Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը պետական լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի հետ կապված ամենազգայուն հարցը գազինն է։
«Խնդիրը բացասական զարգացումը կանխելն է», - ասել է Մաքսիմ Ռեշետնիկովը՝ հավելելով, թե «Հայաստանի ընտրած ճանապարհը կհանգեցնի ԵԱՏՄ-ում գտնվելու անհնարինությանը»։
Պաշտոնական Մոսկվան, որը դժգոհ է Հայաստանի եվրոպական ձգտումներից, օրերս նամակով զգուշացրել է Երևանին, թե կարող է դադարեցնել արտոնյալ պայմաններով բնական գազի և նավթամթերքի մատակարարումը Հայաստանին։
«Այդպիսի նամակները մեզ համար նորություն չեն», - երեկ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Վերջին ութ տարում մենք այդպիսի նամակներ մի քանի անգամ ստացել ենք, և այդ նամակների շուրջ աշխատանքի մեր փորձը, ձևաչափերը և բանաձևերն ունենք։ Նախկինում էլ փորձը ցույց է տվել իր արդյունավետությունը»։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը անտրամաբանական էր համարել ռուսական կողմի սպառնալիքները։ Այսօր Աստանայում անցկացվող ԵՏՄ նիստին ընդառաջ Մոսկվան արդեն մի շարք սահմանափակումներ է կիրառել Հայաստանի նկատմամբ՝ արգելելով բանջարեղենի, ելակի, ծաղիկների ներմուծումը, «Ջերմուկ» հանքային ջրերի ու մի քանի ընկերությունների ալկոհոլային խմիչքների վաճառքը Ռուսաստանում։