Գագիկ Ծառուկյանն արձագանքում է իր կալանքը երկարաձգելու որոշմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր առանց քաղաքական գնահատականներ հնչեցնելու՝ անդրադարձել է իր կալանքը երկարաձգելու դատարանի որոշմանը, մասնավորապես նշելով.- «Դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատարանը երկարաձգեց Գագիկ Ծառուկյանի կալանքը

Դատարանը նախօրեին որոշեց գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել ևս երկու ամսով: Պաշտպանական խումբը կալանքի որոշումը որակեց անհիմն ու քաղաքական հետապնդում: Դատական նիստը դռնփակ էր, և «Ազատությունը» հնարավորություն չի ունեցել ծանոթանալ մեղադրող կողմի հիմնավորումներին:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը, ում վարչապետ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի օրերից է խոստացել ունեզրկել, կալանավորվեց հուլիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց:

Իրավապահները նրան մեղադրանք են առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման հոդվածներով, հետո էլ ավելացրին հարկերից խուսափելու մեղադրանքը:

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդին կալանավորելուց հետո, նրան պատկանող ընկերություններից երկուսում՝ «Արարատցեմենտ» ու կոնյակի գործարաններում կառավարությունը իր կառավարիչներին է նշանակել, Ծառուկյանի սպորտային կենտրոնը քաղաքապետարանի ղեկավարմանն է անցել: Օլիմպիական կոմիտեի մարզաբազան դեռ փակ է:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության հայցը, որ պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի Առինջի առանձնատան հողատարածքի աճուրդը, որ 23 տարի առաջ է կայացել։

Մեկ այլ հայցով էլ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյաններին պատկանող Առինջ մոլի հողատարածքի աճուրդը, որը 11 տարի առաջ է կայացել։

Մինչ իշխանությունը վստահեցնում է, թե ապօրինի կուտակած ունեցվածքն է վերադարձնում պետությանը, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները սա քաղաքական հետապնդում են համարում։