Մատչելիության հղումներ

Պուտինը վերահաստատում է Ռուսաստանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ


Նախագահ Վլադիմիր Պուտինը Ծիծեռնակաբերդում հնչեցրած իր ելույթում վերահաստատեց Ռուսաստանի դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ:

«Մենք անկեղծորեն վշտակցում ենք հայ ժողովրդին, որին բաժին է ընկել մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը», - իր ելույթում, մասնավորապես, ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահը:

Պուտինը հայտարարեց, որ հենց ռուսական դիվանագիտությունն է հասել հայ ժողովրդի դեմ գործված բռնությունների միջազգային դատապարտմանը:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և Ֆրանսիայի նախագահը քիչ առաջ հիշատակեց այդ մասին, համատեղ հայտարարությամբ տեղի ունեցածը ուղղակիորեն կոչեցին մարդկության և քաղաքակրթության դեմ գործված հանցագործություն», - նշեց նա: - «Մենք այսօր սգում ենք հայ ժողովրդի հետ: Ռուսաստանյան հարյուրավոր քաղաքներում՝ ընդգծում եմ՝ հարյուրավոր քաղաքներում ավելի քան 2 հազար հիշատակի միջոցառումներ տեղի կունենան: Դրանց կմասնակցեն ոչ միայն շուրջ 3 միլիոն կազմող բազմամարդ հայ համայնքի ներկայացուցիչները, այլ նաև այլ ազգությունների տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ», - ասաց Ռուսաստանի նախագահը:

Պուտինը այն չորս նախագահներից մեկն է՝ Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահների հետ միասին, ով ընդունել է Երևանում ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին մասնակցելու՝ Հայաստանի հրավերը:

Ռուսաստանը և Ֆրանսիան այն ավելի քան երկու տասնյակ պետությունների թվում են, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Նշենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել էր Պուտինին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով նրա հայաստանյան այցը քննարկելու համար: Էրդողանը, մասնավորապես, ասել էր, որ այդ խնդիրը պետք է «արդարացիորեն» լուծել:

Նշենք նաև, որ Ռուսաստանը բավականին բարձր մակարդակով ներկայացված է լինելու Թուրքիայում՝ Գալիպոլիի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Այստեղ ռուսական պատվիրակությունը գլխավորելու է խորհրդարանի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG