Փաշինյան-Պուտին բանակցությունների կոնկրետ ո՞ր հատվածն է տպավորել Ազգային ժողովի նախագահին, Ալեն Սիմոնյանը չի առանձնացնում, բայց մոսկովյան բանակցություններից բոլորովին այլ տպավորություն ունեն քաղաքագետները:
«Մեր վարչապետը հանդես եկավ Հայաստանի Հանրապետության անկախ, ինքնուրույն պետության ղեկավարի կեցվածքով, ես մեծագույն հպարտությամբ էին հետևում այդ խոսակցությանը՝ երկու երկների ղեկավարների»,- ասաց Սիմոնյանը:
Հարցերի այն շրջանակը, որոնց անդրադարձան Պուտինն ու Փաշինյանը, երկու երկրների ղեկավարների հանդիպումների և քննարկումների առանցքում, եղել և մնում են գլխավոր թեմաները, ընդգծում է քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը: Շեշտում՝ պետք է կենտրոնանալ ոչ թե այն հանգամանքի վրա, թե ինչ խոսվեց, այլ թե ինչու այդ խոսակցությունը կուլիսներից տեղափոխվեց տեսախցիկների առաջ: Առանցքային բացատրությունն, ըստ քաղաքագետի, Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններն են:
Ըստ քաղաքագետի՝ Պուտինի խոսքերն ուղղված էին թե՛ ընտրողներին, թե՛ քաղաքական գործիչներին
«Կարծում եմ սա գերազանցապես պայմանավորված է Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներով առաջին հերթին, բայց միևնույն ժամանակ առնվազն երեք պատճառ կա այստեղ, որոնք ոչ պակաս կարևոր են, առաջին հերթին դա ռուսական կապիտալով կազմակերպությունների, մասնավորապես, երկաթգծի կոնցեսիոն կառավարմանը վերաբերվող խնդրի բարձրացումն է, երկրորդը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների որոշ մակարդակով առավել սերտացումն է, քան ունեցել ենք նախորդ տարիների ընթացքում, երրորդ՝ սա նաև արձագանք է TRIPP-ին», - նշեց Սուքիասյանը:
Պուտին-Փաշինյան բանակցությունների բաց հատվածը ավելի քան 20 րոպե էր տևել, երկու երկրների ղեկավարները խոսել էին գրեթե հավասար՝ յուրաքանչյուրը 10-ական րոպե: Ռուսաստանի նախագահը հիշեցնում էր՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի օգուտները, շեշտում, թե գազը ի տարբերություն այլ երկների Երևանին էականորեն էժան են վաճառում, արդարացնում ՀԱՊԿ-ի լռությունը, երբ Ադրբեջանը Հայաստանի վրա էր հարձակվել: Վերջում էլ հավելում, թե ինքը կուզենար ռուսամետ բոլոր ուժերը ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող և Ռուսաստանի անձնագիր ունեցողները՝ ըստ էության ակնարկելով Սամվել Կարապետյանին: Ըստ քաղաքագետի՝ Կրեմլի ղեկավարի խոսքերն ուղղված էին թե՛ ընտրողներին, թե՛ քաղաքական գործիչներին:
«Ընտրողներին ցույց տալով այն հեռանկարը, որ կարող է լինել Հայաստանի հետ, մասնավորապես, այն գլխավորապես սոցիալ-տնտեսական գինը, որ կարող են վճարել Հայաստանի ընտրողները Ռուսաստանի հետ հարաբերությունների նեգատիվ հունի դեպքում, ազդում են քաղաքական գործիչների վրա, որոնք էլ ստիպված են ոչ այդքան կոնֆրոտացիոն քաղաքականություն որդեգրել Ռուսաստանի հետ: Այսինքն, օգտվելով այն զգայությունից, որ բոլոր քաղաքական գործիչներն ունեն նախընտրական փուլում, փորձ է կատարվում թե՛ ազդել ընտրողների վրա, որոնք կարող են ձևավորել ավելի եթե ոչ պրոռուսական, որը այս վերջին հարցումներով դժվար է ակնկալել, ապա առնվազն ավելի զգուշավոր քաղաքականության պահանջարկ ընտրողների շրջանում Ռուսաստանի հանդեպ, սրանով էլ, եթե փոխվում են կամ խմբագրվում են ընտրողների նախապատվությունները, ազդել քաղաքական գործիչների ծրագրերի վրա, նրանց նախընտրական առաջարկների վրա», - նշեց Նարեկ Սուքիասյանը:
Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունն էր մեջբերում, որ Պուտինին բացատրեր՝ ինչու Ռուսաստանի քաղաքացին չի կարող պատգամավորի, վարչապետի թեկնածու լինել՝ չմոռանալով նաև Ռուսաստանի ղեկավարին պատմել, թե ինչ ժողովրդավար երկիր է Հայաստանը:
«Հայաստանում ինչ տեղի է ունենում առնվազն նախորդ մեկ տարվա ընթացքում, անխուսափելիորեն տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ, այս հանդիպումը կարծում եմ լիուլի նյութ տվեց թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը այն հոլովելու իրենց օգտին: «Քաղաքացիական պայմանագիրը» ինչպես արդեն տեսնում ենք պատգամավորների կամ այլ կուսակցականների հրապարակումներից, սա ներկայացնում է որպես ինքնիշխանության վերահաստատում և դրա վառ դրսևորում, ընդդիմադիրները ցույց են տալիս սա որպես իշխանության անկարողություն՝ վարել հարաբերություններ ու բարիդրացիական փոխշահավետ կապեր ունենալ Ռուսաստանի պես մեծ տերության հետ: Կարծում եմ, բոլորը սրանից գոհ կլինեն ու կունենան իրենց դիվիդենտները քաղելու հնարավորությունից», - ասաց Սուքիասյանը:
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ կտրուկ փոփոխություններ հայ-ռուսական հարաբերություններում այժմ չեն լինի
Հայաստանում նախընտրական շրջանն է, որ առավել մեծացրեց Փաշինյան-Պուտին հանդիպման շուրջ հետաքրքրությունը, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հավելում՝ հենց այդ տրամաբանության մեջ էր տեղավորվում վարչապետ Փաշինյանի խոսքը:
«Իհարկե, դա նախընտրական դիսկուրս էր: Ես արդեն ասացի, այսինքն՝ դա աշխատում է Հայաստանի ներսում բնակչության տարբեր խմբերի վրա՝ նախընտրական դիսկուրսի շրջանակներում։ Ե՛վ այն մարդիկ, ովքեր ռուսամետ են, և՛ նրանք, ովքեր ավելի շատ եվրոպամետ են կամ հակառուսական տրամադրություններ ունեն, այդ երկխոսությունից կարող են իրենց ուզածը վերցնել», - ասաց Իսկանդարյանը:
Մոսկովյան բանակցություններից հետո Ռուսաստանը, որ մշտապես դժգոհել է Հայաստանի Եվրամիության հետ մերձենալու ձգտումներից, առավել կոշտացրեց հռետորաբանությունը նաև TRIPP-ի հարցով՝ սրան ավելացնելով երկաթուղու խնդիրը: Դրա կառավարումը այլ երկրի փոխանցելուն Մոսկվան դեմ է: Բայց Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ կտրուկ փոփոխություններ հայ-ռուսական հարաբերություններում այժմ չեն լինի:
«Կլինեն երկխոսություններ, սկանդալներ կլինեն, Երևանում առաջիկայում սպասվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, դրան ամենայն հավանականությամբ կհաջորդեն Ռուսաստանից մեկնաբանություններ: Ցանկացած նախընտրական շրջան տարբերվում է նման կարգի, երբեմն սկանդալային բախումներով։ Իսկ իրական քաղաքականությունն ինչպես կզարգանա՝ ընտրություններից հետո որոշ ժամանակ անց կտեսնենք», - ընդգծեց քաղաքագետը։
Մոսկովյան բանակցությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողված էր որակել: