Հայաստանի վարչապետը երեկ ներկայացնում էր, թե կենսաթոշակի բարձրացումը ինչ հնարավորություններ է ստեղծել տարեցների համար։ Գյումրի-Լառնակա տոմսը ընդամենը 900 դրամ էր։
«Հիմա, ժողովուրդ ջան, 2,19 եվրո», - ասաց Փաշինյանը։
Մինչև նա իջավ ամբիոնից, այդպիսի գին արդեն չկար։ Այս պահի դրությամբ կիրակի Գյումրիից կարելի է Կիպրոսի ծովափ հասնել 50 դոլարով։ Նրանք դեռ պիտի այնտեղ մնան, հյուրանոց վարձեն ու ի վերջո վերադառնան, բայց վարչապետը ուրիշ հաշվարկ ունի՝ թոշակի 10 հազար դրամով ավելացման շրջանակում։
«Ապրիլի 1-ից բարձրացրած թոշակով թոշակառուն կարող է հինգ հատ туда-обратно տոմս առնեի։
«Ֆանտազիայի ժանրից է, որ թոշակառուները կարող են այդ թոշակով ապրեն և դե նույնիսկ զբոսաշրջությամբ զբաղվեն։ Ուրեմն մինչև կյանքիս վերջը պետք է ամիսը 1000-2000 դրամ հետ գցեմ, որ կարողանամ գնալ Կիպրոս կամ Եգիպտոս», - ասաց թոշակառուներից մեկը:
Տիկին Մարգարիտը վարչապետի Կիպրոսյան առաջարկով հետաքրքրված չէ. «Ինձ ոչ արև է կարելի, ոչ աղի ջուր է կարելի ոտքերս դնել, գնամ Կիպրոսը ի՞նչ անեմ»։
Արդյոք Հայաստանի թոշակառուները համաձա՞յն են, որ կառավարության գործադրած ջանքերով իրենց թոշակը այնքան է բարձրացել, որ արդեն հոգում են նվազագույն կարիքները ու կարող են մտածել ծովափնյա հանգստի մասին։
«Հաճույքով եմ արձանագրում, որ մենք կենսաթոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում ունենք պատմական նվաճում», - երեկ ասել է Փաշինյանը։
Տիկին Ֆրիդան իր 60 հազար դրամն է առաջարկում վարչապետին ու թոշակի ավելացումը նվաճում համարող նրա թիմակիցներին։ Թող ապրեն, ասում է. «Ես էրեխեք ունեմ, ինձ վարդի նման պահում են։ Եղա՞վ։ Բայց թող Փաշինյանը չասի, որ իր 10 հազար տվածով ենք ապրում»։
Իշխանականներից Շիրակ Թորոսյանը երեկ ասում էր՝ թոշակառուները իրական հպարտություն են զգում հիմա, իրենց երեխաների հույսին չեն:
«Երեխաներիս հույսին եմ, - պատգամավորին տեղեկացնում է տիկին Ֆրիդան, շարունակում հարցերով, - ինչքա՞ն փող են ստանում, մեկ, ինչքա՞ն պարգևավճար են ստանում, երկուս, քանի՞ մեքենա է նրանց համար ծառայում, երեք»։
Կարեն Նազարյանը 55 հազար է ստանում ավելանալուց հետո, ստիպված գուլպաներ է վաճառում փողոցում, որ մեկ-մեկ միս գնի։ Տիկին Լուսին 46 հազարով պիտի յոլա գնար, եթե հարազատները չլինեին։
Մի կին էլ 45 հազար է ստանում, երբեք չի փորձել ապրել այս փողով։ Փաշինյանն ասում էր՝ Հայաստանում այլևս սոված թոշակառու չկա։ 45-ով կկշտանա՞. «Չգիտեմ սոված կմնամ, թե չէ, բայց այդ ծախսերին չեն հերիքի»։
60 հազար ստացողն էլ է ասում՝ մի ամիս չի ձգի. «Ո՞նց կարող է այդ թոշակով, եթե ես չունենամ երեխա, օգնող չունենամ, ես ո՞նց կարող եմ բավարարվեմ մենակ այդ կոմունալ ծախսերն է, դեղերն է»:
Իսկ Վարինկա Մկրտչյանը մարզում է ապրում, հող ունի, 50 հազարով ապրում է, բայց աշխատող զավակների հետ. «Գյուղն եմ, կապրեմ, ես շատ գոհ եմ իշխանությունից»։
Միտքը չի զբաղեցնում ծովափնյա ցանկություններով և այդպես ավելի հեշտ է. «Մեր մոտ ավելի լավ է, Կիպրոս էլ է, ամեն ինչ էլ է. Արտաշատ»։
Մի քաղաքացի էլ խոսել չցանկացավ, ասաց՝ նյարդերը քայքայվում են։
Անդրանիկ Խաչատրյանը նույնպես թոշակի հույսին չէ, բայց կարծում է իր 70 հազարով ամռանը կարող է ապրել։ Ձմռանը ջեռուցման ծախսերի շրջանում կդժվարանա։ Գոհ են, ուրախ Մասիսից Երևան եկած կանայք, մենակ են ապրում և պնդեցին՝ լավ են ապրում. «Պետք է մեր հոգ ու կապից էլ զգաք։ Ամեն ինչից գոհ ենք»
«Որ թոշակս հերիքեր, Աստծուն փառք կտայի ու չէի աշխատի», - գործից հոգնել, բայց Կիպրոսի մասին չի էլ երազում «Ազատության» մեկ այլ զրուցակից՝ ամսվա եկամուտը սպառում է զգույշ։
Այսօր տասնյակ կենսաթոշակառուների հետ զրուցեցինք։ Նրանցից միայն Սուսաննա Կիրակոսյանն էր, որի ամսական ոչ թե թոշակ, այլ ընդհանուր ստացածը հասնում է 100 հազարի։ Կենսաթոշակ է, նպաստ ու հետվճար։ Այս գումարով ասում է՝ հնարավոր է սառնարանը դատարկ չպահել։
80-ամյա կինը ապրում է մենակ, զավակներ չունի։ Գիտի, որ իր կեսի չափ ստացողները մենակ յոլա գնալ չեն կարող, նույնիսկ 100 հազարով է դժվար. «Կոշիկ է, շոր է, դե այդպես ինչ-որ բաներ չեմ առնում հիմա։ Հներով եմ յոլա գնում, այսպես ասած, բայց չգիտեմ, ես որ դզգոհ չեմ»։
Ծովափնյա հանգստի մասին չի մտածում, որովհետև տարվա երեք եղանակներին փող է հավաքում ձմեռվա ջեռուցման համար։