Գագիկ Ծառուկյանն առավոտից հարցաքննվում է Քննչականում

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերում են Քննչական կոմիտե, Երևան, 21-ը հուլիսի, 2026թ.

Գագիկ Ծառուկյանն առավոտից ավելի քան 7 ժամ հարցաքննվում է: Ընտրություններից հետո կալանավորված «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին Քննչական կոմիտե բերեցին կրկին բաց՝ դաստակներից փոքր ձեռնաշղթաներով, լրագրողների հետ շփվել ուղեկցող ոստիկանները թույլ չտվեցին:

Կալանավորված Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ մեծահարուստ գործարարը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:

«Հստակ ստորագրել են պարտավորագիր, որով հիմնավորվում է, որ իրենք 14.5 միլիոն դոլար պարտք են եղել պարոն Ծառուկյանին և պարտավորված են եղել վերադարձնելու էդ պարտքը երկու տարվա ընթացքում: Իսկ էդ երկու տարվա ընթացքը ավարտվում էր հենց էս պահին, հետևաբար՝ մենք համոզմունք ունենք, որ նման գործելակերպը նրանց ուղղված է, որպեսզի էդ պարտավորությունները չկատարեն», - ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Գագիկ Ծառուկյանը և հայկական կողմն են տուժող հանդիսանում, այսինքն՝ գումար ներդրողները իրենք են: իԻրենք էդ ամենը հերքում են, և միայն նրանց բանավոր ասածը, որ «մենք ենք գումարով ապրանք առել ուղարկել, ու դա հափշտակվել է», բայց հափշտակության փաստն էլ չի հմնավորվում, դա իրենց համար վերջին աստիճանի ճշմարտություն է դիտարկվում: Իսկ կոնկրետ ապացուցողական փաստերով, հենց էս պարտավորագրերը, երաշխավորագրերը և այլն, նաև ցուցմունքները՝ սենց մատների արանքով են նայում, որովհետև էս պահին դա իրենց հետաքրքիր չի», - նշեց փաստաբանը:

Հարցաքննությունից ժամեր առաջ հրապարակվել էր Գագիկ Ծառուկյանի ուղերձը մեկուսարանից, նա այս անգամ իշխանություններին չի քննադատում, թվում է իր կատարած աշխատանքն ու խոստանում շարունակել կառուցել:

Ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակով մասնակցած Սուրեն Սուրենյանցը բացառում է, որ գործարարը երկրորդ անգամ կփակի քաղաքականության էջը, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանի օրոք:

«Վստահաբար՝ ոչ, մարտական է տրամադրվածությունը, և նման սցենար ընդհանրապես չի էլ քննարկվում», - ասաց Սուրենյանցը:

Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանից դուրս մնաց հաշվված ձայների տարբերությամբ, արդյունքները չեղարկված երկու տեղամասերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն չնշանակեց, արդյունքում «Քաղաքացիական պայմանագրի» մանդատները որոշիչ մեծամասնության հասան:

«ԲՀԿ-ի խորհրդարանում չհայտնվելը միանգամայն փոխում է խորհրդարանի պատկերը, և այս պատկերը շարունակվելու է առաջիկա տարիների ընթացքում, բայց դա չի նշանակում, որ խորհրդարանում չլինելը ստիպելու է մեզ չզբաղվել քաղաքականությամբ», - ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Միաժամանակ շարունակում են փակ մնալ Ծառուկյանի տասնյակ ձեռնարկությունները, իսկ «Արարարատցեմենտ» գործարանի կառավարումն արդեն անցել է պետությանը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առավոտյան գրառմամբ հայտնել է, որ իր գլխավորած գերատեսչությունն է զբաղվելու ղեկավարմամբ, առաջիկա օրերիին նշանակվելու է կառավարիչը։ Մինչ այդ նախարարը ընկերության աշխատակիցներին հորդորում է բարեխիղճ կատարել աշխատանքը՝ զգուշացնելով ոչ միայն աշխատանքից ազատմամբ, այլև անգամ քրեական պատասխանատվությամբ:

«Նույն հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, երբ որ տարբեր ձեռնարկությունների աշխատակիցների ինքը կոչ էր անում ակտիվորեն մասնակցել ցույցերին, միտինգներին, հեղափոխությանը և այլն, և հիմա առավել քան տարօրինակ է իշխանությունների որդեգրած էս քաղաքականությունը, երբ հնարավոր և անհնարին բոլոր առիթներով կոնկրետ սպառնում են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող ընկերությունների աշխատակիցներին բարձրաձայնել իրենց բողոքի ձայնը», - ընդգծեց Տոնոյանը:

«Երբ որ մի երկրում ոչ ամբողջ մեկ տարվա ընթացքում երկու համակարգաստեղծ ձեռնարկություն ըստ էության պետական ռեկետի միջոցով խլում են մասնավոր սեփականատերերից, սա շատ վատ ազդակ է: Առաջինը՝ սա խոսում է քաղաքական ռեպրեսիայի մասին, երկրորդը՝ սեփականության տոտալ վերաբաժանում է երկրում տեղի ունենում, ինչը անպայման իր շատ մեծ բացասական ազդեցությունը կունենա ներդրումային միջավայրի վրա, մանավանդ առանձնապես ներդրումներ էլ չկան», - նշեց Սուրենյանցը:

Գործարանի կառավարումը պետությանը հանձնելու դատարանի որոշումը դեռ հրապարակված չէ, դրան նաև Ծառուկյանի թիմակիցները ծանոթ չէին: «Արարատցեմենտ»-ը Սամվել Կարապետյանի էլցանցերի օրինակով պետականացնելու մասին առաջինը հայտարարել է վարչապետը քարոզարշավի ժամանակ: Քրեական գործին զուգահեռ՝ Դատախազությունը հայտնել էր նաև, որ Կառավարությանն առաջարկել է ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը քննարկել: Գործարանը որպես Ծառուկյանի ձեռք բերած ապօրինի գույք էլ է անցնում: Նիկոլ Փաշինյանը նաև պնդել էր, որ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը ազատազրկվելու է:

Ի դեպ, Դատախազությունը դադարեցրել է ընտրություններից երկու օր անց Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեկ այլ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը, ինչպես փոխանցեց փաստաբանը՝ «ապօրինի լինելու հիմքով»: Հունիսի 9-ին Գագիկ Ծառուկյանին հետ էին ուղարկել «Զվարթնոց» օդանավակայանից, ապա հրավիրվել քննչական մարմին: Մեղադրանքն առաջադրվել էր առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ հարուցելով իրավապաշտպանների քննադատությունը. Ծառուկյանն այդ պահին դեռ պատգամավորի թեկնածու էր: Ըստ փաստաբանների՝ գործը յոթ տարվա վաղեմության էր:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունը դադարեցրել է Ծառուկյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը. փաստաբանԳագիկ Ծառուկյանին բերել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությանԾառուկյանին պատկանող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿԾառուկյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել«Ուզում ենք մարզվենք, գոնե մի բանի հասնենք». Օլիմպավանը 10 օր է՝ կապարակնքված էԾառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադիրինԾառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները կապարակնքվել են վարութային գործողությունների և գույքագրման նպատակով. ՔԿ«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը. դատախազությունԾառուկյանը պնդում է՝ իր նկատմամբ հարուցված քրգործը կապ չունի արդեն 10 օր կապարակնքված ընկերությունների հետԾառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները շարունակում են ակցիաներըԾառուկյանը «սարքովի գործ» է որակում մեղադրանքը, Փաշինյանը դեռ կատարված չի համարում իր խոստումըԾառուկյանի «Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. ՊԵԿԾառուկյանը հայտարարում է՝ իր հանդեպ իրականացվողը «ակնհայտ կեղծ է»«Անօրինականությունը Նիկոլ Փաշինյանի տարերքն է». ինչու գետնին տապալեցին ԾառուկյանինԻրանի դեսպանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի գործին. Շիրղոլամին «միջնորդ» է եղել, փորձել լուծել հարցըԳագիկ Ծառուկյանը կալանավորվեց