Մատչելիության հղումներ

Ստրասբուրգի ճանապարհին. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանները դիմում են Եվրոպական դատարան


Ազատության, արդար դատաքննության, խոսքի ազատության իրավունքների խախտումներ և խտրականություն. Շիրակի թեմի բանտարկված առաջնորդի փաստաբանները եվրոպական կոնվենցիայի այս հոդվածների խախտումներն են մատնանշում՝ հայտարարելով, որ Եվրոպական դատարան բողոք են ուղարկելու:

«Այդ փաթեթի մեջ ներառվելու է ազատ խոսքի իրավունքի խախտումը, մարդու ազատության իրավունքի խախտումը, բնականաբար, խտրականության հետ կապված իրավունքների խախտումները, արդար դատաքննության իրավունքի խախտումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:

Իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ճաղերի հետևում է կես տարուց ավելի: Իրավապահները հանցագործություն են որակել հարցազրույցներում արտահայտած նրա մտքերը, ինչից հետո առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց ու երկու տարվա ազատազրկման դատապարտեց: Այս դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ:

«Դրանից հետո էլ եմ ասել՝ պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք, չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար», - ասել է Աջապահյանը:

Դատարաններն այս ամիսների ընթացքում բավարարել են Քննչականի ու դատախազության պահանջը՝ բարձրաստիճան հոգևորականին պահելով կալանքի տակ: Այս որոշումները փաստաբաններն անհիմն, քաղաքական են որակում: Հենց այս հարցն են բարձրացնելու հազարավոր կիլոմետր հեռու Ստրասբուրգում տեղակայված միջազգային դատարանում, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Առաջին անտյանի դատարանը կալանքի հետ կապված որոշումներ էր կայացրել, Մասիս Մելքոնյանի կողմից կայացված առաջին որոշման մասով բողոքարկել ենք վերաքննիչ, այնուհետև վճռաբեկ դատարաններ, սպառել ենք ներպետական միջոցները և հիմա նախապատրաստվում ենք հենց այդ առաջին գործով գնալ Եվրոպական դատարան: Ունենք նաև երկու կալանքի երկարացման որոշումներ արդեն Արմինե Մելիքսեթյանի կողմից կայացված, դրանք նույնպես ներպետական ատյանները սպառված են», - ասաց փաստաբանը:

Դատարանները Շիրակի թեմի առաջնորդին պահում են կալանքի տակ, քանի որ կասկածներ ունեն, որ հոգևորականն ազատության մեջ կարող է նոր հանցանք կատարել:

«Իրենք հիմք են ընդունել Միքայել Սրբազանի այն խոսքը, որ ասում էր՝ այո, էլի կասեմ: Այսինքն՝ իրենք այդ խոսքը վերցրել են ու ասում են՝ կարող է նորից նման հանցանք կատարել», - նշեց Արա Զոհրաբյանը:

Ամիսներ շարունակ Կաթողիկոսի ու եկեղեցու վերնախավի դեմ պայքարի ելած վարչապետ Փաշինյանի քննադատներից Միքայել Աջապահյանին մեղսագրվող արարքը միջին ծանրության հանցագործություն է՝ ընդգծում է փաստաբանը:

Գլխավոր դատախազության կոլեգիան դեռ 2018-ին մի որոշում է ընդունել, որով նման դեպքերում կալանավորման միջնորդություն դատարան ներկայացվում է միայն այն ժամանակ, երբ ունեն բավարար հիմքեր, որ մեղադրյալն, օրինակ, կարող է ազդել վկաների վրա կամ էլ նոր հանցանք գործել: Միքայել Սրբազանի դեպքում հիմքեր չկան, պնդում է փաստաբանը:

«Օրինակ՝ ազդել է վկայի վրա, փախուստի փորձ է կատարել, իհարկե, չկա: Սրբազանի դեպքում իրենք ասում են՝ կարող է անել, այսինքն, նույնիսկ դատախազությունը, որ բնականաբար հենց իրենք այս մասով նույն դատարանում էլ խափանման միջոցի հետ կապված կալանքի մասով միջնորդություններ են ներկայարցել, հենց իրենք հակադրվել են իրենց իսկ ընդունած կոլեգիայի որոշման դեմ: Սա նաև իր հերթին գալիս է ապացուցելու, որ գործ ունենք խտրական վերաբերմունքի հետ, գալիս է ապացուցելու, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ», - ասաց Արա Զոհրաբյանը:

Սրբազանին արգելված է բացի փաստաբաններից հաղորդակցվել այլ անձանց հետ: Նա դեկտեմբերի կեսերից «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, որտեղ վիրահատվել է, այժմ հետվիրահատական փուլում է:

«Ինքը ուզում էր շուտ դուրս գրվել հիվանդանոցից, այնպես չէ, որ հիվանդանոցային պայմանները լավ են: Մշտապես իր հիվանդասենյակում նաև մարդ կա, այսինքն, իր կալանավայրում գոնե առանձին մասնավոր տարածքն ուներ, իսկ այստեղ այդ տարածքը չունի», - ներկայացրեց փաստաբանը:

Հիվանդանոցից շնորհավորելով Սուրբ Ծնունդը՝ Միքայել արքեպիսկոպոսն իր նամակում անդրադառնում է վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցին բարենորոգելու հայտարարություններին ու գործողություններին, կառավարությունում նրա ու կաթողիկոսի հեռացման պահանջին միացած եպիսկոպոսների ստորագրած թղթին:

«Բարեվարքության մասին խոսողները՝ ապաշխարության և պահեցողության մեջ լինելու փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ դրանով իրենց ողորմելիության դատավճիռը ստորագրած լինելով: Հիրավի, հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին: Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո: Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները», - գրել է Միքայել Աջապահյանը:

Միքայել արքեպիսկոպոսից բացի, մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս երեք բարձրաստիճան հոգևորականներ: Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է ահաբեկչության փորձի մեղադրանքով:

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածներով: Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն էլ մեղադրվում է թմրամիջոցների իրացման համար: Նրանցից ոչ մեկը մեղադրանքը չի ընդունում:




XS
SM
MD
LG