«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակն Ազգային ժողովի ընտրություններին կգլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դաշնակցության Գերագույն ժողովի նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ապա պատգամավոր Աննա Գրիգորյանը: Առաջին հնգյակում են նաև «Առաջ» կուսակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը և պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Հայաստան» դաշինքին նախորդ ամիս միացել էր «Առաջ» կուսակցությունը։

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը միաձայն վարչապետի թեկնածու ընտրվեց, ելույթում դարձյալ մրցակիցներին ու կաթողիկոսին անդրադարձավ

«Հայաստան» դաշինքի նախընտրական կարգախոսն է՝ «Միասին կարող ենք»:

«Առաջ» կուսակցության ղեկավարն է Սևակ Խաչատրյանը: Նա Վաղարշապատի ընտրություններում ղեկավարում էր ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակը:

Իր վերջին ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը չէր թաքցրել՝ վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշման մասին կհայտարարեն սոցհարցումներից հետո. «Ես ինքս որպես մի առաջնորդ, որը ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավականին լուրջ հաջողությունների հասել է և կարող է դա անել երրորդ անգամ: Սա պետք է մեր մեսիջը լինի մեր ընտրողներին»:

Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հարցումների մասին ակնարկելով՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդել էր, որ երկրորդ նախագահի թիմը հաջորդ խորհրդարան անցնելու խնդիր ունի:

«Իրեն 2021 թվականին քվեարկածների շուրջ 34 տոկոսն այլևս իրեն չի քվեարկելու, իսկ եթե ընտրությունները լինեն այս կիրակի, ապա հնարավոր ձայների քանակը` ներառյալ ՀՅԴ-ն, ամբողջ արքունիքը հաշված, օգնականներն ու իր գրասենյակի աշխատակազմը ու շենքը միասին, մոտ 4 տոկոս է», - ասել էր նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստան» դաշինքի խոստումները՝ գույքահարկի նվազեցումից մինչև սոցիալական արդարություն