«Ջերմուկ Գրուպ»-ից դեռ չեն արձագանքում Ռուսաստանում «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքին

Արխիվային լուսանկար

Չնայած հայ պաշտոնյաների պնդումներին, թե Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Հայաստանի տնտեսության համար որևէ դժվարություն չի ստեղծվել, ռուսական կողմը հայկական ապրանքի նկատմամբ հերթական սահմանափակման մասին է տեղեկացրել: Ռուսական շուկայում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի վաճառքը։

«Ջերմուկ Գրուպ»-ից խոստացան գրավոր արձագանքել, բայց ամբողջ օրվա ընթացքում տեղեկություն չտրամադրեցին: Մինչ այդ, Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ) հայտնում են՝ Ռուսաստանից պաշտոնական գրություն դեռ չեն ստացել:

«Տեսչական մարմինը որևէ համապատասխան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզոր»-ից որևէ պաշտոնական տեղեկություն, գրություն և այլն չի ստացել այդ խնդրի վերաբերյալ՝ «Ջերմուկ»-ի հետ կապված: Այս պահին ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը հասկանալու, համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, արդյունքները մենք անպայման կհրապարակենք», - «Ազատությանը» ասաց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

«Ջերմուկ»-ի մասին տեղեկությունը РБК-ին հայտնել է ռուսաստանի «Մրցունակ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» (մակնշման համակարգի օպերատոր) փոխտնօրենը: Պաշտոնյան ասել է, որ շրջանառության մեջ գտնվող 338 հազար շշի վաճառքը դադարեցվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի գրության հիման վրա: Որպես արգելքի պատճառ գերատեսչությունը նշել է «պարտադիր պահանջների խախտումներն» ու հավելել՝ անհրաժեշտ է «անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացիների կյանքի և առողջության հնարավոր վնասը կանխելու համար»։

«Չեստնիյ զնակ» պետական համակարգը «Ջերմուկ»-ի վաճառքը դադարեցրել էր նաև 2024 թվականին, երբ Հյուսիսային Օսիայի 65-ամյա մի բնակիչ էր մահացել՝ ըստ ռուսական կողմի՝ «Ջերմուկ» խմելուց հետո: Այդ ժամանակ ռուս իրավապահները պնդել էին, որ հանքային ջրի շշում քացախաթթու է եղել: Դրանից հետո, ռուսական աղբյուրների փոխանցմամբ, դադարեցվել էր 2.5 միլիոն շշի վաճառքը: Ռուսաստանի քննչական կոմիտեն, ի դեպ, օրերս վերսկսեց երկու տարի առաջ հարուցված այս քրեական գործի քննությունը՝ նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով, բայց ինչ հիմքերի մասին է խոսքը՝ չեն մանրամասնել:

«Ջերմուկ Գրուպ»-ը գործի վերաբացումից հետո հայտարարեց, թե ընկերության կամ աշխատակիցների դեմ որևէ մեղադրանք չկա: Ընկերությունը նաև նշեց, թե Ռուսաստանում իրենց դեմ ներկայացված քաղաքացիական հայցը բոլոր ատյաններում մերժվել է, իսկ փորձաքննությամբ արտադրանքի անվտանգության խախտումներ չեն արձանագրվել։ ՍԱՏՄ-ն էլ հայտնել էր՝ «Ջերմուկ»-ի մայր գործարանում իրենց ստուգումներից հետո եզրահանգել են՝ արտադրական համակարգը բացառում է շշում այլ նյութի հայտնվելու չնչին հնարավորությունն անգամ: Ստուգման արդյունքներն էլ, ըստ ՍԱՏՄ-ի, փոխանցել են ռուսական կողմին։

«Ջերմուկ Գրուպ»-ի հիմնադիր Աշոտ Արսենյանն այսօր էլ չպատասխանեց «Ազատության» զանգերին, բայց այդ օրերին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել էր, թե իրենց բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձեր են արվում:

«Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը: Մշուշոտ ենթադրությունների ետևում պարզ նշմարվում են ոմանց ականջները», - հայտարարել էր Արսենյանը:

Թե «մշուշոտ ենթադրությունների հետևում» ՀՀԿ-ական նախկին պատգամավորն ում ականջներն էր նշմարել, չէր մանրամասնել:

«Ջերմուկ»-ի արգելքից առաջ էլ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ»-ը նախաձեռնել է Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիայի չեղարկման գործընթաց՝ ներմուծվող կոնյակի նմուշներում խախտումներ հայտնաբերելուց հետո։ Գործարանը, սակայն, հերքել էր տեղեկությունը՝ պնդելով, թե իրենց շփոթել են Ռուսաստանում գործող դիստրիբյուտոր ընկերության հետ։

Մարտին կայացած Փաշինյան-Պուտին լարված հանդիպումից հետո Մոսկվայի այս քայլերը կարո՞ղ են վկայել այն մասին, որ ռուսական շուկայում հայկական բիզնեսների գլխին սև ամպեր են կուտակվում. իշխող ուժի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցներում պնդել էին, թե հայ–ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան։

«Մենք սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք, և նման մտադրություն չկա: Ինչ-որ հարցեր կան, էդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն, և մի պահ բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք՝ քաղաքական գործիչներս, այդ հարցերը քննարկելու և լուծելու համար ենք», - հայտարարել էր, մասնավորապես, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Էս խոսակցությունները, թեմաները նոր չեն, այսինքն՝ նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին, դրա նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին: Ինչպես տեսել եք՝ ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել: Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք շարունակելու ենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկել, բնականաբար, ոչ բոլոր հարցերի շուրջ ենք համաձայն լինելու», - իր հերթին, վստահեցրել էր խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Անցած տարի Ռուսաստանում ճգնաժամային իրավիճակում էր հայտնվել Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող «Սպայկա»-ն: Ընկերության հարյուրից ավելի բեռնատարների շարժը այդ երկրում արգելափակվել էր: «Սպայկա»-ից ավելի ուշ պնդեցին, թե մի քանի շաբաթում 2 միլիոն դոլարի վնաս են կրել, բայց ասացին՝ պատճառները հստակ չգիտեն: Այս հայտարարությունից հետո բեռնափոխադրող ընկերությունից առհասարակ դադարեցին հարցազրույցներ ու մեկնաբանություններ տալ: Հայտնի չէ, թե արդյոք լուծվել են նրանց խնդիրները Ռուսաստանում: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարբերաբար պնդում էր, թե այս խնդիրը քաղաքական ենթատեքստ չունի, և, ըստ նրա, ընկերությունը Ռուսաստանում հարկային պարտավորություններ է ունեցել:

Անցած տարի Ռուսաստան արտահանման խնդիրների բախվեցին նաև հայաստանյան ծաղկեգործները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երկաթուղու կառավարումը հանձնելու հայկական կողմի հայտարարությունները տարօրինակ են. ՌԴ ԱԽԵՄ-ին միանալու դեպքում Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի մոտ 23 տոկոսը. ՌԴ ԱԽ«Որևէ կոնկրետություն չկա». փոխվարչապետը՝ ՌԴ-ի հետ երկաթուղու հարցով բանակցությունների մասինՀայկական «Ջերմուկ»-ը՝ կրկին ռուս իրավապահների ուշադրության կենտրոնումՓաշինյանը և Պուտինը նախատեսում են հունիսի երկրորդ կեսին հանդիպելՌԴ-ն ուզում է չեղարկել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան, գործարանը պնդում է՝ սխալ նույնականացում է արվել«Նախընտրական դիսկուրս էր». քաղաքագետները՝ Փաշինյան–Պուտին բանակցությունների մասինՌԴ վերջին հայտարարություններից հետո հայ բեռնափոխադրողները նոր դժվարությունների մտավախություն ունենՄեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան. Փաշինյանը՝ Պուտինին