Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի՝ ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, Քոչարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը շարունակվել էր քննվել առանց նրա, լրագրողների հետ զրույցում ասել էր Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Բժիշկների ցուցումով որոշվեց, որ հայրս պետք է հիվանդանոց գնա, բայց փաստաբանները մնալու են և նիստը շարունակվելու է: Բժիշկները ճիշտ համարեցին, որ ինքը հիվանդանոցում լինի, դահլիճում չգտնվի»,- ասել էր Լևոն Քոչարյանը:

Այժմ Քոչարյանը գտնվում է հիվանդանոցում: Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։ Երկրորդ նախագահը երեկ դատարան էր տարվել հիվանդանոցից: Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, տեղեկացրել էր, որ մոտ երկու շաբաթ առաջ երկրորդ նախագահը վիրահատվել էր, սրտի ստենտավորում է իրականացվել:

Ռոբերտ Քոչարյանը 2018-ից մինչև օրս արդեն երեք անգամ կալանավորվել է՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Այս անգամ երկրորդ նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործով անցնում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ, սակայն, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: