Ամերիկյան դաշնային ուժային կառույցների՝ մասնավորաբար Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ներքին անվտանգության նախարարության աշխատակիցները կգործուղվեն այն քաղաքներ, որտեղ բախումներ են արձանագրվում ցուցարարների և ոստիկանության միջև։ Այս մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է անցած գիշեր Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրավիճակը ամերիկյան մի շարք մեգապոլիսներում լարվել է Մինեապոլիսում աֆորամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ մայիսի վերջին տեղի ունեցած սպանությունից հետո։

«Ամերիկացիները պետք է հստակ հաշիվ պահանջեն իրենց քաղաքապետերից։ Նրանք պետք է պնդեն, որ քաղաքային իշխանություններն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեն տեղական ոստիկանությանը», - հայտարարում էր Թրամփը։

Վերջին շրջանում դաշնային ուժային կառույցների ներկայացուցիչները արդեն իսկ գործուղվել էին Օրեգոն նահանգի խոշորագույն քաղաք Պորտլենդ, որտեղ պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև։

Վաշինգտոնը շարունակելու է դաշնային գործակալներին ներգրավել անկարգությունների դեմ պայքարում