Հիասթափված է Տիգրան Խզմալյանը․ «Ժողովրդին ու Եվրոպային խաբել են»

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը Ազգային ժողովում «ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի քննարկման ժամանակ, Երևան, հունվար, 2026թ.

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հիասթափված է Բիշքեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած մեկնաբանությունից։ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել են՝ հանրաքվեի գաղափարից հրաժարվելու համար:

«Այսպիսով՝ փորձառու, հին չեկիստ Վլադիմիր Պուտինը, համառորեն պնդելով, կարողացավ Հայաստանի վարչապետին հասցնել այն վիճակին, որ նա ստիպված եղավ սեփական ժողովրդի և աշխարհի առջև խոստովանել, որ այս ամենը դավադրություն էր: Նա բառացիորեն ասաց. «Մենք ընդունեցինք այս օրենքը, որպեսզի չանցկացնենք հանրաքվե»»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասաց Խզմալյանը:

Խզմալյանի գնահատականը․ «Փաշինյանը խաբել է թե՛ ժողովրդին, թե՛ Եվրոպային»

«ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը խորհրդարան էր հասել Խզմալյանի և արտախորհրդարանական այլ ուժերի նախաձեռնությամբ։ 2025-ի գարնանն ընդունված այս նախագիծն էլ դարձավ Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների սրման պատճառը։

Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով պահանջում է հանրաքվե անցկացնել՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև վերջնական ընտրություն անելու համար։ Սա էր նաև Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման առանցքային թեման։ Վարչապետը, սակայն, ՌԴ նախագահին կրկին բացատրեց, թե հանրաքվեի պահը դեռ չի հասունացել, իսկ օրենքն ընդունվել է հենց հանրաքվեն կանխելու համար։

Խզմալյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այս խոստովանությունը վկայում է ոչ միայն սեփական ժողովրդին, այլև Եվրամիությանը խաբելու մասին:

«Ժողովուրդը լսեց դա, դա լսեցին Եվրոպայում, դա լսեցին Ամերիկայում: Ամենակարևորը՝ հայ ժողովուրդը լսեց, որ իր հետ այսպիսի խաղեր են խաղում. սա է այն, ինչով ավարտվեց բիշքեկյան այցելությունը: Հիշո՞ւմ եք՝ Հայաստանի մեծագույն նվաճում էր մասնակցությունը քոչվորների համաշխարհային խաղերին. սրանք քոչվորների խաղեր են, այսպես խաբում են Ստամբուլի շուկայում», - շարունակեց Խզմալյանը:

Տարբերվող մոտեցումներ նախաձեռնության հեղինակների շրջանում

Ի տարբերություն Խզմալյանի՝ նախաձեռնության մյուս անդամները վարչապետի մեկնաբանությունից հրապարակային դժգոհություն չեն հայտնել։ Ավելին՝ Երևանի ավագանիում իշխող ուժի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ինչպես հարկն է արձագանքել է Ռուսաստանի նախագահին։

Ինքը՝ վարչապետը, երեկ բացատրում էր, թե ինչու է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասել, որ օրենքի ընդունմամբ, ըստ էության, հրաժարվել են հանրաքվեի գաղափարից․

«300 հազար քաղաքացի մի բանի տակ ստորագրի, Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովը պետք է ասի՝ չէ՞: Ասի՝ չէ, այդ մարդիկ հետ կգնան և հանրաքվե կնախաձեռնեն, և մեր գնահատականը եղել է այն, որ այդ հանրաքվեի արդյունքները կլինեն բավարար օրենքն ընդունելու համար: Ժողովրդին ինչո՞ւ տանենք պտտենք, երբ ժողովուրդն ընտրել է մարմին՝ իր քաղաքական ձգտումները ներկայացնելու համար»:

«Օրենքն արդեն տվել է իր արդյունքները»

Կառավարության ղեկավարը նաև պնդեց, թե Հայաստանն այդ օրենքն ընդունելով մեծ օգուտներ է ստացել։ Որպես օրինակ՝ Փաշինյանը նշեց, որ Բելառուսի նախագահն այլևս չի հայտարարում, թե «ո՞ւմ են պետք հայերը, մեզնից բացի ոչ մեկին պետք չեն»։

«Հիմա տեսեք՝ որևէ մեկն ասո՞ւմ է՝ Հայաստանն ո՞ւմ է պետք, Հայաստանը գնալու տեղ չունի: Իսկ կա՞ր նման հայտարարություն այդ օրենքն ընդունելուց առաջ. այո՛, կար, և ոչ միայն հայտարարություն, այլ նաև ըմբռնում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ, առանց հստակ անուններ տալու, ասաց, թե գործընկերներից հորդորներ է ստանում ԵՄ անդամակցության օրենքը չեղարկելու մասին, սակայն պնդեց՝ այդպիսի բան չի կարող լինել: Տիգրան Խզմալյանը ևս օրենքի չեղարկումը քիչ հավանական է համարում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո որևէ կնճռոտ հարցի լուծման մասին չհայտարարվեցՊուտինը Փաշինյանին դարձյալ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անելԵՄ-ն կխաբի Հայաստանին ինտեգրման հետ կապված ակնկալիքներում. Օվերչուկ Լավրով. ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կկորչիՀենց ԵԱՏՄ-ում են ջանում, որ Հայաստանը ԵՄ անդամակցության դիմում ներկայացնի. ՌուբինյանՌԴ-ից դարձյալ խոսում են ԵԱՏՄ արտոնություններից, Փաշինյանը՝ ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայից Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ. ԼավրովՀայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան«Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին