Իրանական հեռուստաընկերությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերի շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին սպանվել է Իրանի ուղղությամբ ավիահարվածների հետևանքով:
Սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը:
Ավելի վաղ հաստատվել էր երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահը: Մահացել են նաև նրա դուստրը, թոռը, դստեր ամուսինը և տղայի կինը:
Reuters-ը երեկ հաղորդել էր նաև Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի մահվան մասին՝ հղում անելով աղբյուրներին, սակայն իրանական լրատվամիջոցները դեռ չեն հաստատել սա:
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ըստ լրատվամիջոցների երեկվա հաղորդումների, չի տուժել:
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով այդ թվում նրա ղեկավարությանը:
Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտա տապալել իրենց կառավարիչներին:
Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով Իսրայելը և ամերիկյան ռազմակայաններն ամբողջ տարածաշրջանում: