Հայ և թուրք գործարարները Երևանում քննարկում են համագործակցության հնարավորությունները

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հանդիպում են Մարգարայի կամրջին, սեպտեմբեր, 2025թ.

Երեք ամսվա ընթացքում Հայաստանի և Թուրքիայի գործարարների միջև արդեն երկրորդ խոշոր համաժողովն է ընթանում, այս անգամ՝ Երևանում: Հաջորդ ամիս ևս մեկն են նախատեսել:

Թեև երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները թղթի վրա են մնում, հայ-թուրքական սահմանն էլ Անկարան շարունակում է փակ պահել, գործարարները վերջին ամիսներին ակտիվացրել են շփումները, հանդիպում են ու քննարկում՝ ի՞նչ կշահեն երկրները սահմանների բացումից հետո, ի՞նչ նոր հնարավորություններ կբացվեն, հայկական ո՞ր ապրանքներն ու ծառայությունները կարող են հետաքրքիր լինել Թուրքիայի քաղաքացիների համար, ու հակառակը՝ Թուրքիան բաց սահմանների պայմաններում ի՞նչ կարող է առաջարկել հայաստանցիներին:

Թուրքիայի Արևելյան Անատոլիայի ավելի քան 8 տասնյակ գործարարների պատվիրակության հետ Երևանում է Վանի արդյունաբերական պալատի նախագահը: Նեջդեթ Թաքվան ընդունում է՝ առայժմ կողմերի միջև առևտրաշրջանությունն ընդլայնելու հստակ պայմանավորվածություններ չկան, սակայն թվարկում է այն ուղղությունները, որտեղ սահմանները բացելուց հետո համագործակցությունը կարող են ընդլայնել:

«Կոնկրետ, շոշափելի զարգացում չկա, բայց հույս ունենք։ Այսինքն՝ կոնկրետ փոփոխությունն այն է, որ հույս ունենք, թե ապագայում մեր համագործակցությունը շատ ավելի լավ է լինելու», - ասաց Թաքվան՝ շարունակելով. - «Շինանյութերի և սննդի ոլորտում լավ արտադրողներ ունենք։ Վերջին տարիներին նաև տեքստիլի բնագավառում լավ հիմք ձևավորեցինք: Վանը թե՛ Հայաստանի շուկայով, թե՛ Հայաստանի հետ համագործակցությամբ Եվրասիական տնտեսական միությունում տարբերություն կարող է ստեղծել»:

Իսկ ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Թուրքիային: Թռչնաբույծ Նեջդեթ Թաքվան երկու ճյուղ է առանձնացնում՝ Հայաստանից հումքի արտահանում և զբոսաշրջություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առևտուր, ներդրումներ, զբոսաշրջություն. ի՞նչ կտա հայ-թուրքական սահմանի բացումը, ըստ թուրք փորձագետի

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը հատկապես Թուրքիայի արևելյան՝ խոշոր քաղաքների համեմատ պակաս զարգացած շրջաններում են սպասում: «Ազատություն»-ն այս ամռանը հնարավորություն ունեցավ տեղում՝ սահմանամերձ Կարսի շրջանում տեղացիների հետ զրուցելու, նրանք էլ տուրիզմի ոլորտն էին առանձնացնում, հույս ունեն, որ սահմանները բացելուց հետո Հայաստանից հարյուր հազարավոր մարդիկ կայցելեն Թուրքիա, ու այդպիսով նաև այդ շրջանները կզարգանան:

«Զբոսաշրջությունը թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում մեծ տնտեսական ներուժ ունի», - ասում էր «Ազատության» թուրք զրուցակիցը:

Ամիսներ առաջ Թուրքիան հանեց Հայաստանից ուղիղ ներկրումների արգելքը, և այսուհետ առևտուրը կարող են իրականացնել ուղիղ՝ առանց երրորդ երկրում՝ Վրաստանում մաքսային ձևակերպումներ անելու: Մասնագետների հաշվարկներով՝ Հայաստանից ապրանք տեղափոխող յուրաքանչյուր բեռնատար մի քանի հարյուր դոլար կխնայի միայն այս տեխնիկական հարցը կարգավորելու արդյունքում:

Սահմանափակումը հանելուց հետո արդյո՞ք Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է:

4.5 մլն դոլարի ապրանք՝ Հայաստանից Թուրքիա, 220 մլն-ի՝ Թուրքիայից Հայաստան

Ըստ թուրքական կողմի պաշտոնական վիճակագրության՝ իրենք այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից գրեթե 4.5 միլիոն դոլարի ապրանք են գնել, ամբողջ 2025-ի ընթացքում ծավալը 6 միլիոն 20 հազար դոլարի էր հասել:
2024-ին Հայաստանից շուրջ 5 միլիոն դոլարի ապրանք էին ներկրել, 2023-ին՝ 3.5 միլիոնից էլ պակաս: Վերջին տասնամյակի ընթացքում ամենաակտիվ տարին 2022-ն էր՝ շուրջ 8.8 միլիոն դոլարի ապրանք էին ներկրել, և մեծ է հավանականությունը, որ այս տարի կգրանցվի եթե ոչ տասնամյակի լավագույն, ապա առնվազն երկրորդ ամենաբարձր ցուցանիշը:

Այս տարվա 7 ամսվա ընթացքում Թուրքիան ընդհանուր 20 տեսակի հայկական ապրանք է ներկրել՝ ավելի քան 1.6 միլիոն դոլարի հագուստ, շուրջ 2.2 միլիոն դոլարի մետաղական արտադրանք, շուրջ 150 հազար դոլարի փայտե իրեր և այլն: Ի դեպ, ռուսական սահմանափակումների այս շրջանում հայկական ծաղիկների փոքր խմբաքանակներ նաև Թուրքիան է ներկրել՝ ընդհանուր շուրջ 4 հազար դոլարի: Սակայն սահմանափումների ենթարկված մեկ այլ հայկական արտադրանք՝ խմիչքն այս տարի թուրքական շուկա չի մտել, թեև անցած տարի փոքր ծավալով ներկրել են:

Փոխադարձ առևտրի սալդոն մեծ տարբերությամբ Թուրքիայի օգտին է՝ 4.5 միլիոն դոլարի հայկական ապրանքների Թուրքիա մուտքի կողքին այս տարվա առաջին կեսին Հայաստան հասած արդեն ավելի քան 220 միլիոն դոլարի թուրքական ապրանքներն են: Առևտրի բալանսը 98 տոկոսով Թուրքիայի օգտին է: Անցած տարի ներկրման ծավալը գրեթե 370 միլիոն դոլար է կազմել:

Հարյուր միլիոնավոր դոլարների թուրքական ապրանքներ Հայաստան էին մտնում նաև նախկին իշխանությունների կառավարման տարիներին:

«Ավելի շատ հիմա մեզ հետաքրքրում է ուսումնասիրությունը և պոտենցիալը՝ ի՞նչ մենք կկարողանանք այդ շուկան տանել: Քանի որ այսօր ուսումնասիրում ենք սահմանային հատվածները՝ սա Ստամբուլ չի, Բուրսա չի, սա սպեցիֆիկ ռեգիոն է՝ Վանը, Իգդիրը, Դիյարբեքիրը, Կարսը, որտեղ կա շատ իրենց մոտ էլ լրացումների պահանջ մեր կողմից: Օրինակ՝ շատ հստակ է, որ առողջապահական տուրիզմը միակողմանի՝ Թուրքիայից Հայաստան, աճելու է, որովհետև այդ մարզերի համակարգը չի բավարարում ազգաբնակչությանը», - ասում է Հայաստանի արդյուանաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Հայաստանին ԵՄ առևտրի արտոնյալ պայմանները՝ համագործակցության հնարավորություն

Ղազարյանի կարծիքով՝ համագործակցության հնարավորություն է բացում նաև Եվրամիության խորհրդի կողմից հավանության արժանացած՝ Հայաստանին առևտրի արտոնյալ պայմաններ տալու նախագիծը. Թուրքիայից գործարարները կարող են այստեղ ներդրումներ անել, Հայաստանի քաղաքացիների հետ համագործակցել, որ հետո հայկական ապրանքը 0 դրամ մաքսատուրքով Եվրամիության շուկա մտնի: Նույնը նաև կարելի է իրականացնել Եվրասիական տնտեսական միության շուկա արտահանելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ առանց մաքսատուրքի ԵՄ շուկա կարող են մտնել արդեն այս ամիս

«Միասին փաթեթավորում, եվրասիական շուկա տանել, կամ Եվրոպա տանել, տեսեք՝ այսօր Եվրոպան մեզ արտոնություններ է տալիս, եթե թուրք գործարարը գա Հայաստանի ֆերմերի հետ համատեղ փող դնի, գործ անի, ապրանք մշակի, վերամշակի, պոտենցիալ կլինի: Բայց ամեն ինչ պարզվելու է աշխատելուց, ամեն ինչ պարզվելու է ռեալ, երբ որ իրավիճակը փոխվում է, գործարարը գործարարի հետ հանդիպում է, մտածում, քննարկում», - նշում է Հայաստանի արդյուանաբերողների և գործարարների միության նախագահը:

Ըստ ԵՄ խորհրդի՝ այս ամիս առաջարկը նաև Եվրախորհրդարանը կընդունի, և Հայաստանը կկարողանա 324 տեսակի ապրանք 0 դրամ մաքսատուրքով Եվրամիություն արտահանել: