Սամվել Կարապետյանին տնային կալանքի տեղափոխելու որոշումը դատախազությունը բողոքարկել է

Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ ու քովիդ է ախտորոշվել, ինչի մասին միլիարդատեր գործարարի փաստաբանական թիմի պնդմամբ՝ քրեակատորողական հիմնարկում լռել են։ Փաստաբաններից Լիանա Գասպարյանը պնդեց, որ թեև կալանքը՝ բանտից տնայինով փոխելիս առողջական վիճակն են հաշվի առել, սակայն այդ ժամանակ դեռ հայտնի չէր, թե ինչու էր 60-ամյա Կարապետյանի առողջությունը բանտային պայմաններում օր օրի վատթարանում:

«Դա ունեցել է երկու ամսվա վաղեմություն: Այսինքն՝ գտնվելով քրեակատարողական հիմնարկում, երկկողմանի թոքաբորբով անձ է լինում՝ Սամվել Կարապետյանը, և դա չի ախտորոշվում, չի արձանագրվում», - ասաց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

Փաստաբաններ Արամ Վարդևանյանին ու Արմեն Ֆարոյանին հատկապես վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկում առողջության վատթարցաման մասին պատճառները պարզելու փոխարեն՝ դատախազությունը շտապել է բողոք ներկայացնել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ։

«Ոչ մի ձև չջեռուցեցին Սամվել Կարապետյանի խուցը, այն աստիճանի հասավ, որ վերջինս ունեցավ առողջական խնդիրներ, մշտապես ուներ մրսածություն ու ոչ ոք չէր կարողանում հասկանար՝ ինչից էր, հասանք նրան, որ իր մոտ ախտորոշվեց երկկողմանի թոքաբորբ»,- նշում է փաստաբան Արմեն Ֆարոյանը:

Արամ Վարդևանյանն իր հերթին ասաց. - «Դատախազը հունվարի 5-ին՝ առաջին աշխատանքային օրով, ոչ թե միջոց է ձեռնարկում պարզելու՝ Սամվել Կարապետյանի առողջական վիճակն ինչպես է, այլ մեկ գործողություն ունի անելու. բողոք ներկայացնելու: Հիմքն էլ կարճ ասած նրանում է՝ ինչի համար կալանք չլինի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 4 միլիարդ դրամ. երբևէ կիրառված ամենաբարձր գրավը Սամվել Կարապետյանին բանտից տուն ուղարկելու համար

Ավելի քան կես տարվա բանտարկությունից հետո գործարար Սամվել Կարապետյանը տարեվերջին բանտից տուն տեղափոխվեց։ Տնային կալանքի հետ դատավորն ամենաբարձր գրավը սահմանեց՝ 4 միլիարդ դրամ: Փաստաբանները շարունակում են պնդել՝ սա քաղաքական հալածանք է. «Շատ լուրջ քաղաքական հետապնդում է իրականացվում և ամեն գնով փորձում են Սամվել Կարապետյանին պահել կալանքի տակ, թեև տնային կալանքի պայմաններն էլ ավելի խիստ են, քան բանտային պայմանները, ուղղակի տանը բավարար ջեռուցում կարողանում ենք ապահովել», - նշում է փաստաբան Արմեն Ֆարոյանը:

Ավելի խիստ պայմանների մասին խոսելիս Ֆարոյանը նկատի ուներ այն, որ Կարապետյանը հիմա տնից չի կարող զանգել տղային, աղջկան, բանտում կարող էր որոշակի հրապարակային ելույթներով հանդես գալ, տնային կալանքի պայմաններում դա ևս սահմանափակված է.

«Արգելեցին, որ Սամվել Կարապետյանն իր հոր առաջին մեռելոցին մասնակցելու հնարավորություն ունենար: Արդարադատության և արդարության համար, որոնք իրար փոխլրացնող են, առաջին երաշխիքը մարդասիրությունն է»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Կարապետյանը դատարանում պնդել է՝ մեղավոր չէ, խոչընդոտելու միտում չունի. փաստաբան

Կարապետյանը մեղադրվում է իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար։ Ի դեպ, այս երկու հոդվածները մի գործով են քննվելու, ինչը փաստաբանների պնդմամբ աբսուրդ է։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով.- «Դա նշանակում է, որ նման մեղադրանքներով զբաղվող ստորաբաժանումը հեռանկար չի տեսել մեղադրանքում, հրաժարվել է, բայց մեկ այլ ստորաբաժանում պատրաստակամություն է հայտնել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելուց ժամեր անց, ԱԱԾ-ականները շրջապատեցին Սամվել Կարապետյանի առանձնատունը

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստանը պռախադնոյ դվոր չի». Փաշինյանի համոզմամբ՝ Սամվել Կարապետյանը չի կարող քաղաքականությամբ զբաղվել

Վարչապետը ձերբակալությանը զուգահեռ սպառնում էր ընդմիշտ լռեցնել, պետության համը նրա բերանում թողնել: Սրան զուգահեռ կառավարությունը Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը պետականացնելու գործընթաց սկսեց, ապա ընկերությանը զրկեց լիցենզիայից։