«Քաղաքացիական պայմանագիրը» համաժողովում միաձայն հաստատեց կուսակցության նախընտրական ցուցակը։
Համաժողովը միաձայն կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի թեկնածությանը։
Նախընտրական ցուցակի երկրորդ տեղում արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, իսկ երրորդում՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Թե ինչ ստանդարտներով ի վերջո ձևավորվեց ցուցակը, որն այսօր արդեն հաստատվեց, վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը բացատրեց՝ անցած տարիներին արված աշխատանքով, այդ թվում՝ ներկուսակցական։
Նախընտրական ծրագիրը ևս հաստատվեց միաձայն, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այն ձևավորվել է կուսակցության վարչության և կառավարության կուսակցական անդամների մասնակցությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դարձյալ մրցակիցներին ու կաթողիկոսին անդրադարձավ. «Ինձ համար ակնհայտ է, որ 2026 թ-ի հունիսի 7-ի ընտրություններում պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին: Եվ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը, տվյալ դեպքում, նկատի ունեմ Կտրիճ Ներսիսյանը»:
Փաշինյանն ընդգծեց.- «Շատ կարևոր է քաղաքական և սոցիալ-հոգեբանական առումով պաշտպանել մեր որոշումը, որովհետև բոլոր այն պնդումներին, որոնք ասում են, թե Ղարաբաղը մերն էր, բայց այլևս մերը չէ, այդ պնդումներին մենք պետք է հակադարձենք՝ այդ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է»:
Վարչապետը նշեց, թե Հայաստանը դուրս են բերել աշխարհաքաղաքական թակարդից և հասցրել խաղաղ հանգրվանի:
«Եվ, մենք պետք է հպարտանանք այս առաջնորդությամբ, որովհետև այսպիսի բան անելը ամեն քաղաքական ուժի հասու չէ: Մենք անցել ենք դժոխքի միջով, մենք մեր ժողովրդին առաջնորդել ենք դժոխքի միջով և հասցրել խաղաղ հանգրվանի և պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով: