«Եթե նույնիսկ Լարսում 6 մետր ձյուն գա, հեղուկ գազն ու բիտումը միևնույն է անխափան կմտնեն Հայաստան», - «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական նոր համաձայնությանը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել էր, որ հայաստանյան գործարարները արդեն իսկ կարող են օգտվել այդ հնարավորությունից:
Վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի շուկայում լուրջ դեֆիցիտ էր առաջացել հենց Լարսի ճանապարհի փակման, ինչպես նաև Իրանում բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով: Հայաստանցի վարորդները ոչ միայն դժվարությամբ էին հեղուկ գազ գտնում, այլև վառելիքի գինը 190 դրամից բարձրացել էր մինչև 300 դրամ՝ հարուցելով սպառողների դժգոհությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամեն տարի նույնն է՝ Լարսը փակվում է, հեղուկ գազը՝ պակասում ու թանկանում. վարորդներԱյժմ, երբ ադրբեջանական կողմի հետ ձեռք է բերվել ադրբեջանական երկաթուղով հեղուկ գազի, ինչպես նաև բիտումի փոխադրման համաձայնություն, էկոնոմիկայի նախարարը համոզված է՝ Լարսում եթե ճանապարհն անգամ փակվի, այդ ուղին կաշխատի և վառելիքը կհասնի Հայաստան:
«Հայաստանում չկա խնդիր, որը կապված չէ մեր սահմանների փակ լինելու հետ, տենց խնդիր չկա, որ առնչություն չունի փակ սահմանների հետ», - ասաց Պապոյանը:
«Ազատության» հարցին՝ իսկ ակնկալվո՞ւմ է, որ Ադրբեջանի տարածքով վառելիքի ներկրումից հետո գների փոփոխություն կլինի, նախարարը պատասխանեց. «Նպատակը միշտ դա է, հնարավորինս անխափանություն ապահովել ապրանքների և բնականաբար տրանսպորտային ծախսերի նվազեցում և հետևաբար ինքնարժեքի իջեցում»:
Թե հայկական կողմից ո՞վ է բանակցել Բաքվի հետ վերջին համաձայնության շուրջ, Էկոնոմիկայի նախարարը հրաժարվեց ասել՝ նշելով՝ բանակցողը եթե հարկ համարի, կտեղեկացնի այդ մասին:
Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հայտարարում է՝ Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը, Երևանից ողջունում ենԱյս տարվա հունվարին արդեն ներկրվեց ևս 2800 տոննա պրեմիում և ռեգուլյար տեսակի ադրբեջանական բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք: Ադրբեջանական բենզինի ներկրումից հետո մեկ ամսվա ընթացքում հայաստանյան շուկայում բենզինի գները նվազեցին մինչև 60 դրամով:
«Պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, այսինքն, որ շուկայում հնարավոր է ձեռք բերել, նվազել է 15 տոկոսով ու նախկին 510 դրամի փոխարեն մեկլիտրի դիմաց յսօր արդեն 430 դրամ է», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եթե մինչև դեկտեմբեր պրեմիում տեսակի բենզինը վաճառվում էր 520 -ից 550 դրամով, ապա այժմ շուկայի խոշոր խաղացողները այդ վառելիքը վաճառում են 470 -ից 490 դրամով: Նվազել են նաև ռեգուլյար տեսակի բենզինի գները:
Ի՞նչ փոփոխություններ կարձանագրվեն առաջիկայում արդեն Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի ներկրումից հետո
Վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերություններն առայժմ կանխատեսումներ չեն անում:
Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդ» ընկերությունը, որը զբաղվում է վառելիքի ներկրմամբ ու նաև ադրբեջանական բենզին գնած և Հայաստան ներկրած ընկերություններից մեկն է, առայժմ դժվարանում է ասել, թե որքանով է այս նոր հնարավորությունը շահեկան բիզնեսի համար: «Մեգա Թրեյդն» այժմ հեղուկ գազը ներկրում է Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով:
Ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դեռևս պետք է ուսումնասիրեն ադրբեջանական երկաթուղով հեղուկ գազի ներկրման հնարավորությունները:
«Կախված է լինելու սակագնից, տեղափոխման արժեքից, այդ ուղու ծանրաբեռնվածությունից, բազմաթիվ տնտեսական գործոններ կան: Իհարկե հավելյալ ուղին միայն դրական էֆեկտ կբերի: Ձեռներեցները գները կնայեն, տնտեսական շահավետությունը կգնահատեն: Եթե մեկի փոխարեն երկու այլընտրանքային ճանապարհ կա, դա միշտ լավ է: Իհարկե այդ ուղղությունը չի կարող մեզ չհետաքրքրել որպես գործարար, բայց դա պետք է ուսումնասիրել», - նշեց նա:
Բիտումի շուկան Հայաստանում
Ինչ վերաբերում է բիտումին, որն օգտագործվում է ճանապարհաշինության և շինարարության մեջ, որպես կապակցող նյութ, ապա այս շուկայում էլ իրավիճակը ժամանակ առ ժամանակ սրվում է: Անցած ամռանն, օրինակ, իրանա-իսրայելական պատերազմի ընթացքում Իրանից բիտումի ներկրումը Հայաստան գրեթե դադարեցվել էր, ներկրողները պահեստային պաշարներն էին օգտագործում։ Հայաստանը, որ այս նավթամթերքը Իրանից բացի գնում է նաև Ռուսաստանից, անցած տարի ներկրել է շուրջ 100 հազար տոննա բիտում:
Նավթամթերքի ներկրման այլընտրանքային հնարավորություններին զուգահեռ փորձեր են արվում հենց Հայաստանում բիտումի արտադրություն կազմակերպել, առայժմ առանց գործնական արդյունքի:
Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա փրոդաքշն» ընկերությունը դեռ 2022-ի վերջին ձեռք էր բերել Սուրենավանի բիտումի գործարանը, որը մինչ այդ պատկանում էր ռուսական «Ռոսնեֆտ»-ին:
Սուրենավանի բիտումի գործարանը, սակայն, առայսօր արտադրանք չի տալիս, գործարանը դեռևս հավելյալ ներդրումների կարիք ունի:
Եթե Հայաստանը անցած տարեվերջից ադրբեջանական բենզին է ներկրում ու Ադրբեջանի երկաթուղին տարանցման համար օգտագործում, ապա Բաքուն գոնե հրապարակային մակարդակում մինչ օրս անպատասխան է թողել թե՛ հայկական ապրանքներ ներմուծելու, և թե՛ Հայաստանի տարածքը բեռնափոխադրումների համար օգտագործելու Երևանի առաջարկը:
«Պատրաստ ենք հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան ու Ադրբեջանից դեպի Թուրքիա», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: