Մատչելիության հղումներ

Հայաստանի, Սերբիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները ելույթ ունեցան Ծիծեռնակաբերդում


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ծիծեռնակաբերդում, 24-ը ապրիլի, 2015թ․
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ծիծեռնակաբերդում, 24-ը ապրիլի, 2015թ․

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել 60 երկրների պատվիրակներ:

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, նշել է, ցեղասպանությունների դեմ միջազգային անզիջում պայքարը Հայաստանի արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է լինելու:

«Այսօր էլ Հայոց ցեղասպանությունը մերժող դաժան, բայց նահանջող մեքենային ողջ աշխարհում դիմակայում են խիղճն ու ազնվությունը։ Հենց խիղճն ու ազնվությունն են մերժողականության հականիշը։ Ցեղասպանության ճանաչումը աշխարհի տուրքը չէ հայ ժողովրդին ու նրա զոհերին։ Ցեղասպանության ճանաչումը մարդկային խղճի և արդարության հաղթանակն է անհանդուրժողականության ու ատելության հանդեպ։

Հիշողության և պատասխանատվության վրա խարսխված մեր քաղաքականության նպատակը մարդկության դեմ հետագա հանցագործությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորումն է: Եվ ինչպես իրավացիորեն նշեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը. «Չարիքի քողարկումը կամ դրա մերժումը նման է նրան, որ թույլ տանք վերքն առանց վիրակապելու շարունակի արյունահոսել»:

Վերքն արյունահոսում է, որովհետև աշխարհում շատ են չեզոքությունը, լռությունը, ժխտողականությունը և պակաս՝ մարդկայնությունը:

Մենք պարտավոր ենք լուծումներ գտնել նախքան մարդկությունը մեկ անգամ ևս կդավաճանի իր տված «այլևս երբեք» խոստմանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարծես թե դարձավ նման հանցագործությունների դեմ միջազգային պայքարի մի նոր հանգրվան. միայն վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներ և միջազգային կառույցներ ճանաչեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որոշները վերահաստատեցին այն, որոշ երկրներ էլ՝ քրեականացրին այն մերժելու, ժխտելու փորձերը մեկ համոզմունքով՝ դա է համաշխարհային պատմության մութ էջերը լուսավորելու և նման էջեր այլևս չգրելու միակ ուղին», - ասաց Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանից հետո Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում ելույթ ունեցան նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Անաստասիադիս․ ժամանակն է ճանաչելու պատմական փաստերը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը իր ելույթում մի քանի անգամ արտասանեց հայերեն «Մեծ եղեռն» բառերը՝ ընդգծելով, որ Կիպրոսը եվրոպական այն երկիրն է, որն առաջիններից մեկը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:

«Մեզնից յուրաքանչյուրն այսօր այստեղ է՝ այս անասելի իրադարձության մասին հիշատակը վառ պահելու համար՝ հարգանքի տուրք մատուցելով միլիոնավոր զոհերին, ովքեր կյանքից զրկվեցին մեկ դար առաջ, և մեր բոլորի պարտականությունն է լսելի դարձնել այն, որ չի կարելի դա անպատիժ թողնել», - ասաց Նիկոս Անաստասիադիսը:

Նա նշեց, որ Հայաստանը և Կիպրոսը երկուսն էլ անպատժելիության զոհեր են:

«Իսկապես ժամանակն է ճանաչելու պատմական փաստերը, քանի որ դա ճանապարհ կհարթի հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորման համար և անկասկած կնպաստի աշխարհի խաղաղությանը», - ընդգծեց Անաստասիադիսը:

Մեզ համար չգալու տարբերակ չկար․ Տոմիսլավ Նիկոլիչ

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, ելույթ ունենալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, նշեց, որ պատմական ճշմարտության ժխտումը կամ նենգափոխումը բացասաբար է ազդում իրազեկման մակարդակի վրա:

«Արդյոք մենք բարոյական իրավունք ունե՞նք մեկ դար առաջ զոհված հայերին չհիշելու: Արդյոք մենք բարոյական իրավունք ունե՞նք թույլ տալու, որ անցյալի ցնցող փաստերը մոռացության մատնվեն», - հարց բարձրացրեց Սերբիայի նախագահը:

«Այս դարաշրջանում, երբ «ցեղասպանություն» եզրույթն անգամ նենգաբար շահարկվում է քաղաքական մանրախնդիր շահերի համար, երբ իրավական ակտերը նենգորեն կիրառվում են երկակի ստանդարտներով, և երբ բարոյական իմաստով դա անհեթեթության է վերածվում և նույնիսկ ջարդերի ու ցեղասպանությունների զոհերը ներկայացվում են որպես ոճրագործներ, այսպիսի դարաշրջանում ինչպե՞ս կարող ենք մենք՝ սերբ ժողովրդի ներկայացուցիչներս, ովքեր զանգվածային կորուստներ են կրել վերջին շրջանի բոլոր պատերազմներում՝ զուտ սերբ լինելու համար, ինչպե՞ս կարող ենք մենք այսօր այստեղ չլինել և ինչպե՞ս կարող ենք դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակին, ինչպե՞ս չճանաչենք ճշմարտությունը, ինչպե՞ս չսովորենք ճշմարտության այն դասերը, որոնք մարդկությունը դասավանդել է և ավանդել է դեռ վաղուց»:

«Չէինք կարող հանդգնել այստեղ չլինել, մեզ համար չգալու տարբերակը չկար», - ասել է Տոմիսլավ Նիկոլիչը:

Օլանդ․ Հայաստանի ուղերձը համընդհանուր է

«Ես ցանկացա Ֆրանսիայի անունից ներկա լինել Երևանում 2015 թվականի այս ապրիլի 24-ին՝ հիշատակելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը», - հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ելույթ ունենալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Օլանդը շարունակեց․ - «Խոնարհվում եմ զոհերի հիշատակի առջև և գալիս եմ ասելու իմ հայ բարեկամներին, որ մենք երբեք չենք մոռանա ողբերգությունները, որոնցով անցել է ձեր ժողովուրդը»:

«100 տարի առաջ ավերիչ մի ատելություն ցանկացավ վերացնել մի բնակչություն, քանի որ այն հայկական էր: Այդ ատելությունը իրագործեց նշանակալի կոտորածներ, սակայն չկարողացավ հասնել իր վերջնական նպատակին՝ դուք այստեղ եք, կանգնած, կենդանի», - ասաց Ֆրանսիայի նախագահը:

«Հայաստանը կրում է եզակի հիշողություն, սակայն նրա ուղերձը համընդհանուր է՝ դա դիմադրության, ճանաչման, հույսի ուղերձն է», - հայտարարեց Ֆրանսուա Օլանդը:

«Ցեղասպանությունը սկսվեց ինչպես բոլոր կոտորածները՝ մտավորականների ձերբակալությամբ 1915-ի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոնստանդնուպոլսում։ Նրանք ձերբակալվեցին ու մահապատժի ենթարկվեցին, և բնաջնջման դժոխային մեխանիզմը գործի դրվեց: Բռնի տեղահանումներ, զանգվածային արտաքսումներ, հավաքական մահապատիժներ, առավել անպաշտպանների լքում անապատում և ի վերջո՝ համակենտրոնացման ճամբարներ», - ընդգծեց Ֆրանսուա Օլանդը:

Պուտինը վերահաստատում է ՌԴ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Նախագահ Վլադիմիր Պուտինը Ծիծառնակաբերդում հնչեցրած իր ելույթում վերահաստատեց Ռուսաստանի դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ:

«Մենք անկեղծորեն վշտակցում ենք հայ ժողովրդին, որին բաժին է ընկել մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը», - իր ելույթում, մասնավորապես, ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահը:

Պուտինը հայտարարեց, որ հենց ռուսական դիվանագիտությունն է հասել հայ ժողովրդի դեմ գործված բռնությունների միջազգային դատապարտմանը:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Սոզոնովի նախաձեռնությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան (և Ֆրանսիայի նախագահը քիչ առաջ հիշատակեց այդ մասին) համատեղ հայտարարությամբ տեղի ունեցածը ուղղակիորեն կոչեցին մարդկության և քաղաքակրթության դեմ գործված հանցագործություն», - նշեց նա: - «Մենք այսօր սգում ենք Հայ ժողովրդի հետ: Ռուսաստանյան հարյուրավոր քաղաքներում՝ ընդգծում եմ՝ հարյուրավոր քաղաքներում ավելի քան 2000 հիշատակի միջոցառումներ տեղի կունենան: Դրանց կմասնակցեն ոչ միայն շուրջ 3 միլիոն կազմող բազմամարդ հայ համայնքի ներկայացուցիչներ, այլ նաև այլ ազգությունների տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ», - նաև ասաց Ռուսաստանի նախագահը:

Պուտինը այն չորս նախագահներից մեկն է՝ Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահների հետ միասին, ով ընդունել է Երևանում ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին մասնակցելու՝ Հայաստանի հրավերը:

Ռուսաստանը և Ֆրանսիան այն ավելի քան երկու տասնյակ պետությունների թվում են, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG