Մինեապոլիսում դաշնային գործակալները կրկին մարդու են սպանել. ցուցարարների դեմ հատուկ միջոցներ են կիրառվում

ԱՄՆ - Բողոքի երթը Մինեապոլիսում, 24-ը հունվարի, 2026թ.

Միացյալ Նահանգների Մինեապոլիս քաղաքում դաշնային սահմանապահ ծառայության գործակալը կրակոցով սպանել է տեղի բնակչի: Սա տեղի է ունեցել Ներգաղթային և մաքսային ծառայության (Immigration and Customs Enforcement - ICE) աշխատակցի կողմից 37-ամյա բանաստեղծուհի, երեք երեխաների մայր Ռենե Գուդի սպանությունից 17 օր անց:

CNN-ի տվյալներով՝ սպանվածը 37-ամյա Ալեքս Փրեթին է՝ ԱՄՆ քաղաքացի, ով, ըստ հարազատների, աշխատում էր որպես բուժեղբայր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են գնդակային մի քանի վիրավորումով մարդու, Փրեթիին փորձել են բուժօգնություն ցուցաբերել, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության մամուլի քարտուղարը BBC-ին հայտնել է, որ գործողությունը Մինեապոլիսում անցկացրել են դաշնային սահմանապահ ծառայության աշխատակիցները: Թրիշիա ՄըքԼահլինի պնդմամբ՝ սահմանապահները փորձում էին ձերբակալել «բռնի հարձակման համար որոնվող անլեգալ օտարերկրացու», երբ նրանց է մոտեցել ատրճանակով զինված անձ: Վերջինս, ըստ պաշտոնյայի, դիմադրություն է ցույց տվել, երբ գործակալները փորձել են զինաթափել նրան, ինչն էլ ստիպել է գործակալներին կրակ բացել:

Մինեսոտա նահանգի իշխանությունները, մինչդեռ, պնդում են՝ միջադեպի տեսագրությունները վկայում են, որ Ներքին անվտանգության նախարարության վարկածը «անհեթեթ» և «սուտ» է: Նահանգապետ Թիմ Ուոլզը պահանջել է, որպեսզի սպանության քննությունն իրականացնեն նահանգի քննիչները:

Նահանգապետը հայտնել է նաև, որ կապվել է Սպիտակ տան հետ ու պահանջել նահանգից դուրս բերել դաշնային գործակալներին: «Մինեսոտային դա հոգնեցրել է: Դա զզվելի է: Նախագահը պետք է դադարեցնի այդ գործողությունը: Մինեսոտայից դուրս բերի հազարավոր դաժան, չպատրաստված գործակալներին: Անհապաղ», - գրել է Ուոլցը X-ում:

ԱՄՆ նախագահը, մինչդեռ, մերժել է նահանգապետի և տեղական իշխանությունների քննադատությունը: «Քաղաքապետը և նահանգապետը իրենց ամբարտավան ու վտանգավոր հռետորաբանությամբ սադրում են ապստամբության: Դրա փոխարեն այդ երկերեսանի քաղաքական հիմարները լավ կանեին փնտրեին Մինեսոտայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչներից գողացված միլիարդավոր դոլարները», - իր Truth Social սոցցանցում գրել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ ձերբակալվել և նահանգից դուրս են բերվել «12 հազար ապօրինի ներգաղթյալ հանցագործներ»:

Չնայած սառնամանիքին՝ Մինեապոլիսում կրկին անցկացվել են բողոքի երթեր ընդդեմ ICE-ի գործողությունների: Ցուցարարների դեմ կիրառվել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ:

Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Մինեսոտայի նահանգապետի և Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյի դեմ քննություն է սկսել դաշնային ներգաղթային գործակալների աշխատանքը խոչընդոտելու նպատակով դավադրության կասկածանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մինեապոլիսում 29 մարդ է ձերբակալվել իրավապահի կրակոցից 37-ամյա կնոջ մահվանը հաջորդած ցույցերի ժամանակՄինեապոլիսում նորից սևամորթ է սպանվել, և բողոքի ակցիաներ են սկսվելԲողոքի ցույց Վաշինգտոնում` ընդդեմ ռասայական խտրականության ու ոստիկանական ամենաթողությանՎաշինգտոնը շարունակելու է դաշնային գործակալներին ներգրավել անկարգությունների դեմ պայքարում Ամերիկան և աշխարհը դատապարտում են Ֆլոյդի սպանությունըՍևամորթ Ֆլոյդի սպանությանը հաջորդած զանգվածային շարժումը՝ Թրամփի նախագահության լրջագույն ճգնաժամԱՄՆ-ում բողոքի ցույցերը չեն դադարում, ցուցարարներն անտեսում են նաև պարետային ժամըԱՄՆ տասնյակ քաղաքներում պարետային ժամ է, ձերբակալվել է գրեթե 1700 մարդԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը բողոքի ցույցերի, բռնությունների ալիք է բարձրացրել