Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով և գրավով. փաստաբան

Լրացված

Դատարանը մասնակի բավարարել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով խափանման միջոց տնային կալանք և գրավ, «Ազատությանը» հայտնել է պաշտպաններից Արամ Վարդևանյանը: Գրավի չափն առայժմ հայտնի չէ:

Լուրը հաստատել են նաև Գլխավոր դատախազությունից: Հաղորդվում է, որ դատախազությունը կբողոքարկի այս որոշումը:

Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար մեղադրվող ռուսաստանահայ Կարապետյանը կալանավորված է 2025 թվականի հունիսի 18-ից: Նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքը երկարաձգվել էր ևս երկու ամսով:

Վարդևանյանը նշել է, որ օրերս հերթական միջնորդությունն էին ներկայացրել դատարան:

«Տաշիր» ընկերությունների խմբի 60-ամյա ղեկավարն իրավապահների թիրախում է հայտնվել Հայ Առաքելական եկեղեցուն իշխանության արշավից պաշտպանելուց հետո:

Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացավ՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը: Կարապետյանը հերքում է ինչպես տնտեսական, այնպես էլ իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, խոսելով միլիարդատեր գործարարի մասին, ասել էր՝ պետության համը մնալու է նրա բերանում:

Կարապետյանի փաստաբանական խումբը պնդում է՝ գործը հարուցվել է Փաշինյանի հրահանգով: Նրան ձերբակալելուց ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում հրապարակավ սպառնացել էր ընդմիշտ պասիվացնել հոգևորականների գործարարին:

Քննչականի պետը հերքել է, որ Սամվել Կարապետյանի գործը հարուցել են վարչապետի հրահանգով:


XS
SM
MD
LG