Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ինչ են ասում Փաշինյանն ու Քոչարյանը

«Մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն». Փաշինյան

Խորհրդարանական ընտրություններից հետո պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. վարչապետն ու ընդդիմադիրները պաշտոնական քարոզարշավից մոտ մեկ ամիս առաջ այս հարցի շուրջ բանավեճն է՛լ ավելի են սրում:

Նիկոլ Փաշինյանն այսօր մի տեսանյութ հրապարակեց, որտեղ հակադարձեց իր ընդդիմախոսների այն պնդումներին, որ պատերազմներ եղել են հենց իր իշխանության օրոք, իսկ դրան նախորդած շրջանը խաղաղության տարիներ էին:

«Իհարկե, այս պնդումը ցինիկ սուտ է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ ընդհանրապես անկախությունից ի վեր և 1994 թվականի հրադադարից հետո էլ մենք ամեն տարի ունեցել ենք զոհեր և վիրավորներ Ադրբեջանի հետ փոխհրաձգության արդյունքում», - ասաց նա։

Փաշինյանը, որ պատերազմի կուսակցություն է անվանում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարարներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ուժերին, այսօր ասաց, թե խաղաղության մասին նրանց պատկերացումն այն է, որ մշտապես զոհեր լինեն, իսկ «Քաղաքացիական պայմանագրինը» ճիշտ հակառակն է՝ խաղաղություն նշանակում է՝ զոհերի, վիրավորների բացակայություն:

«Իմ ասածն այն է, որ մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն, այլ ունեցել ենք պատերազմի հետաձգում», - նշեց վարչապետը։

Վարչապետն այսօր ընդգծեց՝ անկախությունից հետո 2025-ն առաջին օրացույցային տարին է, երբ սահմանին Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով զոհեր չեն եղել: Իսկ նախկինում, ասաց, խաղաղություն չէր, ընդամենը պատերազմն էր հետաձգվում: Եվ նույնիսկ դրա համար, Փաշինյանի կարծիքով, Հայաստանը կոնկրետ գին է վճարել. «Պատերազմի հետաձգման համար մենք վճարել ենք Հայաստանի անկախությունով, ինքնիշխանությունով, պետականությունով, քաղաքացիների բարեկեցությամբ և տնտեսական զարգացմամբ»:

«21 թվականին եթե ՔՊ-ն մեծամասնություն չունենար խորհրդարանում, Ղարաբաղը մենք չէինք կորցնի». Քոչարյան


«Պարադոքսալն այստեղ նա է, որ ինքը փորձում է այդ պատերազմի վտանգը կապել մի մարդու հետ, որի նախագահության ժամանակ ամենից խաղաղ տարիներն էին։ Ես այդ միտքը կրկնեմ, գոնե մեկ միջին ծավալի միջադեպ չենք ունեցել սահմանների վրա։ Ամենաքիչ զոհերը, միջադեպ չի եղել, փորձ նույնիսկ չի եղել որևէ բան, որևէ տեղ անել», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշել է՝ եթե 2021 թվականի ընտրություններին հաղթեր «Հայաստան» դաշինքը, չէր ստորագրի Պրահայի քառակողմ հայտարարությունը, պատերազմ չէր լինի, և Լեռնային Ղարաբաղը չէր դատարկվի: Քոչարյանի կարծիքով՝ հնարավոր էր խուսափել նաև 2020-ի պատերազմից, իսկ լինելու դեպքում հայկական կողմը չպետք է պարտվեր: Բայց 2008-ին որևէ պետական պաշտոն չբաղեցրած Քոչարյանը ինչ տեղեկությունների հիման վրա էր նման պնդում անում՝ չբացահայտեց:

«Տարբերությունն այդպիսինը չէր, որը պետք է բերեր նման կարգի պարտության։ 21 թվականին եթե ՔՊ-ն մեծամասնություն չունենար խորհրդարանում, Ղարաբաղը մենք չէինք կորցնի։ Սա ես շատ մեծ վստահությամբ եմ ասում և համոզված եմ, որ այդպես է», - պնդել է նա։

Վարչապետն անցած շաբաթ խորհրդարանում խոստովանեց՝ գիտակցված զոհողության են գնացել 2020-ին, որ «ձեռք բերեն պետություն և անկախություն»: Եվ եղածը պահպանելու համար է, որ այժմ ընտրողներին Փաշինյանը զգուշացնում է՝ ընդդիմության հաղթանակի դեպքում աղետաբեր պատերազմ կլինի: Քոչարյանի կարծիքով՝ եթե նախկինում հայ ժողովրդին Իլհամ Ալիևն էր սպառնում, հիմա դա անում է Փաշինյանը. «Ինքը խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի։ Սա էլ մի հետաքրքիր մանիպուլյացիա է։ Կա մի թուղթ, որը իրավական ուժ չունի, և այդ թղթի մասին իրենք այնքան խոսացել են, որ ինքը դարձել է թուղթ իրավական ուժ իբրև ունեցող, բայց չունի։ Եվ այդ չեղած թղթի վերաբերյալ արդեն կառուցվում են պրոգնոզները»:

Կառավարության ղեկավարն այսօրվա տեսանյութում չէր հերքում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բայց Հայաստանի և Ադրբեջանի մինջև հաստատված խաղաղությունը, ըստ Փաշինյանի, նաև ամրագրված է դե յուրե: Խոսքը Երևանի և Բաքվի համաձայնեցրած և վավերացրած սահմանազատման հանձնաժողողվների գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի մասին է, որով կողմերը պայմանավորվել են սահմանազատմումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

«Սա է խաղաղության հիմքը, և սա ունի երկու երկրներում բարձրագույն իրավաբանական ուժ։ Եվ ահա այս տրամաբանությունից շեղվելը, ինչ ուղղությամբ տանում են պատերազմի Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ սրանից բխող բոլոր հետևանքներով», - նշեց Փաշինյանը։

«Մեծ վտանգը ինքն է, ինքը որ մնա, հաստատ պատերազմ է լինելու», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Ոչ «Հայաստան» խմբակցությունից, ոչ էլ մյուս ընդդիմադիր ուժերից չեն հայտարարել, որ իշխանության գալու դեպքում չեղարկելու են այս փաստաթուղթը: