Արձագանքելով Ռուսաստանի պահանջին՝ Հայաստանում հանրաքվե անցկացնել Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական միություն հարցադրումով, վարչապետ Փաշինյանն այսօր առաջին անգամ հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:
«Հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի ու հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իրատեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանով են իրատեսական տվյալ ժամկետներում այն բարեփոխումների անցկացումը, որ անհրաժեշտ են Եվրոպական միությանն անդամագրվելու համար: Իսկ այս հարցերի պատասխանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը: Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացն՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով», - հայտարարեց Փաշինյանը:
Եվրասիական միության առաջնորդները մայիսին հայտարարություն էին ընդունել՝ Հայաստանի առջև մինչև դեկտեմբեր կողմնորոշվելու վերջնաժամկետ դնելով: Վարչապետի այսօրվա հայտարարությունից շատ չանցած Մոսկվան արձագանքեց, թե «խորքային հակասություններ» կառաջանան, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին:
«Հայտը ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի իր օրենսդրությունը տարբեր ոլորտներում՝ առևտրի, բուսասանիտարական, մաքսային և այլ ոլորտներում, համապատասխանեցնել եվրոպական նորմերին՝ Եվրամիության չափանիշներին։ Այդ նորմերը չեն համընկնում այն նորմերի հետ, որոնք գործում են մեզ մոտ և ԵԱՏՄ տարածքում», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՀԱՊԿ-ի մասին
Այսքանով, սակայն, Երևան-Մոսկվա ճգնաժամի հարցը խորհրդարանում չփակվեց: Վարչապետն այսօր ավելի էր կոշտացրել ՀԱՊԿ-ի մասին ձևակերպումները. «Ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու: Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան ու կազմակերպությունում, ի դեպ, կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից: Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»:
Կրեմլի խոսնակն իր հերթին Երևանին է առաջարկել լքել ՀԱՊԿ-ը. «Եթե Երևանը, ելնելով իր ազգային շահերից, այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանը, ապա ազատ է դուրս գալու ՀԱՊԿ-ից։ Մինչև այժմ մենք տարբեր մակարդակներում Հայաստանի ներկայացուցիչների հայտարարություններ ենք լսել, որ անդամակցությունը սառեցված է, սակայն առայժմ դուրս գալ չեն նախատեսում»:
ՀԱՊԿ-ը չի աջակցել Երևանին 2021-22 թվականներին, երբ Ադրբեջանը ներխուժել էր Հայաստանի տարածք:
ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրի. Փաշինյան
Հայ-ռուսական լարվածության մյուս թեման էլ երկաթուղին է, որի կառավարումը հայկական կողմը ցանկանում է վերցնել ռուսներից, Մոսկվան կտրուկ մերժում է՝ հակառակ դեպքում պահանջելով վերադարձնել անցած տարիների ներդրումները, անգամ հաշվել էին՝ մոտ 400 միլիոն դոլար: Վարչապետն այսօր էլ պնդեց՝ TRIPP-ի շրջանակում միջազգային ներդրողները խուսափում են երկաթուղու Երասխ-Ախուրիկ հատվածից, որպեսզի գործ չունենան ռուսական ընկերության հետ:
«Ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Այս է պատճառը, որ ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի», - հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը հրապարակավ խնդրեց ռուսաստանցի գործընկերներին հնարավորինս արագ հասնել, ինչպես ձևակերպեց, բարեկամական լուծմանը: Ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվում էին՝ ի՞նչ եք անելու, եթե ռուսները չհամաձայնեն:
«Չկա այդպիսի տարբերակ, այսինքն, մենք պետք է զրկված լինենք մեր սեփականությունը տնօրնելու իրավունքի՞ց, չի կարա այդպիսի բան լինի: Մենք առաջարկում ենք բարեկամական լուծում, և մենք պետք է հասնենք լուծման: Հայաստանի Հանրապետության երկաթուղին ՀՀ սեփականությունն է, նշանակում է, որ մենք դա կարանք տնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք», - ասաց Փաշինյանը:
Նոր արձագանք Մոսկվայից դեռ չի հնչել: