Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորը, մտահոգություն է հայտնել Հայաստանից ներմուծվող գյուղատնտեսական որոշ ապրանքների որակի վերահսկողության վերաբերյալ։
Կառույցի ղեկավարը պնդել է՝ Հայաստանի սահմանած վերահսկողությունը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության պահանջներին։ Այս հայտարարությունից հետո Հայաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխող վարորդները մտավախություն ունեն, որ կրկին կսկսեն սահմանին հերթերի մեջ մնալ: Նրանց խոսքով՝ երկու երկրների միջև անգամ փոքր լարումն առաջինը հենց իրենք են զգում:
«Անհանգստություն կա, որովհետև կարող է գնանք սահման, սահմանից մեզ հետ դարձնեն կապված այս լարվածությունից: Մենք դա անմիջապես մեր կաշվի վրա ենք զգում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:
Բեռնափոխադրողներն արդեն երկրորդ օրն է՝ իրենց փակ խմբերում զգուշացնում են միմյանց պատրաստվել նոր դժվարությունների, հատկապես գյուղմթերքի ու ծաղիկների արտահանման սեզոնին՝ հղում անելով Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահի պնդումներին:
«Պետք է ակնհայտ լինի, պետք է ազնիվ կերպով նախապես, ինչպես ասում են, ի սկզբանե ասված լինի, որ ԵՄ հետ մաքսային միությունում լինելն ու ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է, և հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական բնույթի է: Քանի որ որոշ հարցեր պահանջում են համատեղ մեծ աշխատանք, որը պետք է տարվի տարիներով։ Դա առանձին ապրանքային խմբերի գնահատման տարբերությունն է, այդ խմբերի մուտքը շուկա։ Դա բոլոր ապրանքների համար ֆիտոսանիտարական վերահսկողությունն է։ Ռուսաստանում և Եվրամիության երկրներում ֆիտոսանիտարական պահանջները լիովին տարբեր են, էապես տարբերվում են», - ասել էր Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունից հետո բեռնափոխադրողներին իրար հիշեցնում են, որ նման խնդիրներ եղել են նաև նախորդ տարի, երբ Ռուսաստանը չէր ընդունում Հայաստանից արտահանվող ծաղիկները՝ դրանք համարելով անորակ, հիվանդ կամ ոչ հայկական ծագման։ Նշվում էր նաև, որ Հայաստանից ծաղիկների արտահանման աննախադեպ աճը կասկածներ է առաջացրել Ռուսաստանում, թե դրանք կարող են վերաարտահանվել՝ այլ երկրի ծաղիկները ներկայացնելով որպես հայկական։
Հենց այսպիսի հայտարարութուն էր արել նաև Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը. «Մենք այս խնդրով նաև 2023-2024 թվականներին ենք զբաղվել, ապրանքների ծավալի ոչ տրամաբանական աճը միշտ է եղել, օրինակ՝ 3 տարում Հայաստանից ծաղիկների մատակարարումն ավելացել է 36 միլիոնից մինչև ավելի քան 100 միլիոն միավոր, նույնն է նաև այլ ապրանքատեսակների դեպքում»:
Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնից այսօր չպատասխանեցին ռուսական կողմի այս հայտարարություններին: Նախորդ տարի այս կառույցը պնդել էր՝ Հայաստանում ծաղիկների արտահանման աճը պայմանավորված է արտադրության իրական աճով:
Ռուսական արգելքին բախվող հայ ծաղկագործների բողոքի ակցիաներից հետո ՍԱՏՄ-ն Ռոսսելխոզնադզորի պահանջով անցած տարի համատեղ ստուգումներ էր սկսել Հայաստանի ջերմոցներում: Հետո հայտնել էին, որ Ռուսաստանը ծաղիկ արտահանող 32 խոշոր ընկերությունների արտահանման արտոնագիր է տվել։ Այս ընկերությունները զբաղեցնում են մոտ 95 հեկտար ջերմոցային տարածք, հենց այդքանն էլ ստուգվել էր:
Բեռնափոխադրող մեր զրուցակիցը, որ չցանկացավ ներկայանալ, տարիների իր փորձից հետևություններ է անում. «Սրանից մի 8-10 տարի առաջ ձեզ թվո՞ւմ է՝ մեր արտահանած ապրանքն ամբողջովին համապատասխանում էր ՌԴ չափանիշներին, ո՛չ, աչք էին փակում: Իսկ հիմա շատ ավելի որակյալ ապրանք ենք մենք տանում, բայց հիմա ավելի շատ ինչ-որ հիվանդություններ ու պահանջներ են առաջ գալիս: Քաղաքական լարվածության հետևանքներ են»:
Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հարցազրույց էր տվել ու զգուշացրել՝ Հայաստանը բեռնափոխադրումների հարցում կանգնելու է լուրջ մրցակցության առաջ ու կրկին նշել, թե օրինակ՝ որոշ ապրանքներ կարող են իրենց հետ բերել վնասակար միջատներ, բույսերի հիվանդություններ կամ վարակներ մտցնել իրենց երկիր:
Նախորդ տարի Ռուսաստանը, ի դեպ, արդեն խստացրել է վերահսկողությունը՝ սահմանին ավելի մանրակրկիտ ստուգումներ անցկացնելով։
Ռուս պաշտոնյաների իրար հաջորդող այս հայտարարությունները բեռնափոխադրողներին ստիպում է հետևություններ անել, որ Ռուսաստանի նման մեծ շուկայում աստիճանաբար հայ արտադրողն իր տեղը կկորցնի:
«Մեր ապրանքների չափանիշները եվրոպական ոչ մի երկրի չափանիշներին չի համապատասխանում: Մտածո՞ւմ եք, որ մենք մեր ծիրանով ու լոլիկով կարողանալու ենք մտնել եվրոպական շուկա, ի՞նչն ենք արտահանելու՝ կոնյա՞կն ու գինի՞ն, Իտալիա՞ն, Իսպանիա՞ն: Մենք կարո՞ղ ենք այնպես մրցունակ դառնալ, որ մեր այդ ապրանքներն իրենց խանութների դարակներում վաճառվեն», - ասաց բեռնափոխադրողը: