«Տաշիր գրուպի» սեփականատեր, 60-ամյա գործարար Սամվել Կարապետյանը «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեց տուն:
Այսօր ավելի վաղ հաղորդվեց, որ դատարանը մասնակի բավարարել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով խափանման միջոց տնային կալանք և գրավ: Գլխավոր դատախազությունն այս որոշումը կբողոքարկի:
Գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տնային կալանքին, ասաց. «Հաղորդակցման սահմանափակումները ինտենսիվ կերպով կիրառված են, կրկին՝ բացառապես մերձավոր ազգականներին է վերաբերելու»: Վարդևանյանը նշեց՝ որոշումն ամբողջությամբ դեռ չեն ստացել, դրան ծանոթանալուց հետո՝ լրացուցիչ դիրքորոշում կհայտնեն:
Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար մեղադրվող ռուսաստանահայ Կարապետյանը կալանավորված է 2025 թվականի հունիսի 18-ից: Նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքը երկարաձգվել էր ևս երկու ամսով:
Վարդևանյանը նշել է, որ օրերս հերթական միջնորդությունն էին ներկայացրել դատարան:
«Տաշիր» ընկերությունների խմբի 60-ամյա ղեկավարն իրավապահների թիրախում է հայտնվել Հայ Առաքելական եկեղեցուն իշխանության արշավից պաշտպանելուց հետո:
Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացավ՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը: Կարապետյանը հերքում է ինչպես տնտեսական, այնպես էլ իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, խոսելով միլիարդատեր գործարարի մասին, ասել էր՝ պետության համը մնալու է նրա բերանում:
Կարապետյանի փաստաբանական խումբը պնդում է՝ գործը հարուցվել է Փաշինյանի հրահանգով: Նրան ձերբակալելուց ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում հրապարակավ սպառնացել էր ընդմիշտ պասիվացնել հոգևորականների գործարարին:
Քննչականի պետը հերքել է, որ Սամվել Կարապետյանի գործը հարուցել են վարչապետի հրահանգով: