Ռուսաստանի նախագահի հետ վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ու ԵԱՏՄ վերջին նիստից հետո էլ Մոսկվան շարունակում է պնդել՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև: Նիկոլ Փաշինյանն օրերս ԵԱՏՄ նիստում ուղիղ ասաց, որ Եվրամիությանը միանալու հարցով հանրաքվեն ներկա պահին բովանդակազուրկ է, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, մինչդեռ, այսօր հայտարարել է, թե Երևանից որոշում են ակնկալում մինչև Եվրասիական միության ղեկավարների դեկտեմբերյան հավաքը:
«Ակնհայտ է, որ եթե մինչև այդ չլսվի հանրաքվե անցկացնելու կոչը, առաջնորդները համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս հաշվի կառնեն այդ փաստը», - ասել է Գալուզինը:
Թե ինչի մասին է խոսքը՝ արդյոք դիտարկվում է Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը, Ռուսաստանի արտաքին գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան չի մանրամասնել, փոխարենը, ավելի հեռուն գնալով, Գալուզինն անգամ ձևակերպել է հարցը, որը պետք է Հայաստանում դրվի ժողովրդական քվեարկության. - «Անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ են մտածում Հայաստանի բնակիչներն այս հարցի վերաբերյալ։ Ընդ որում՝ ոչ թե վերացական-տեսական առումով՝ «Ցանկանո՞ւմ եք արդյոք Եվրամիությունում լինել», այլ կոնկրետ-գործնական հարցով՝ «Պատրա՞ստ եք արդյոք հրաժարվել Եվրասիական միությանն անդամակցությունից՝ ապագայում Եվրամիությանը միանալու ոչ ամբողջությամբ հստակ հեռանկարի դիմաց»:
Հայկական կողմի պնդմամբ՝ ԵԱՏՄ-ից անդամ պետությանը հեռացնելու ընթացակարգ չկա, եթե գործը հասնի դրան, Հայաստանն ինքը պետք է նման քայլ նախաձեռնի:
Հուլիսի վերջին Կրեմլ զանգահարելուց հետո վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահին խնդրել է վերացնել հայկական ապրանքների նկատմամբ տնտեսական սահմանափակումները, որոնք Երևանն ապօրինի է որակում: Մինչդեռ Մոսկվան կրկնել էր հանրաքվեի անհրաժեշտությունը՝ զուգահեռ ընդլայնելով արգելված արտադրանքի տեսականին:
«Նախ վերջնաժամկետների հետ կապված խոսույթը ընդհանրապես անընդունելի է, մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում: Մե՛նք պիտի որոշենք՝ երբ մենք հանրաքվե անենք, երբ չանենք», - պնդել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որ ամենայն հավանականությամբ կրկին կգլխավորի Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը, նորից շեշտում է հայկական կողմի դիրքորոշումը՝ հանրաքվե կնշանակվի, միայն երբ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության դիմումը պաշտոնապես մուտքագրվի:
«Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է: Չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի, և բնականաբար Հայաստանը մոտ ապագայում, առաջիկայում, առաջիկա ամիսներին չի կարող հանրաքվեի դնել մի բան, որը Հայաստանում չի քննարկվել, և որի շուրջ Հայաստանը գործողություններ դեռևս չի կատարել՝ խոսքը Եվրոպական միությանը անդամակցության հայտ ներկայացնելն է», - ասաց Խանդանյանը:
Ազգային ժողովը թեև մեկուկես տարի առաջ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, բայց հետո իշխանությունները գործնական քայլեր չեն արել՝ հայտարարելով, թե Երևանն այնքան մոտ կլինի Բրյուսելին, որքան այնտեղ կցանկանան:
Ռուսաստանը դիրքորոշումը կտրուկ կոշտացրեց միայն այս տարի՝ Երևանում անցկացված բարձր մակարդակի եվրոպական երկու գագաթնաժողովներից հետո՝ նախընտրական քարոզարշավի օրերին: Հայկական արտադրության վրա փաստացի պատժամիջոցներն արդեն հետևանքներ են առաջացրել. գյուղմթերքի իրացման ամենաթեժ սեզոնին հայ արտադրողները ստիպված են նոր շուկաներ փնտրել՝ կորցնելով ռուս բազմամիլիոն գնորդներին:
Հայաստանի հետ հարաբերությունները հարթ չեն նաև Ռուսաստանի առաջնորդած մյուս՝ ռազմական դաշինքում: Երևանը մի քանի տարի է սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում, նիստերին չի մասնակցում, անդամավճար չի մուծում: Պատմությունը սկսվեց, երբ անվտանգային այս կազմակերպությունը չաջակցեց հայկական կողմին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա:
Փոխարտգործնախարար Գալուզինն այսօր վկայակոչել է ՀԱՊԿ կանոնադրության հոդվածը, որը նախատեսում է որևէ երկրի անդամակցության դադարեցում առանց նրա ձայնը հաշվի առնելու, եթե պարտավորությունների չկատարումը շարունակական է:
«ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր անդամների կողմից: Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց և բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իր իրավունքի չօգտագործում, սակայն չի դադարեցնում Հայաստանի՝ ազգային անդամավճարը ժամանակին փոխանցելու պարտավորությունը», - պնդել է Գալուզինը:
Ռուսաստանցի պաշտոնյան հիշեցրել է, որ դաշինքի ղեկավար մարմնի նիստը նոյեմբերին Մոսկվայում է, չհստակեցնելով՝ արդյոք Հայաստանի հարցը կլինի օրակարգում:
«Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, Հայաստանը մի քանի տարի է սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և, ըստ էության, հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում: Մենք կհետևենք զարգացումներին», - ասաց Խանդանյանը:
Իշխանական պատգամավորը չմտաբերեց անգամ դատապարտող քաղաքական հայտարարություն ՀԱՊԿ անդամ երկրներից՝ 2022-23 թվականներին Հայաստանի տարածք ներխուժումների վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը դեռ երկու ամիս առաջ էր ասել, որ եթե որոշեն Հայաստանը դուրս թողնել ՀԱՊԿ-ից, Երևանը դա կընդունի ի գիտություն, այլ անելիք չունի: