Մատչելիության հղումներ

Ծառայությունները մնում են Հայաստանի տնտեսության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեցող ճյուղը

Երևանի կենտրոնական փողոցներից մեկում, արխիվ
Երևանի կենտրոնական փողոցներից մեկում, արխիվ

Տնտեսության առանցքային՝ մշակող արդյունաբերության ճյուղի դիրքերը շարունակում են թուլանալ: Բուն արտադրանք ապահովող ոլորտների մասնաբաժինն ընդհանուրի մեջ տարեցտարի փոքրանում է. այս տարվա առաջին կիսամյակի օրերս հրապարակված պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ եթե 2025-ի առաջին կիսամյակում Հայաստանի արդյունաբերության 66.8 տոկոսը մշակող ոլորտներն էին ապահովել՝ սննդամթերքից մինչև կահույքի արտադրություն, ապա այս տարի ցուցանիշը նվազել է 62.2 տոկոսի: Զուգահեռ, երկնիշ տեմպերով աճում են հանքարդյունաբերության ծավալները՝ Հայաստանի ընդհանուր արդյունաբերության 23.7 տոկոսը միայն հանքերի շահագործմանն մասնաբաժինն է:

Հենց մշակող արդյունաբերության կառուցվածքում նույնպես փոփոխություններ կան: Ծխախոտի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ փոքրացել է. եթե անցած տարվա առաջին կիսամյակում շուրջ 145 միլիարդ դրամի ծխախոտ էին արտադրել, այս տարվա նույն ժամանակահատվածում ծավալները 140 միլիարդ դրամի չեն հասել: Հայաստանի խոշոր հարկ վճարողների վիճակագրությունը ևս արտացոլում է միտումը. 10 ամենախոշոր ընկերությունների ցանկում այս տարվա առաջին կիսամյակում միայն «Գրանդ տոբակո»-ն է հայտնվել, անցած տարվա ցուցակում էր նաև «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը:

Տարվա առաջին կեսի վիճակագրությունը նաև բազմաթիվ այլ սոցիալ-տնտեսական միտումներ է ցույց տալիս: Ծառայությունների բնագավառը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեցող ճյուղը, այն շարունակում է երկնիշ տեմպերով աճել. այս տարվա առաջին կեսի ընթացքում Հայաստանում ընդհանուր առմամբ շուրջ 5.9 միլիարդ դոլարի ծառայություն են մատուցել, արտադրել գրեթե 4.2 միլիարդ դոլարի ապրանք՝ ներառյալ հանքարդյունաբերությունը:

Առաջին տեղում բանկային ոլորտն է՝ 1 միլիարդ 341 միլիոն դոլարի ծառայություն են մատուցել, հաջորդում է ՏՏ ոլորտը՝ ծրագրային ապահովումը շուրջ 880 միլիոն դոլար ծավալով, ապա հանրային սննդի ոլորտն է՝ 431 միլիոն դոլար ծավալով, որին հաջորդում են օնլայն կազինոներն ու բուքմեյքերական կազմակերպությունները. չնայած իշխանությունների հայտարարություններին, թե պետք է պայքարել խաղամոլության դեմ, այս ընկերությունները կես տարվա ընթացքում գրեթե 355 միլիոն դոլարի խաղեր են անցկացրել: Պարզ հաշվարկը փաստում է, որ Հայաստանի բնակիչներն այս տարի միջինն արդեն ավելի քան 41 հազար դրամի խաղացել են: Հայաստանում առողջապահության կամ գլխավերևում տանիք ունենալու համար ավելի քիչ են ծախսում, քան հատկացնում են օնլայն խաղերին:

Իսկ որքա՞ն են հայաստանցիները ծախսում ծառայությունների վրա

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Երևանում ապրող քաղաքացին 17.3 անգամ ավելի շատ է ծառայություններից օգտվում, քան Գեղարքունիքի բնակիչը: Մայրաքաղաքի ու մյուս բոլոր մարզերի միջև տարբերությունը շատ մեծ է: Երևանում ապրող մարդուն ամսական միջինը 265 հազար դրամի մատուցված ծառայություն է բաժին հասնում՝ հանրային սննդի կազմակերպությունից մինչև առողջապահություն ու կրթություն, իսկ Գեղարքունիքում ապրող մարդուն ամսական բաժին հասնող ծառայությունների ծավալը հազիվ անցնում է 15 հազար դրամի շեմը:

Ինչպե՞ս ենք առևտուր անում

Նույնն էլ՝ մանրածախ առևտրի դեպքում: Երևանում ապրող բնակիչը միջինը գրեթե 6 անգամ ավելի շատ առևտուր է անում, քան Գեղարքունիքում ապրող մեկ մարդը: Բոլոր մարզերն են Երևանից անգամներով հետ մնում: Եթե երևանցին այս տարի ամսական միջինը շուրջ 105 հազար դրամի առևտուր է արել, ապա Գեղարքունիքում ապրողը ամսական 20 հազար դրամ էլ խանութներում չի ծախսել:

Աշխատաշուկա

Ամենաթարմ՝ այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով, աշխատանքային շուկայից դուրս մնացած մարդկանց թիվը ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է. 1 միլիոն 27 հազար մարդ ոչ գործ ունի, ոչ էլ աշխատանք է փնտրում: Աշխատունակ տարիքում գտնվող մարդկանց գրեթե կեսը՝ շուրջ 44 տոկոսը չի աշխատում: Աշխատել ուզում է, սակայն գործ այդպես էլ չի կարողանում գտնել 188 հազար 200 մարդ կամ աշխատունակ բնակչության 13.7 տոկոսը. պաշտոնապես հենց այս մարդիկ են գործազուրկ համարվում: Նրանցից 97 հազար 300-ը գործ են փնտրում ու չեն գտնում արդեն ավելի քան մեկ տարի: Կանայք ավելի շատ են դիմում սոցապ նախարարությանը գործ գտնելու համար, ամենամեծ խումբը 35-ից 44 տարեկան կանայք են:

Գործ են փնտրում նաև հետբուհական, բարձրագույն կրթություն ունեցողները: Երիտասարդների համար հեշտ չէ, հունիսի վերջի դրությամբ աշխատանք փնտրող երիտասարդների 64.4 տոկոսը գործ չի գտել: Գործ փնտրող 9 մարդու համար 1 թափուր աշխատատեղ կա: Գործատուներն էլ հիմնականում բանվորների, վաճառողների ու հավաքարարների են աշխատանքի հրավիրում:

Աշխատանք ունեցող գրեթե 830 հազար քաղաքացիներից ամենաբարձրը վարձատրում են ՏՏ ոլորտում և ֆինանսական շուկայում աշխատողներին, ամենաքիչը՝ մշակութային հաստատություններում աշխատողներին ու կրթության ոլորտի ներկայացուցիչներին:

Շինարարություն

Չնայած սոցիալական այս խնդիրներին՝ շինարարության ծավալները չեն նվազում. հունվարից հունիս ժամանակահատվածում Հայաստանում ընդհանուր առմամբ շուրջ 690 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքով բնակելի շենք են շահագործման հանձնել, ավելի քան 60 տոկոսը՝ միայն Երևանում: 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում կառուցված շենքերի ընդհանուր մակերեսն ավելի մեծ է գրեթե 50 տոկոսով: Ակտիվությունը մեծ է նաև մայրաքաղաքին մոտ մարզերում՝ հատկապես Կոտայքում ու Արարատում:

Լոգիստիկա

Բեռնափոխադրումների մասին. վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա առաջին կեսին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը զգալիորեն՝ ավելի քան 24 տոկոսով աճել է, Հայաստանից այս եղանակով ավելի քան 235 հազար տոննա բեռ են արտահանել, ավտոմեքենաներով արտահանումների ծավալը շուրջ 327 հազար տոննայի է հասել, ինչը 13.3 տոկոսով քիչ է 2025-ի նույն ժամանակահատվածի ծավալից:

Հայաստանի երկաթուղիներով ամենաշատ քանակով գունավոր մետաղների հանքաքար են տեղափոխում, ապա՝ նավթ ու նավթամթերք, ադրբեջանական վառելիքը հենց այս եղանակով է Հայաստան հասնում: Սակայն հացահատիկի փոխադրման ծավալն առայժմ համեստ է, թեև երկաթուղով ռուսական ցորենի Հայաստան հասնելը իշխանությունները որպես շատ կարևոր իրադարձություն ներկայացրեցին. այս տարվա առաջին կեսին 34 հազար տոննայից էլ քիչ հացահատիկ է երկաթուղով Հայաստան հասել, մինչդեռ ամեն տարի Հայաստանն ավելի քան 300 հազար տոննա ցորեն է ներկրում:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG