Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Ռուսաստանի ղեկավարի հետ նոր հանդիպման մասին: Այն, ըստ Փաշինյանի, ծրագրված է հունիսի երկրորդ կեսին, այսինքն՝ Ազգային ժողովի ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց:
«Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում՝ հունիսի 2-րդ կեսին», - նշեց վարչապետը:
Մոսկվայից դեռ չեն արձագանքել՝ հերքել կամ հաստատել վարչապետի ասածը:
Մինչև հունիսի երկրորդ կեսը ավելի քանի երկու ամիս ժամանակ կա: Այդ փուլում, ամենայն հավանականությամբ արդեն հայտնի կլինեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մոսկովյան վերջին հանդիպմանը գազի գնի, ԵԱՏՄ-ից ԵՄ գնալու, ՀԱԿՊ-ի և այլ հարցերի թվում նաև Հայաստանի ներքաղաքական օրակարգը չէր շրջանցվել: Ռուսաստանի նախագահը ուղիղ ասում էր՝ ցանկանում է, որ Հայաստանում ռուսամետ ուժերը, այդ թվում՝ ռուսական անձնագիր ունեցող և անազատության մեջ գտնվող գործիչները, մասնակցեն ներքաղաքական գործընթացներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Նախընտրական դիսկուրս էր». քաղաքագետները՝ Փաշինյան–Պուտին բանակցությունների մասինՔաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Փաշինյանն իր և Պուտինի հանդիպման մասին խոսեց մի նպատակով, որ ցույց տա հանրությանը, թե այդ բանակցություններից հետո ձևավորված հոռետեսական ընկալումները չափազանցված են:
«Նիկոլ Փաշինյանը թերևս փորձում է ցրել ապրիլմեկյան հանդիպումից ստացված նստվածքը ու այդպես ձևավորել մտայնություն, որ եթե պայմանավորվել են նոր հանդիպման հունիսի 2-րդ կեսին, այսինքն, խորհրդարանական ընտրություններից հետո, ուրեմն Ռուսաստանն ամենևին էլ քաղաքական դատավճիռ չի կարդացել Նիկոլ Փաշինյանին: Կարծում եմ՝ սա է մոտիվը, ցույց տալ, որ այդ եզրակացությունները, գնահատականները այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը, և մոսկովյան հանդիպումը դատավճիռ չէր իր քաղաքական հետագա գործունեության համար: Որքանո՞վ է սա արդեն ճշգրիտ, այստեղ էլ միարժեք եզրակացություններ անել չեն կարող», - ասաց Բադալյանը:
Թեև Նիկոլ Փաշինյանն այսօր պնդում էր, թե Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցողական տրանսֆորմացիայի փուլում են, ռուսական կողմը դրանց որակից այնքան էլ գոհ չէ: Փոխվարչապետ Օվերչուկը դժգոհել էր, թե հայ պաշտոնյաների հետ մի բան են պայմանավորվում, գործնականում այլ բան տեսնում: Որպես օրինակ էլ նշել էր՝ ինչպես էր Նիկոլ Փաշինյանը նախ դիմել ռուսներին կառուցել երկաթուղու երկու հատվածները, իսկ դրական արձագանքից հետո առաջարկել ռուսական կողմին առհասարակ վաճառել երկաթուղու կառավարման իրավունքը, օրինակ Ղազախստանին:
Այս պայմաններում երեկ Հայաստան է ժամանել ղազախական պատվիրակությունը: Մինչև այցը թե՛ Մոսկվայից, թե՛ Աստանայից հայտարարել են՝ երկաթուղու հարցով բանակցություններ այժմ չկան: Ավելին՝ ռուսական կողմն ուղիղ ասել է՝ երկաթուղու կոնցեսիան չի ցանկանում վաճառել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան դեմ է երկաթուղու կոնցեսիան վաճառել, իսկ ՀՀ-ն չի խզի պայմանագիրը. մանրամասներ մոսկովյան բանակցություններից«Ռուսաստանի թիկունքում ոչ մի քննարկում տեղի չի ունենա»
Հնարավո՞ր է Երևանն անկախ Մոսկվայի դիրքորոշումից փորձի բանակցել և պայմանավորվել ղազախական կողմի հետ:
«Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել ու ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության, համենայն դեպս այս փուլում քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են ու բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը», - ընդգծել է Փաշինյանը:
Այսինքն՝ երկաթուղու հարցը չկա՞ այս այցի օրակարգում. Փաշինյանն ասաց՝ դրա շուրջ քննարկումը հրապարակային է, հնարավոր է՝ այդ հարցին էլ անդրադառնան, բայց հարկ համարեց կրկնել՝ Ռուսաստանի թիկունքում ոչ մի քննարկում տեղի չի ունենա: Իսկ Ղազախստանի պաշտոնյաների այցը, վարչապետի խոսքով կապված է TRIPP նախագծի հետ: Փաշինյանի խոսքով՝ ղազախական կողմը TRIPP-ով հետաքրքրված է: Փորձում են հասկանալ՝ տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում, այդ թվում՝ իրենց համար:
«Մենք այդ թվում՝ Ղազախստանին պիտի հրավիրենք պատրաստ լինել Հայաստանով անցնող տարանցիկ ուղիներն օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների և իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար, որովհետև տրանսպորտի ոլորտի բիզնեսը, որը մասնավոր է, բայց պետությունը նաև որոշակի դեր ունի, չի կարող առանձին վերցրած կտորով լինել, որովհետև շատ լա, երկրի մի հատվածից վերցվեց տարվեց մյուս սահման, բայց ի շարունակություն պետք է լինի գործընկերություն ամուր, որպեսզի այդ հատվածն աշխատի», - ասաց վարչապետը:
Ղազախստանի արտգործնախարարի հետ Երևան է ժամանել նաև այդ երկրի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը: Պաշտոնական Երևանը արտգործնախարարների բանակցությունների մանրամասներից ոչինչ չի հայտնել:
Նախքան Երևան ժամանելը ղազախական պատվիրակությունը նաև Բաքվում էր, Ադրբեջանի նախագահի հետ քննարկել էին հայ-ամերիկյան նախագիծ համարվող «Թրամփի ուղու» իրագործման, ինչպես նաև «երրորդ երկրներում համատեղ ադրբեջանա-ղազախական ներդրումների հնարավորության» հեռանկարները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևը ղազախների հետ քննարկել է TRIPP-ի իրագործումըՎարչապետն այսօր պնդեց՝ Բաքուն և Աստանան TRIPP-ում ներդրումների հարց չեն քննարկում, այդ դեպքում ի՞նչ, Փաշինյանը կրկնեց՝ ընդհանուր տրանսպորտային նոր հեռանկարները, որ կբացվեն TRIPP-ի իրագործմամբ:
«Մարդիկ ուզում են հասկանան՝ TRIPP նախագիծն ինչ հնարավորություններ է բացելու, որպեսի իրենք էլ իրենց հաճախորդներին առաջարկեն տարբերակներ՝ այստեղով անցման, այնտեղով անցման, նույնը վերաբերում է Ադրբեջանին, նույնը վերաբերում է Հայաստանին: TRIPP նախագիծ. եթե էդ TRIPP նախագիծը Հայաստանի Ա սահմանային կետից ապրանքը մտավ, հասավ Բ սահմանային կետ, բա ո՞նց է շարունակվելու, բնականաբար, այստեղ պետք է Ադրբեջանի հետ համագործակցություն, Վրաստանի հետ համագործակցություն, Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցություն, Թուրքիայի հետ համագործակցություն, որովհետև եթե մեկը վստահ չի, որ եթե այդ ապրանքը մտավ Հայաստան, Հայաստանից դուրս գալու հուսալի ճանապարհներ կան, չի ուղարկի ապրանք այս ուղղությամբ: Այսինքն՝ տրանսպորտային ցանցի աշխատանքի հեռանկարների հուսալիության մասին է խոսքը», - ընդգծեց Փաշինյանը:
Բայց ղազախական ներդրումները Նիկոլ Փաշինյանն այդուհանդերձ չբացառեց, ասաց՝ Աստանան կարող է նման հետաքրքրություն ունենալ: Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում, բայց կոնկրետ TRIPP-ո՞ւմ, թե՞ այլ նախագծերում, փակագծեր չբացեց: