Կովկասի համար «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքը». Վելայաթի
Կովկասի համար «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքը», միայն անունն է փոխվել, Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Իրանցի պաշտոնյան, ըստ IRNA գործակալության, ասել է, որ Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն: Իրանում Հայաստանի դեսպանատունը, մինչդեռ, շաբաթավերջին տեղի ունեցած հանդիպման հաղորդագրությունում չի ներառել իրանցի պաշտոնյայի պնդումները։
Դեսպանությունից հաղորդել են միայն, որ Ալի Աքբար Վելայաթին ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը: Նշվում է, որ դեսպան Հակոբյանն անդրադարձել է «Թրամփի ուղուն», իրանցի պաշտոնյային էլ փոխանցել է, որ Երևանը գնահատում է Թեհրանի դիրքորոշումը հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հարցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թրամփի ուղու» հարցով աշխատանքային խմբերը մինչև տարեվերջ կանցկացնեն առաջին նիստերը. ԱՄՆ դեսպան«Դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «Թրամփի ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար: ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները», - ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի իշխանությունները պարբերաբար հավաստիացնում են, թե Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը շահավետ է նաև այս նախագծի շուրջ վերապահումներ ունեցող Մոսկվայի և Թեհրանի համար: «Թրամփի ուղի» նախագծին կոշտ են արձագանքում հատկապես Իրանի հոգևոր իշխանության ներկայացուցիչները, մինչդեռ այդ երկրի նախագահն ու արտգործնախարն ավելի մեղմ են արտահայտվել: Այդուհանդերձ, նրանք ևս որոշ մտահոգություններ հայտնել են:
Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նաև պնդել է, թե «միջանցքը կարող է հնարավորություն տալ ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսում՝ լուրջ անվտանգային ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսի և Ռուսաստանի հարավի համար»:
Ինչպե՞ս են պաշտոնական Երևանն ու իշխանություններն արձագանքում իրանցի պաշտոնյայի հայտարարություններին
Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին, թե Երևանի դիրքորոշումը հայտնի է, հորդորեցին առաջնորդվել հանդիպման վերաբերյալ դեսպանատան հաղորդագրությամբ:
Հայաստանի իշխանությունները չեն ընդունում, թե «Թրամփի ուղին» միջանցք է։ Պնդում են, որ Սյունիքով անցնող ճանապարհը գործելու է պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Դրա հետ մեկտեղ վաշինգտոնյան պայմանավորվածությունից գրեթե չորս ամիս անց հայտնի չեն ադրբեջանցիների անցման ու այդ ճանապարհին նրանց ստուգել-չստուգելու դետալները:
«Ո՛չ, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ: Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ և տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զգայունությունները», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Թեհրանից հնչող մտահոգություններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարցեր Թուրքիայի խորհրդարանում «Զանգեզուրի միջանցքի» մասին, հորդորներ՝ բացել ՀՀ-ի հետ սահմանըՌուբինյանը հայտարարեց, թե հայկական կողմը կարծում է՝ այդ առումով իրանական կողմի համար չկա անհանգստացնող որևէ հանգամանք. «Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը, և Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են, մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան: Եվ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, և մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա, և Իրանի «կարմիր գծերը» նույնպես հաշվի առնված են»:
Առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին». Կալուգին
Մինչ Թեհրանից մտահոգություններ են հնչում, Մոսկվայից հայտարարում են, թե առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին»:
Ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինի՝ ռուսական հնարավոր մասնակցության համար կան բավարար հիմքեր: Ռուսաստանցի պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանում գործող երկաթուղին ռուսական ընկերությունն է կառավարում:
«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը: Ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով», - ասել է նա:
Ազգային ժողովի փոխնախագահն այսօր պնդեց, որ «Թրամփի ուղու» նախագծում ռուսների հետ նրանց մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեղծվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը. կղեկավարի Սոնատա ՔալթերըԸստ հայաստանցի պաշտոնյաների՝ TRIPP ուղով հաղորդակցության տարբեր ենթակառուցվածքներ են գործելու, այդ թվում՝ երկաթուղի, էլեկտրագծեր, գազի, նավթի խողովակաշարեր, մալուխներ: Երկաթուղին, ինչպես հայտնել էր վարչապետը, անցնելու է Սյունիքով՝ խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երթուղով: