Միջազգային հանրությունը պիտի միավորի ջանքերը, որ նման բարբարոսությունը երբեք չկրկնվի. Պուտինի ուղերձը

ՌԴ նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 2015թ.

Անմեղ մարդկանց դաժան կոտորածը ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները հստակ ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական ատելության, ազգայնականության և քսենոֆոբիայի հրահրումը, Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ, և այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ ավելի ուշ՝ Պետդումայի 1995թ. ապրիլի 14 -ի հայտարարության մեջ:

«Համոզված ենք, որ ազգային հողի վրա մարդկանց զանգվածային բնաջնջման և տեղահանման քաղաքականությունն արդարացում չունի և չի կարող ունենալ, և միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի», - նշել է Պուտինը:

Նա համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս հայերը պահպանելու են ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները:

Ի դեպ, վերջին անգամ Ռուսաստանի ղեկավարը նման՝ մանրամասն անդրադարձ է կատարել 11 տարի առաջ, երբ Երևանում անձամբ էր մասնակցում Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին:

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը վերահաստատում է Ռուսաստանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի, Սերբիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները ելույթ ունեցան Ծիծեռնակաբերդում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է