Հայաստանի Անկախության հռչակագիրը Հայաստանի ղեկավարը համարում է պատերազմի վտանգ: Այսօր ուղիղ հայտարարեց՝ դեմ են, որ Մայր օրենքում Անկախության հռչակագրին հղում լինի:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է՝ նոր Սահմանադրության մեջ պետք է Անկախության հռչակագրին հղում չլինի»,- այսօր հայտարարեց վարչապետ Փաշինյանը։
Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը ջնջելը Ադրբեջանի պահանջն է. Հռչակագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա ու Բաքուն սա համարում է տարածքային նկրտում: «Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա՝ չլուծելով Սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը զրո է, որովհետև կհակասի երկրի Մայր օրենքին, և այս խնդիրը մենք արդեն երկու տարուց ավելի է բարձրաձայնում ենք»,- ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը։
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները երկար ժամանակ հայտարարում էին, թե Սահմանադրություն փոխել-չփոխելը Հայաստանի ներքին գործն է, հետո էլ Սահմանադրական դատարանը քննեց ու որոշեց, որ ոչ մի տարածքային պահանջ չկա Մայր օրենքում, Անկախության հռչակագրի հիշատակումը իրավական ուժ չունի: Փաշինյանը Բարձր դատարանի որոշմանը հղում անելով էր արձագանքում Բաքվին, թե հարևաններից տարածքային պահանջ չունի Հայաստանը, բայց ադրբեջանական իշխանությունը չնահանջեց: Խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման դարձրեց հարցը:
«Առաջիկա ընտրություններում և ինչի առաջիկա ընտրություններում, ամեն օրվա հանրային քաղաքական կյանքում էս հարցով մենք պետք է որոշում կայացնենք։ Ես հստակ ասում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ։ Մենք չպետք է դա շարունակենք։ Մենք չպետք է դա շարունակենք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նոր Սահմանադրության տեքստը դեռ պատրաստ չէ, Արդարադատության նախարարը խոստացել է՝ այս ամիս կլինի, ու մինչ այդ Նիկոլ Փաշինյանը փաստացի ամենաաղմկոտ հարցի պատասխանը տվեց՝ Անկախության հռչակագիրը չի լինի:
Փաշինյանը միայն Հայաստանի Անկախության հռչակագիրը չէ, որ համարում է պատերազմի վտանգ, ըստ նրա՝ Արցախից ու ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիների իրավուքների մասին խոսելն էլ է վտանգավոր, նույնիսկ երբ խոսում են եկեղեցում ու խորանից:
«Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ պատարագի տեքստում այդպիսի բան չկա, ասենք, պատարագի տեքստից շեղվում են և ասում են՝ հղում են անում Արցախի Հանրապետություն և այլն, և այլն։ Շատ լավ, հասկացա։ Եկեք բոլորս սկսենք, ենթադրենք, հղում ենք անում Արցախի Հանրապետություն։ Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ»,- Փաշինյանը երկու օր է զգուշացնում է՝ ով խոսում է Արցախից ու Արցախցիների իրավուքներից պատերազմի հրձիգ է: Կաթողիկոսին է հռչակել պատերազմի կուսակցության առաջնորդ:
Վարչապետի խոսքով.- «Հստակ ասում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, մնացածը՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մյուսներ, տեղավորվում են այս տրամաբանության տակ»։
Գարեգին Երկրորդն է վերջին տարիներին միջազգային հարթակներից խոսել արցախցիների վերադարձի իրավունքի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Արցախի թեման պատերազմի վտանգ համարելու օրակարգը հայկական չէ: Փաշինյանի ելույթներից համոզվել է Արցախի մարդու իրավուքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, դա Ադրբեջանից և Թուրքիայից թելադրվող օրակարգ է»,-ըստ Գեղամ Ստեփանյանի՝ Արցախի թեման պատերազմի կրակ ներկայացնելով՝ Փաշինյանը հող է պատրաստում նոր ճնշումների համար, ով այդ թեմայից խոսի, կասի՝ պատերազմի կոչ է: Նա մարդկանց վախեցնում է, որ այդ թեման ընդհանրապես մոռանան, ասում է՝ արցախցիները խոսելու են իրենց իրավունքներից ու պայքարել դրանց համար:
«Մենք մեր դիմադրությունը մշտապես ցուցաբերել ենք, ասելով, որ չի կարող Բաքուն, Երևանը կամ էս պարագայում Ստրասբուրգը որոշի, որ գոյություն չունեն տեղահանված մարդիկ և նրանց տեղահանությունը, ուղղակի, նորմալացնեն, աչք փակեն, անտեսեն ու իրար գովեն խաղաղության հաստատման համար։ Հիմա մենք տեսնում ենք հաջորդ փուլը, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հայտարարում է, որ ով խոսում է դրա մասին նա պատերազմ է ուզում։ Վստահ եմ, որ իր քարոզչամեքենան առաջիկա ժամանակահատվածում ինտենսիվորեն ֆեյքերով, բոլոր հնարավոր միջոցներով կսկսի հայ ժողովրդի ականջներին փաթաթել նաև այդ թեզը»,- նշում է Արցախի նախկին օմբուդսմենը։
Փաշինյանը երեք օր առաջ էլ Եվրոպայի բարձր ամբիոնից հայտարարեց, թե Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները պատերազմի կուսակցության առաջնորդությունն են ստանձնել ու նրանք ԽՍՀՄ գործակալներ են.
«Ի դեպ, նրանցից ոմանց ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը»։
Մայր Աթոռից այսօր արձագանքել են Փաշինյանին. «Հայոց եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ օտար ազդեցության գործակալ, պատերազմի կուսակցություն և այլն, դրանցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների ու ծրագրվող հետագա բռնաճնշումների համար»,- հայտարարում է Գերագույն հոգևոր խորհուրդը։