Ուկրաինայի զինուժը հարվածել է Բելգորոդին, Կրասնոդարի երկրամասում անօդաչուի հարվածից նավթաբազա է այրվում

Ռուսաստան - Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկի արվարձանի նավթաբազային մարտի 12-ի հարվածին հաջորդած հրդեհը՝ արբանյակից արված լուսանկարում

Այս գիշեր ուկրաինական բանակը հրթիռային հարված է հասցել Բելգորոդին, հաղորդել է ռուսաստանյան մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նրա խոսքով՝ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ, Բելգորոդ քաղաքում և շրջանում էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջերմամատակարարման խափանումներ են սկսվել, օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան:

Վոլգոգրադում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո վնասվել է բազմահարկ բնակելի շենք, փշրվել են ապակիներ, տուժածներ չկան, գրել է նահանգապես Ադրեյ Բոչարովը:

Ուկրաինական անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկը, տեղական իշխանությունների վկայությամբ՝ տուժածներ չկան:

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաղորդում է, որ ուկրաինական անօդաչուների «բեկորների ընկնելու» հետևանքով հրդեհ է բռնկվել Տիխորեցկի արվարձանի նավթաբազայում: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Տիխորեցկի շրջանում վնասվել են նաև երկու բարձրավոլտ հաղորդալարեր:

Տիխորեցկին մերձակա նավթաբազան հարձակման էր ենթարկվել նաև մարտի 12-ին, պատասխանատվությունը ստանձնել էր Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը:

Շաբաթ երեկոյան ուկրաինական անօդաչուների հարձակման մասին գրել է նաև Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը: Նրա վկայությամբ՝ օրվա ընթացքում մարզի երկնքում ոչնչացվել է 128 անօդաչու թռչող սարք:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը 170 ուկրաինական անօդաչու են որսացել Տվերի, Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Կուրսկի, Սմոլենսկի, Տուլայի, Ռոստովի, Վոլգոգրադի և Սարատովի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի, Ադըղեայի Հանրապետության և Ղրիմի երկնքում: Երկու տասնյակից ոչ պակաս անօդաչուներ թռչում էին դեպի Մոսկվա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինացիները անօդաչուներով հարվածել են Ռուսաստանի Կովկաս նավահանգստինՌուսական նավթի վերաբերյալ ԱՄՆ որոշումը չի նպաստում պատերազմի ավարտին. Զելենսկի«Ռոսատոմ»-ի ղեկավարը զգուշացրել է Զապորոժիեի էլեկտրակայանի շուրջ ռազմական վտանգների աճի մասինՄոսկվան սպասում է բանակցությունների նոր փուլին. ՊեսկովԶոհ, վիրավորներ Ուկրաինային ռուսների հարվածների հետևանքովԽարկովում ռուսական անօդաչուի հարվածից զոհեր ու վիրավորներ կանՈւկրաինային ռուսական ԱԹՍ-երի հարվածների հետևանքով կա 14 վիրավորՌուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 117 ԱԹՍ. կան զոհեր ու վիրավորներԽարկովում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ առնվազն 15-ը