Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի ողջ տարածքին։ Վերջին 48 ժամերին, սակայն, այդ հարվածների հիմնական թիրախը մայրաքաղաք Կիևն էր: Նախօրեին ռուսական ուժերը շարունակում էին հարվածել բջջային կապի օպերատորների տեխնիկական և Կիևի տարածքում գործող տվյալների մշակման կենտրոններին։ Ուկրաինացի փորձագետ Անատոլի Ֆրոլենկովի խոսքով՝ ռուսական այս հարվածները բավականին հետևողական բնույթ ունեն, և դրանց նպատակը ձմռան շեմին Ուկրաինան ոչ միայն առանց վառելիքի, այլև առանց կապի թողնելն է։
«Արդեն երրորդ շաբաթն է ինչ ռուսական կողմը համակարգված կերպով ոչնչացնում է կապի և տվյալների մշակման կենտրոնները։ Այժմ ռուսները լրջորեն սկսել են զբաղվել Կիևով։ Դա պատահական չէ։ Հենց այստեղ է կենտրոնացած տվյալների մշակման կենտրոնների զգալի մասը։ Կիևից հետո նրանք, ըստ ամենայնի, կանցնեն երկրի արևմտյան շրջաններին», - նշում էր ուկրաինացի փորձագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ-ն ու Ուկրաինան հարվածներ են փոխանակել, Կիևում 2 զոհ կա, Ռոստովում նավթի բազա է վնասվելՎերջին տեղեկություններից դատելով, այդուհանդերձ, ուկրաինական կողմի՝ կապի հետ կապված խնդիրները միայն երկրի տարածքով չեն սահմանափակվում։ Լեհական ոստիկանությունն այսօր հաղորդեց արբանյակային ինտերնետի Starlink ծառայության կենտրոններից մեկում բռնկված հրդեհի մասին։ Լեհական աղբյուրների փոխանցմամբ՝ Վարշավայից հարավ գտնվող այս կենտրոնը կապ էր ապահովում ռազմաճակատում գտնվող ուկրաինական ստորաբաժանումների համար։ Լեհաստանի ոստիկանությունը չի բացառում, որ Starlink-ի բազային կենտրոնում բռնկված հրդեհը «սաբոտաժի հետևանք է»։
Ընդհանուր առմամբ, անցած գիշեր ուկրաինական տարբեր քաղաքներին հասցված ռուսական հարվածների հետևանքով ութ խաղաղ բնակիչ է զոհվել՝ երկուսը՝ Կիևում, վեցը՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովի մերձակայքում։
Ռուսական հարվածների հերթական ալիքը մեկնարկեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթի հետ։
«Ուկրաինացիները հասկանում են, որ այս ձմեռը կարող է շատ ծանր լինել մեզ համար։ Դա է պատճառը, որ մենք այլ տարբերակ չունենք, քան գալիք ձմեռը ցավոտ դարձնել նաև ռուսների համար։ Դա է նաև պատճառը, որ մենք շարունակ կրկնում ենք՝ լարվածության նվազեցման քայլերը պետք է ձեռնարկվեն մինչև ձմռան մեկնարկը», - հայտարարում էր Զելենսկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Զելենսկին «ցավոտ» ձմեռ է խոստացել ՌուսաստանինԼարվածության նվազեցմանը կարող է նպաստել ամերիկյան կողմի վերջին նախաձեռնությունը։ Խոսքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հրավերն է՝ դեկտեմբերին ժամանել Միացյալ Նահանգներ՝ աշխարհի 20 ամենազարգացած արդյունաբերական պետությունների՝ Մայամիում կայանալիք հերթական հավաքին մասնակցելու նպատակով։ Այս մասին նախօրեին Նյու Յորքում հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք նախագահ Պուտինին հրավիրել ենք Մեծ քսանյակի հավաքին։ Դա նրա համար ոչ միայն Միացյալ Նահանգների նախագահի, այլև մյուս համաշխարհային առաջնորդների հետ շփվելու հնարավորություն կստեղծի», - հայտարարում էր Ռուբիոն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուբիո. «Պուտինին հրավիրեցինք Մեծ քսանյակի գագաթնաժողովին»Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները, սակայն, արդեն սկսել են քննադատել Թրամփի վարչակազմի այս նախաձեռնությունը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն, օրինակ, այսօր Վարշավայում հայտարարեց, որ Պուտինին ուղղված հրավերը Մոսկվայում կարող են որպես Ռուսաստանի ագրեսիվ պահվածքի խրախուսում ընկալել։
Կրեմլում առայժմ ամերիկացիների՝ Մայամի մեկնելու առաջարկին պատասխանել չեն շտապում։
«Այս մասին խոսելը դեռ վաղաժամ է, որոշում դեռ չկա։ Մենք երախտապարտ ենք այս սիրալիր հրավերի համար։ Մենք բարձր ենք գնահատում այն։ Մենք կաշխատենք այդ ուղղությամբ, կհամաձայնեցնենք այն և նոր համապատասխան որոշում կընդունվի», - այսօր, պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին, նշում էր Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։