Ի՞նչ է խոստանում կառավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հիման վրա կազմված ու «Չորրորդ Հանրապետության» սկիզբն ազդարարող կառավարության հնգամյա ծրագրով գործադիրը սոցիալ-տնտեսական մի շարք առանցքային հարցերի շուրջ շատ ավելի համեստ խոստումներ է տալիս, քան 2021-ի ընտրություններից հետո:

Առաջիկա հինգ տարիների ընթացքում ի՞նչ է խոստանում կառավարությունը 3 միլիոն հայաստանցիներին ու 5 տարի առաջ տված ո՞ր խոստումներն այդպես էլ թղթի վրա մնացին:

Աշխատատեղերի, աղքատության մակարդակի և թոշակի մասին

Գործադիրը պարտավորվում է հինգ տարում 125 հազար նոր աշխատատեղ ստեղծել: Թե այս խոստումը կատարելու դեպքում Հայաստանում գործազրկության մակարդակը 2031 թվականին որքա՞ն կկազմի հնարավոր չէ ասել: 2021-ին չափելի խոստում էին տվել՝ գործազրկության մակարդակը 15 տոկոսից նվազեցնել 10-ից էլ ներքև: 5 տարի հետո՝ ամենաթարմ տվյալներով այն 13.7 տոկոս է կազմում:

Կառավարությունը պարտավորություն է ստանձնում այժմ շուրջ 22 տոկոս կազմող աղքատության մակարդակը նվազեցնել 5 տոկոսային կետով, այսինքն՝ հասցնել մոտ 17 տոկոսի: 2021-ին շատ ավելի մեծ թիրախ էին ընտրել, որին նույնպես հասնել չստացվեց. խոստանում էին, որ մինչ 2026 թվականը Հայաստանում աղքատությունը երկու անգամ կկրճատվի, այսինքն՝ այժմ այն չպետք է անցներ 14 տոկոսի շեմը՝ ավելի ցածր, քան հիմա խոստանում են իրականացնել մինչ 2031 թվականը:

2021-ին կառավարությունը խոստացել էր 5 տարիների ընթացքում վերացնել ծայրահեղ աղքատությունը: Այս խոստումը նույնպես թղթի վրա մնաց: Ամենաթարմ՝ 2024-ի տվյալները ներկայացնող վիճակագրությամբ Հայաստանում ավելի քան 30 հազար մարդ բավարար մթերք ձեռք բերել չի կարողանում ու թերսնված է: Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով ծայրահեղ աղքատությունը վերացնելու խոստում ընդհանրապես չկա:

Որքան կբարձրացնեն կենսաթոշակը մինչև 2031 թվականը. միայն խոստանում են՝ այնքան, որ միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղից ցածր չլինի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ֆանտազիայի ժանրից է». կենսաթոշակն ու Լառնակայի տոմսը

Տնտեսության մասին

2021-ին գործադիրը խոստանում էր տնտեսության կառուցվածքում մշակող արդյունաբերության մասնաբաժինը 11 տոկոսից հասցնել 15 տոկոսի, չստացվեց: 2025-ին այն ՀՆԱ-ի կառուցվածքում նույն՝ 11 տոկոսն է կազմել: Այժմ թեև ուղիղ չեն գրել, թե որքան այն կկազմի 2031 թվականին, սակայն խոստանում են 50 տոկոսով մեծացնել արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները՝ այն հասցնելով ներկայիս փոխարժեքով տարեկան շուրջ 14 միլիարդ դոլարի.

Հինգ տարի առաջ կառավարությունը խոստացավ տարեկան միջինը 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական կապիտալի հոսքը հանգեցրեց թիրախից էլ բարձր ցուցանիշի: Սակայն արդեն այս տարի շատ ավելի համեստ արդյունքներ են կանխատեսում, ինչն արտացոլվել է նաև գործադիրի ծրագրում: Մինչ 2031 թվականը տարեկան միջինը 6 տոկոսանոց տնտեսական աճ են խոստանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառայությունները մնում են Հայաստանի տնտեսության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեցող ճյուղը

Գործադիրը խոստանում է հինգ տարիների ընթացքում լուծել Երևանի, Գյումրիի ու Վանաձորի ջրամատակարարման խնդիրն ու 24-ժամյա ջրամատակարարում ապահովել, սկսել ու մինչ 2033 թվականն ավարտել տասը ջրամբարների կառուցումը, 350 կիլոմետր ջրանցքներ ու խողովակաշարեր կառուցել, ավարտել Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ու 3600 ուսանողի համար նախատեսված կացարանի կառուցումը:

Կրթության ու գիտության ֆինանսավորման, սպորտի մասին

Կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչներին ևս մեկ անգամ ատեստավորում անցնելու հնարավորություն են խոստանում՝ բարձրացնելով նաև ուսուցիչների դրույքաչափը՝ այն սահմանելով 300 հազար դրամ: Խոստանում են մինչ 2031 թվականը գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի մեկ տոկոսին, որն այժմ 0.3-ի էլ չի հասնում: Բացի այդ, խոստանում են հինգ տարիների ընթացքում Հայաստանում արտադրված բարձր տեխնոլոգիական արտադրանքի տարեկան արտահանման ծավալը հասցնել կես միլիարդ դոլարի:

Կառավարությունը խոստանում է 5 տարիների ընթացքում Ակադեմիական քաղաքում 35 հազար հանդիսականի համար ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտ կառուցել, ևս երկու՝ 10 հազար մարդու համար նախատեսված մարզադաշտ Վանաձորում ու Իջևանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

2 միլիարդ դոլարի վարձավճար Ռուսաստանից. հայ-ռուսական նոր զարգացումներ հայկական երկաթուղու շուրջ

TRIPP-ի մասին

Խոստանում են մինչ 2031 թվականը գործարկել ԹՐԻՓՓ նախագծի երկաթուղային կառուցվածքը, նաև վերակառուցել ու գործարկել Ախուրիկից Թուրքիա ու Երասխից Նախիջևան տանող երկաթուղիները, թեև ամիսներ առաջ Երևանը դիմել էր, որ ռուսական կողմն անհրաժեշտ ներդրումներն անի ու Մոսկվան բանակցություններ սկսելու պատրաստակամություն էր հայտնել, Նիկոլ Փաշինյանն այժմ հայտարում է՝ սեփական միջոցներով կկառուցեն:

Կառավարությունը նաև ծրագրում է երկաթուղիների հավատարմագրված կառավարման համակարգը վերանայել այնպես, որ չխոչընդոտի, «Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը»: Թե ինչ մեխանիզմով, ծրագրում չեն մանրամասնում:Երևանը հարցը բարեկամաբար լուծելու ցանկություն ունի, առաջարկում են, որ Ռուսաստանը կոնցեսիոն իրավունքը շուկայական գնով վաճառի երրորդ կողմի: Մոսկվան զգուշացրել է՝ պայմանագրի խզման կամ կառավարումն այլ երկրի փոխանցելու դեպքում կպահանջեն 18 տարում արված ներդրումները՝ շուրջ 400 միլիոն դոլար։

Արտաքին քաղաքականության մասին

Հնգամյա ծրագրի արտաքին քաղաքականության վերաբերյալ բաժնում, ի դեպ, գրել են Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխման մասին.

«Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ»,- ասված է կառավարության հնգամյա ծրագրում:

2021-ին հայ-ռուսական «ռազմավարական դաշինքը» Հայաստանի անվտանգության ապահովման գործոն էին ներկայացնում: Այս ծրագրում ռազմավարական բառն էլ չեն կիրառում: Այդ արտահայտությամբ բնութագրում են Իրանի, Վրաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ֆրանսիայի, Չինաստանի և այլ երկրների հետ գործընկերությունը:

Ու մինչ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ է կիրառում, իսկ ԵԱՏՄ երկրների ղեկավարները հորդորում են մինչ այս դեկտեմբեր հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ, թե Եվրամիություն հարցով, Փաշինյանի կառավարությունը տնտեսական միությունում արդյունավետ համագործակցության մասին է գրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ արտաքին քաղաքականություն է խոստանում նոր կառավարությունը

Թեև Փաշինյանի առաջնորդած կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում չստացավ սահմանադրական մեծամասնություն, որն անհրաժեշտ է սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նրա կառավարության ծրագրում նաև նոր Սահմնադրության ընդունման մասին բաժին կա: Փաստաթղթում նշել են նաև կաթողիկոսին հեռացնելու, տեղապահ նշանակելու նպատակը: Բայց երկուսի դեպքում էլ պարզ չեն դրանց հասնելու ճանապարհները: Երբ այս ծրագիրն առաջիկա օրերին խորհրդարանում քննարկվի ու հաստատվի, այս ամենն արդեն պաշտոնական կարգավիճակ կստանա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական սահմանափակումների ֆոնին ի՞նչ ցուցանիշներ կան գյուղատնտեսությունումՖերմերները դժգոհում են՝ չեն կարողանում իրացնել լոլիկը Ադրբեջանից Հայաստան՝ 6.4 մլն դոլարի նավթամթերք, Հայաստանից Ադրբեջան՝ 0 դոլարի ապրանքԵԱՏՄ 4 երկրները հայտարարում են՝ ՀՀ-ի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին, Երևանը դեռ չի արձագանքումԻ՞նչ է անելու կառավարությունը երկաթուղու ու ատոմակայանի հետԿաթողիկոսի հեռացման ու տեղապահի ընտրության հարցը՝ կառավարության ծրագրումԳազ, առևտուր, բիզնես. ի՞նչ արժեն Երևան-Մոսկվա փոխադարձ խայթոցները