Մատչելիության հղումներ

Խուզարկել են լեզվաբանի տունը, որ Սամվել Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն է տվել


Իրավապահների թիրախում են հայտնվել լեզվաբանները, որ փորձագիտական եզրակացություն են տվել գործարար Սամվել Կարապետյանի գործով: Ըստ պաշտպանական խմբի՝ նրանց Քննչական կոմիտե են կանչել, իսկ երեկ էլ խուզարկել են լեզվաբան Վանո Եղիազարյանի տունը:

«Դա հենց ճնշման մեթոդ է, որ այն մարդիկ, ովքեր հօգուտ այս գործի կգան, կխոսեն, թող համոզված լինեն, որ իրենց բնակարանները խուզարկվելու են», - ասաց փաստաբաններից Արմեն Ֆերոյանը:

Փաստաբաններից Ռուբեն Հակոբյանն է ամիսներ առաջ դիմել մասնագետներին, որ փորձագիտական եզրակացություն տան՝ արդյոք եկեղեցու պաշտպանության մասին Սամվել Կարապետյանի խոսքերում իշխանությունը զավթելու կոչ կա: Մասնագետները եզրակացրել են, որ չկա:

«Փորձագետի տունը խուզարկելը ևս մի հավելյալ ապացույցի տեսակ է, որ այդ մարդիկ շահագրգռված են միմիայն շինծու և մեղադրական բնույթի ապացույցներ հավաքել», - նշեց Արշակ Վարդանյանը:

Պաշտպանական խումբը եզրակացությունները հինգ ամիս առաջ ներկայացրել է քննող, մեղադրող կողմերին ու դատարանին, բայց որևէ ազդեցություն չեն ունեցել: Պաշտպաններից նախկին դատավոր Արշակ Վարդանյանը զարմացած է, որ դատարանը փորձագետի բնակարանը խուզարկելու որոշում է տվել. «5-րդ ամսվա ընթացքում բնակարանի խուզարկություն, ու վարկածը հետևյալն է, որ փաստաբանական հարցմամբ ձեզ դիմած Ռուբեն Հակոբյանին մյուս երկու փորձագետների տվյալները դուք եք տվելի, հարգելի փորձագետ, բացի այդ, կանխորոշել ենք մյուս հայտնի լեզվաբանների տված փորձագիտական կարծիքները»:

Ինչո՞ւ են քննիչները փորձագետներին հասել, ի՞նչ են փնտրել լեզվաբանի տանը, Քննչական կոմիտեից հրաժարվեցին մանրամասնել, միայն նշեցին, որ քրեական վարույթի շրջանակում անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարել: Լեզվաբանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց, նրա հեռախոսը, ըստ փաստաբանների, Քննչականում է:

Մինչև խուզարկությունը նրանց հարցաքննել են, նրանք էլ պատմել են, որ փաստաբան Ռուբեն Հակոբյանն է իրենց դիմել, ինչպես ուրիշ այլ գործերով են դիմում փորձագետներին, բայց քննիչները չեն բավարարվել ու անցել են գործողությունների: Սա ազդակ է բոլոր նրանց, որ կհամարձակվեն մի բան անել ու ասել, որ Սամվել Կարապետյանի դեմ չէ, պնդում են պաշտպանները: Ըստ նրանց՝ սա հաստատում է նաև քննչական խմբի խոստովանությունը, որ նրանք հակված են քննել միայն նրանց, որ Կարապետյանի դեմ ցուցմունք կտան:

«Մերժվում են բոլոր միջնորդությունները, պատասխանը հետևյալն է՝ «ես եմ քննիչը, ես եմ որոշում, թե տվյալ անձին երբ քննեմ», իսկ դատական նիստերի ընթացքում քննիչի դիրքորոշումը տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, որ ասում է՝ «դե որ այս մարդուն հարցաքննեմ, հիմնավոր կասկածը հերքող փաստական տվյալներ են հայտնվելու»», - ասաց Արշակ Վարդանյանը:

«Տաշիր գրուպի» սեփականատերը Ազգային անվտանգության ծառայության նկուղում է Հայ Առաքելական եկեղեցին վարչապետ Փաշինյանի արշավից պաշտպանելուց հետո: Նրա մեկնաբանությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնաց ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին: Այս խոսքերից ժամեր անց ոստիկանները Կարապետյանի տունը շղթայեցին, նրան կալանավորեցին: Հետո էլ ավելացրին փողերի լվացման մեղադրանքը:

«Առկա է քաղաքական հետապնդում, քաղաքական վրեժխնդրություն, առկա է փաստացի ՀՀ-ում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող Սամվել Կարապետյան», - հավելեց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում է խիստ ռեժիմով, տեսակցությունները սահմանափակված են: Անգամ կալանքը գրավով տնային կալանքի փոխելու միջնորդությունն է դատարանը մերժել: Պաշտպանները պնդում են՝ գործարարը ազատությունից զրկվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով:

Քննչական կոմիտեի ղեկավարը շաբաթներ առաջ հերքել էր, թե վարչապետի ցուցումով է գործել: Բարերարներին պասիվացնելու մասին Փաշինյանի հրապարակային սպառնալիքն էլ Արթուր Պողոսյանն ուղղորդում չէր համարել:

«Ֆորբսի» ցանկով միլիարդատերը, որ մինչև կալանավորվելը հրապարակային չէր խոսել իր քաղաքական հավակնությունների մասին, բանտից հայտարարեց քաղաքականություն մտնելու ու Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իր նպատակների մասին: Նա հիմնել է «Մեր ձևով» շարժումը, հունվարից կուսակցություն կստեղծեն ու կմասնակցեն 2026-ի համապետական ընտրություններին: Կարապետյանի եղբորորդին չէր բացառել, որ իշխանությունը կալանքը երկարաձգում է գործարարին ընտրությունների փուլում մեկուսացնելու նպատակով:

XS
SM
MD
LG