Ում է երրորդ անգամ մակագրվել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու մյուս բարձրաստիճան հոգևորականները դատարանում, Էջմիածին, 7-ը օգոստոսի, 2026թ.

Ով է նոր դատավորը

Ամենայն հայոց կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան վեց հոգևորականների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին: Նա արդեն 3-րդ դատավորն է, որին փոխանցվում է այս գործը: Մելիքյանը դեռ դատական նիստի օր չի նշանակել:

Մելիքյանը 57 տարեկան է, դատավորի կարիերան սկսել է 2004 թվականին՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, 2019 թվականին նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2020 թվականին Մելիքյանը երկու անգամ մերժել էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը:

Հայտնի է նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաղորդման հիման վրա անցած տարի Մելիքյանի առնչությամբ քրեական վարույթ էր հարուցվել՝ հայտարարագրում ներկայացրած անճշտությունների հիմքով:

Դատավորի հայտարարագիրն ուսումնասիրած հանձնաժողովը կասկածներ ուներ, որ նրա «գույքի փոփոխությունը կամ պարտավորությունների նվազումը ողջամտորեն չեն հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք»: Այս գործով, ըստ ամենայնի, տեղաշարժ չկա, քանի որ ըստ օրենքի՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) համաձայնությամբ, ինչը տեղի չի ունեցել:

Հայտնի է, որ 2022 թվականին ԲԴԽ-ն միաձայն նկատողություն է հայտարարել Մելիքյանին: Կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը: Ըստ այդ միջնորդության՝ դատավորը խախտել էր Քրեական դատավարության օրենսգիրքը, մասնավորապես մեղադրյալի գույքի արգելադրման տևողությունը:

Ինչի մասին է քրեական գործը

Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

Սարոյանը վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցու բարենորոգման շարժմանը միացած տասը բարձրաստիճան հոգևորականներից մեկն է: Վարչապետն անցած տարվանից Կաթողիկոսին գահից հեռացնելու պայքար է սկսել՝ այդ ընթացքում տարբեր պատճառներ նշելով՝ կուսակրոնության ուխտը խախտելուց մինչև Արցախի հարցը բարձնացնելով պատերազմ հրահրելը: Գարեգին 2-ին հեռացնելու հարցը նույնիսկ տեղ է գտել Փաշինյանի կառավարության հնգամյա ծրագրում:

Ինչու գործից հրաժարվեցին նախորդ երկու դատավորները

Նախորդ երկու դատավորները հրաժարվել էին քննել կաթողիկոսի գործը:

Առաջին դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել, բացատրության մեջ նշելով, որ 2021-ին դատավորը սովորել է Փաստաբանական ակադեմիայում, որտեղ կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահ և փաստաբանի արտոնագիրը իրեն հանձնել է հենց Զոհրաբյանը։ Դատավորը համարել է, որ այդ հանգամանքը կարող է կասկած հարուցել իր անաչառության վերաբերյալ, ուստի ինքնաբացարկ է հայտնել։

Երկրորդ դատավորը՝ Սերժ Ռուշանյանը պնդել է, թե չի խուսափում այս գործը քննելուց, բայց կարծում է՝ ընդդատության խնդիր կա: Ըստ նրա, խնդիրն այն է, որ գործը պետք է քննվի ենթադրյալ հանցանքի կատարման վայրում: Հենց նրա որոշմամբ էլ վարույթը տեղափոխվեց Երևանի դատարան:

Եթե դատարանը հաստատի բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, ապա նրանց սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը կանգնում է դատարանի առաջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատավորը Կաթողիկոսի և մյուսների գործն ուղարկեց Երևանի դատարանԿաթողիկոսի և մյուսների գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու՝ տուժողի միջնորդությունը մերժվեցՓաշինյանը պնդում է՝ կաթողիկոսը խմբեր է ուղարկել տարբեր բնակավայրեր հեղափոխություն սկսելու համար, Մայր Աթոռը հերքում էԿաթողիկոսի հեռացման ու տեղապահի ընտրության հարցը՝ կառավարության ծրագրում«Նոր դատավորը պետք է արդարացնի Կաթողիկոսին». Գարեգին Բ-ի գործը՝ բարձր վարկանիշ ունեցող դատավորի սեղանին