին մասնակցելու արգելքով:

Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաները ևս դիմավորողների շարքերում էին, այդ թվում՝ կալանավորված քաղաքապետին փոխարինող փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը:

«Միանշանակ այն ուրախությունը, որ կա, չենք զգում, որովհետև կալանքը փոխարինվում է տնային կալանքի, դա նորից պատժի մի ձև է: Ես կուզեի, որ սրբազանը միանշանակ արդարացված գար Գյումրի», - ասաց նա:

Հոկտեմբերին Շիրակի թեմի առաջնորդը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման՝ ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին հարցազրույցի համար, որը դատարանը իշխանության զավթման կոչ համարեց: Իշխանության թիրախում հայտնված կաթողիկոսի կողքին մնացած հոգևորականն այժմ վերաքննիչ ատյանում արդարացում է պահանջում, մեղադրող կողմը հակառակը՝ ցանկանում է, որ նրա պատժաչափը ևս կես տարով ավելացվի: Աջապահյանի բանտային կալանքը տնայինի փոխարինած դատարանը միաժամանակ սահմանափակել է Շիրակի թեմի առաջնորդի հետ շփվողների ցանկը:

Թեև աշխատասենյակին ու կեցավայրին ընդամենը մեկ հարկ է բաժանում, բայց երրորդ հարկից սրբազանը իջնել չի կարող, տեղեկացրեց փաստաբան Մարինե Ֆարմայանը. «Հարկերով չի կարող տեղաշարժվել, սարքը տեղադրված է իր բնակության վայրի տարածքի շառավղով: Այդ ամբողջ տարածքում կարող է տեղաշարժվել, ապրել, բայց հարկերով չի կարող»:

Առաջնորդանիստ Յոթ Վերք եկեղեցին թեև անմիջապես կեցավայրին է նայում, բայց ընդամենը մի քանի քայլ այն կողմ գտնվող եկեղեցում պատարագի մասնակցել չի կարող թեմի առաջնորդը:

«Փետրվարի 6-ի դատական նիստում մենք այդ բովանդակությամբ միջնորդություն ներկայացրինք, և դատարանն անհրաժեշտություն գտավ ուսումնասիրելու ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական պրակտիկան», - ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ այս պահին սրբազանի տնային կալանքի համար հստակ ժամկետ սահմանված չէ: