Չնայած Մոսկվայից պարբերաբար հնչող կոչերին՝ Հայաստանն առաջիկայում հանրաքվե չի անցկացնելու Եվրամիությանն անդամակցելու հարցով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ըստ էության, արձագանքեց Եվրասիական միության չորս երկրների ղեկավարների նամակին, թե «անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու հարցով»:
«Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, որովհետև հիմնավորում էլ չկա: Այսօր այդ ընտրությունը տեսական է, տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը խելամիտ ու ճիշտ չէ», - նշեց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵԱՏՄ 4 երկրները հայտարարում են՝ ՀՀ-ի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին, Երևանը դեռ չի արձագանքումՀայաստանի նկատմամբ ԵԱՏՄ համաձայնագրի մեխանիզմը սառեցնելու հարցը նախատեսվում է քննարկել մինչև դեկտեմբեր, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը։ «ԵԱՏՄ երկրների ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ մինչև դեկտեմբեր կորոշվեն միությանը Հայաստանի անդամակցության բարդությունների հետ կապված բոլոր նրբությունները», - այսօր ասել է Դմիտրի Պեսկովը։
Տնտեսական պատժամիջոցների ու սպառնալիքների ֆոնին Վլադիմիր Պուտինն անձամբ էր խոսել Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին՝ պնդելով, թե վարչապետ Փաշինյանը համակարծիք է իր հետ:
«Մենք կխնդրեինք մեր հայ գործընկերներին, բարեկամներին... Վարչապետ Փաշինյանն ինքն է այդ մասին ասել, որ նախատեսում է և ճիշտ է համարում անցկացնել հանրաքվե այն հարցի վերաբերյալ, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միությունում, թե Եվրոպական միությունում։ Մենք կցանկանայինք, որ դա իրականացվի հնարավորինս շուտ», - ասել է Պուտինը:
Վարչապետը, սակայն, այսօր նորից հավաստիացնում էր, որ Հայաստանը դեռ մնալու է Եվրասիական միությունում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ. «Մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում: Ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործենք»:
Օրվա երկրորդ կեսին էլ Երևանն ու Մոսկվան հաղորդեցին, որ վարչապետի ծննդյան օրվա առիթով հեռախոսազրույցում Պուտինն ու Փաշինյանը քննարկել են նաև հայ-ռուսական հարաբերությունները, վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել «տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցՄանրամասներ հայկական կողմը չի հաղորդում, ռուսներն էլ միայն նշում են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրասիական միության վերջին նիստի արդյունքները: Փաշինյանն ինքը քարոզարշավի պատճառաբանությամբ Աստանա չէր մեկնել՝ գործուղելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
ՌԴ խոսնակ Մարիա Զախարովան էլ այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդեն Մոսկվայում է։ Նա հետ էր կանչվել անցած շաբաթավերջին՝ խորհրդակցությունների համար։
Միաժամանակ Ռուսաստանից գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում են հնչել տնտեսական ծանր հետևանքների մասին զգուշացումներ: Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է երեկ նորից հիշեցրել գազի հնարավոր թանկացման մասին Երևան ուղարկված նամակն ու հակադարձել հայաստանյան իշխանություններին, թե այլընտրանք կգտնեն:
«Մենք շատ լավ գիտենք իրավիճակը գազի շուկայում: Այնտեղ այլ գազ բացի ռուսաստանյանից երբեք չի լինի: Ամբողջ հարցը միայն այն է՝ որտեղից Հայաստանը կստանա ռուսաստանյան գազը և ինչ միջնորդների կվճարի», - նշել է Օվերչուկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինիՌուսական պատժամիջոցների թեման տաք են պահում նաև հայաստանյան ընտրությունների մասնակիցները: «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցի հետ զրուցում այսօր հայտարարել է, թե Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը Երևանի համար պարզապես աղետ կլինի:
«Խաղադրույքները հիմա շատ ավելի բարձր են, քան պարզապես խորհրդարանական ընտրությունները. խոսքը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի մասին է՝ Հայաստանը հեռանո՞ւմ է Ռուսաստանից, թե՞ պահպանում է որոշակի բալանսավորված քաղաքականությունը: Հետևանքները շատ լուրջ են, քանի որ դա կազդի Հայաստանի տնտեսության, անվտանգության վրա, այսինքն փաթեթը շատ-շատ լուրջ է», - ասել է Քոչարյանը:
Արևմտամետ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, մինչդեռ, համոզված է, որ ամեն ինչ հարթվելու է ընտրություններից հետո. «Հունիսի 8-ին ամեն ինչ ընկնելու է իր տեղը, պետությունը շարունակելու է իր նույն հունով գնալ: Այդ արգելքներն ու արգելանքները ամբողջությամբ հանվելու են, ռուսական իշխանությունները շնորհավորելու են Հայաստանի Հանրապետության հաղթած վարչապետին, նորից խոսելու են հայ-ռուսական ժողովուրդների բարեկամության մասով, պարզելու են, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը մյուս բաներում արդեն մաքրված է գտել հայկական ապրանքները»:
Այսօր Եվրամիությունն է հայտարարել, թե Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել ընտրությունների արդյունքի վրա, դաշինքն ընդգծում է, որ կշարունակեն աջակցել Երևանին այդ հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար:
«Որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկիր՝ Հայաստանը ունի իր սեփական ուղին և գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները», - ասված է Եվրոպական միության հաղորդագրությունում: