Մատչելիության հղումներ

ՌԴ-ն ու Ուկրաինան հարվածներ են փոխանակել, Կիևում 2 զոհ կա, Ռոստովում նավթի բազա է վնասվել

Լրացված
Կիևը ռուսական հարձակման տակ, արխիվ
Կիևը ռուսական հարձակման տակ, արխիվ

Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հերթական զանգվածային հարվածն են հասցրել Կիևին և Օդեսայի մարզին, տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը։

Կիևում երկու մարդ զոհվել է, առնվազն ութը՝ վիրավորվել։ Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝

• Սոլոմենսկի շրջանում մասամբ ոչնչացվել են պահեստներ։

• Պոդոլսկի շրջանի ծննդատան մոտ այրվել է չորս մեքենա և մեկ ոչ բնակելի շենք։

• Դնեպրովսկի շրջանում վնասվել է երեքհարկանի վարչական շենք և երկու մասնավոր տուն, իսկ մեկ այլ տուն ամբողջությամբ ոչնչացվել է։

• Դարնիցկի շրջանում ոչնչացվել է երեք մեքենա և վնասվել է ավելի քան 10 այլ մեքենա։

Օդեսայի մարզում մասնավոր տան վրա հարվածի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, իսկ առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել (ռուս զինվորականները նախկինում հարվածել էին այս առևտրի կենտրոնին), հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Օդեսայում վնասվել է 10 հարկանի ոչ բնակելի շենք, յոթ հարկանի քաղաքային հիվանդանոցի տանիքը և երեք մեքենա, իսկ լիցեյի և չորս տան պատուհանները կոտրվել են։ Բիլգորոդ-Դնեստրովսկի շրջանում կոտրվել են երեք մասնավոր տների պատուհանները։

Օդեսա մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ ռուսական զորքերը հարձակվել են նաև սննդամթերքի պահեստների վրա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքերի համար բաղադրիչներ արտադրող արդյունաբերական գործարանին, անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտին (PEGAS ARMS), «Element UA» ձեռնարկությունին, տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնին, ինչպես նաև Kyivstar և Parkovy հեռահաղորդակցական կենտրոններին:

Օդեսայի մարզում հարվածներ են հասցվել երկու լոգիստիկ կենտրոնների և Չեռնոմորսկի նավահանգիստ ուղևորվող մեկ տանկերի:

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռոստովի մարզի Կագալնիցկիի շրջանին, որտեղ վնասվել են նավթաբազայի վարչական շինությունները, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։

Նահանգապետի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են նավթաբազայի շենքերի վրա: Ոչ ոք չի տուժել, և տեղում հրդեհ չի եղել:

Ռուսական կողմը անօդաչու թռչող սարքեր է խոցել նաև Տագանրոգի և Նեկլինովսկի շրջաններում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս շրջաններում խոցվել է 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Ռոստովի մարզը պարբերաբար է ենթարկվում անօդաչու թռչող սարքերի հարձակումների: Անցյալ շաբաթ Ուկրաինան զանգվածային հարձակում սկսեց տարածաշրջանի վրա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ սեպտեմբերի 17-ի գիշերը Դոնի Ռոստովի կենտրոնական ռազմական օդանավակայանում խոցվել են մեկ Ան-12 ինքնաթիռ, երկու Ան-26 ինքնաթիռ և երեք ուղղաթիռ:


XS
SM
MD
LG