Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի վրա դնել պատասխանատվությունը Գյումրիի ռազմակայանի հնարավոր դուրսբերման համար, РИА "Новости"-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
Այդ փորձերը, ռուս դիվանագետի խոսքով, «տեղավորվում են հայկական ներկայիս քաղաքական մտքի հետաքրքիր առանձնահատկության մեջ»: «Իշխող էլիտան Երևանում հաճախ սպասում է, որ կարևորագույն որոշումներն ընդունվեն արտաքին խաղացողների կողմից», - պնդել է Կալուգինը:
Միաժամանակ, ըստ ռուսաստանցի պաշտոնյայի, Մոսկվան պատրաստ է քննարկել Գյումրիում տեղակայված ռազմաբազայի վերաբերյալ բոլոր հարցերը: Երկխոսությունը կառուցվելու է ռուսական զորախմբի ներկայությունը կարգավորող համաձայնությունների վրա, ընդգծել է Կալուգինը:
Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ հայտարարելով. - «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»:
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ռազմաբազայի հարցը Պուտինի հետ չի քննարկվել, բայց եթե «Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի»: «Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել», - հավելեց վարչապետը՝ միաժամանակ շեշտելով, թե Հայաստանի համար Գյումրիի ռազմաբազան կենսական նշանակություն չունի: