Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստանյան ակտիվները՝ ստիպելու համար սեփականատերերին ազատվել դրանցից, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:
«Ֆիքսում ենք նախանշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում ռուսաստանյան արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շևցովը՝ չտալով Հայաստանում գործող ռուսական որևէ բիզնեսի անուն:
Նրա խոսքով՝ «շրջանառվում են թեզեր դրանց անբավարար ֆինանսավորման, ներդրումային մթնոլորտի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության բնապահպանական վնասի, աշխատակիցների ցածր աշխատավարձի մասին»:
«Դա արվում է արժեզրկելու համար ռուսաստանյան ակտիվները և սեփականատերերին ստիպելու ազատվել դրանցից», - պնդել է ռուս պաշտոնյան:
Նման մարտավարությունը, Շևցովի համոզմամբ, «կդառնա ևս մեկ «կրակոց ոտքին» հայաստանյան տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ «ռուսաստանյան բիզնեսը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել և արդյունավետ կառավարում է իր ակտիվները օրինական հիմքերի վրա՝ նշանակալի ներդրում ունենալով Հայաստանի համախառն ներքին արդյունքում»:
Արդյոք երկաթուղի՞ն նկատի ունեն
Նախօրեին էլ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն էր հայտարարություններ արել Հայաստանի վերաբերյալ՝ պնդելով, մասնավորապես, թե երկրի իշխանությունները ձգտում են խզել կապերը Ռուսաստանի հետ:
Անվտանգության խորհրդում Շոյգուի տեղակալն ակներևաբար նկատի ունի առաջին հերթին հայկական երկաթուղու շուրջ վերջին զարգացումները:
Այս ամսվա սկզբին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետն առաջարկել էր քննարկել նաև ոչ շահութաբեր ռուսական ընկերությունների հարցը: Բայց արդյո՞ք այս ամիսներին հայ - ռուսական հրապարակային բանավեճի թեմա դարձած երկաթուղու ռուսական կառավարմանն էր վերաբերում, տեսախցիկների առջև չէր Փաշինյանը չէր հստակեցրել:
Հայտնի է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» է հիմնականում վնասով աշխատում: Հայկական կողմը տարեսկզբից Մոսկվային առաջարկում է հայկական երկաթուղու 30-ամյա ռուսական կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ երկրի՝ պնդելով, որ Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի կառավարման պատճառով Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցությունը:
Ռուսաստանը, մինչդեռ, որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու շահագործման իր կոնցեսիոն իրավունքը որևէ մեկին փոխանցելու համար:
Մոսկվան նաև հայտարարել է՝ եթե Հայաստանը դադարեցնի իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվկականից մինչ այսօր: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրենն անգամ կոնկրետ գումար էր նշել՝ շուրջ 400 միլիոն դոլար:
Հայաստանի նոր կառավարությունը նաև իր ծրագրով պարտավորվել է մինչև 2027 թվականի ավարտը կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։ Այս տարվա մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ», բայց թե կոնկրետ որ երկրի հետ է մտադիր համագործակցություն կնքել, Երևանը դեռ չի հստակեցրել։
Երկու շաբաթ առաջ ճեպազրույցի ժամանակ, այդուհանդերձ, վարչապետն ասաց, թե անհնար չեն համարում «որևէ մոդելի ընտրությունը»: «Մեզ պետք է լավագույն առաջարկը, և մենք փնտրում ենք լավագույն առաջարկը: Մենք երբեք չենք ասել, որ ռուսականը չի կարող լինել լավագույն առաջարկ, այդ թվում՝ մոդուլյարների մասով, էնպես չի, որ Ռուսաստանը մոդուլյարների մասով առաջարկ չունի», - ընդգծեց Փաշինյանը՝ վստահեցնելով. - «Ատոմակայանի հարցը [...] մեզ համար աշխարհքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. ով մեզ լավագույն առաջարկը անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»:
Հայաստանում ռուսաստանյան խոշորագույն ակտիվներից է նաև «Գազպրոմ-Արմենիա»-ն, որի շուրջ, սակայն, ներկայումս գոնե հրապարակային բանավեճ չկա: Ընկերությանը հայաստանյան վերլուծական և այլ շրջանակներն անդրադառնում են հիմնականում Հայաստանի համար բնական գազի շուկայական սակագին սահմանելու՝ Ռուսաստանից պարբերաբար հնչող սպառնալիքների ֆոնին: