Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքի խոստումները՝ գույքահարկի նվազեցումից մինչև սոցիալական արդարություն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը խոստանում է սոցիալական արդարություն, բարեկեցություն, եթե վստահության քվե ստանան ու իշխանության գան։

Խոստանում են բարելավել բոլորի կյանքը, գնաճին համարժեք բարձրացնել աշխատավարձն ու թոշակը, ստեղծել անթերի առողջապահական համակարգ, տարեկան մինչև 45000 աշխատատեղ են խոստանում։ Այս հավակնոտ ծրագիրն այն պայմաններում, երբ Հայաստանի պետական պարտքը գերազանցում է 14 միլիարդ դոլարը. «Պետական պարտքը.... սիրելի հայրենակիցներ, իհարկե մենք հասկանում ենք, որ չկան պետություններ, ովքեր վարկեր չեն վերցնում։ Բայց այդ վարկը պետք է նպաստի մեր տնտեսության պոտենցիալի զարգացմանը, մեծացմանը։ Այսօր ուզում ենք հասկանանք՝ լավ, այդ 8 միլիարդը հավելյալ, որ վերցրել եք, ի՞նչ եք արել»։

Իշխանությանը քննադատող «Հայաստանն» էլ վարկերին դեմ չէ, բայց ամեն դրամը պետք է նպատակային ծախսվի, հայտարարեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը. «Դա ծախսվել է պետության զարգացման համար, թե՞ այլ խնդիրների համար»։

Քոչարյանի թիմը խոստանում է նվազեցնել գույքահարկը, որ մի քանի անգամ բարձրացավ Փաշինյանի կառավարության օրոք։ Թող շքեղության հարկը բարձր լինի ու հարուստները վճարեն ցածր ու միջին եկամուտ ունեցողների փոխարեն, առաջարկում է «Հայաստան» դաշինքը. «Այսինքն 2026 թվականի համար նախատեսված այս այլանդակ բարձրացումը չեղարկվելու է»։

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, թե այս խոստումները միայն նախընտրական չեն։ Ընդդիմադիր խմբակցությունը նախագծեր էլ է մշակել խորհրդարանում, բայց իշխող մեծամասնությունը տապալել է, ընդդիմադիր դիրքերից դրանք իրագործելու հնարավորություն չեն ունեցել: Իսկ երբ Դաշնակցությունը իշխանության մաս էր ու այդ հնարավորությունն ուներ, ինչո՞ւ իրենց չէր հաջողվում Հայաստանում կյանքն այդքան լավը դարձնել, ինչպես նկարագրում են իրենց նախընտրական ծրագրում. Դաշնակցությունը Քոչարյանի օրոք կառավարության մաս է եղել:

«Այդ, որ ասում էինք՝ Կովկասի վագր, այդ գիրքը կա, եթե դուք Ազգային ժողով գայիք, ես ձեզ ցույց կտայի, որ Համաշխարհային բանկը Հայաստանը կոչում էր Կովկասի վագր, 10 տոկոսից ավելի էր մեր տարեկան տնտեսական աճը», - նշեց Մինասյանը։

Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո էլ, արյունոտ Մարտի 1-ից հետո, կոալիցիա կազմեց Հանրապետականի հետ։ Մեկ տարի տևեց ու մեկ տարի էլ 2016 թվականին կառավարության մաս դարձավ։ Այդ տարիներին կոռուպցիայի ընկալման համաթիվը շուրջ 10 նիշով բարձր էր այսօրվա ցուցանիշից։

«Կոռուպցիայի հետ պայքարը.... միշտ էլ պայքարել ենք, միշտ էլ պահանջել ենք, պնդել ենք, որ այդ հարցը կարգավորվի», - ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

«Հայաստան» դաշինքի ծրագրում կետ կա նաև գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց մասին, թե նրանց աշխատանքը ստաժ կհաշվեն, ի՞նչ մեխանիզմով են գյուղացու աշխատանքը ստաժ ձևակերպելու, չմանրամասնեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Տաքսի ծառայության ոլորտն էլ կբարելավեն, վարորդների աշխատանքն էլ ստաժ կհաշվարկեն, եթե իշխանության գան։

«Ոչ միայն չունեն նվազագույն սոցիալական երաշխիքներ, ավելին, այսօր դարձել են այսպես կոչված տուգանքի մատերիալ, ներողություն եմ խնդրում, բայց դա արդեն հանրահայտ բառ է դարձել»։

Իշխանությունից արդեն արձագանքել են ընդդիմադիր Քոչարյանի նախընտրական ծրագրին, բայց միայն վարորդների կետին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրել է, թե ընդդիմադիր խմբակցությունը կրկնօրինակում է իրենց։ Իշխանության այդ նախաձեռնությունն արդեն ընթացքում է։

«Վերջին մի քանի ամիսներին տաքսու վարորդների հետ հանդիպումների ժամանակ մենք արդեն իսկ նրանց հայտնել ենք, որ նրանց կենսաթոշակի հարցը լուծելու ենք հետևյալ կերպ՝ մինչև 1974 թվականին ծնվածների համար ստաժ հաշվարկել այն բոլոր ամիսները, որոնց ընթացքում նրանց վճարած տուրքը կգերազանցի նվազագույն աշխատավարձից վճարվող եկամտային հարկը։ 1974 թվականից հետո ծնվածներին հնարավորություն տալ կամավոր միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին, որին կմասնակցի նաև պետությունը», - նշել է Թորոսյանը։

Ժողովրդի վստահության քվեն ստանալու դեպքում «Հայաստան» դաշինքը ներմուծումը փոխարինելու է արտահանմամբ, խթանելու է, որ Հայաստանում արտադրանքը սպառվի դրսի շուկաներում։ Նախկին իշխանության օրոք Շիրակի մարզպետն ու Փաշինյանի իշխանության սկզբում գյուղատնտեսության նախարար աշխատած Արթուր Խաչատրյանը պնդում է՝ բանկերում փող կա, պարզապես բիզնես-ծրագրեր չկան, որ ֆինանսավորեն։

«Կենտրոնական բանկի նախագահի հետ էինք խոսում, ահռելի գումար է բանկերում հավաքվել, ուղղակի մարդիկ տեղ չունեն, որպեսզի իրական սեկտորը ֆինանսավորեն։ Խոսում ես, ասում են՝ ո՞ր ձեռնարկությանը օգնենք», - ասաց նա։

Պատգամավոր Խաչատրյանը շեշտում է, թե Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ Համաշխարհային բանկը Հայաստանի աճող տնտեսությունը բնորոշեց Կովկասյան վագր։ Փաշինյանի թիմակիցները իշխանության համար պայքարող երկրորդ նախագահին մեղադրում են կոռուպցիայի թալանի համար ու պահանջում, որ Քոչարյանը պետությանը վերադարձնի ունեցվածքը, որի ծագումը դատախազությունը կասկածելի է համարում։



Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG