ԵԱՏՄ զեկույց. 4 երկրները իրավունք ունեն քննարկելու Հայաստանի անդամակցության կասեցումը

Եվրասիական միության և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամները ներկայացրել են զեկույց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:

Հաղորդագրությունում նշվում է, որ ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարության՝ այդ երկրներից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները պատրաստել են զեկույց «Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ»:

Զեկույցն անդրադառնում է «Հայաստանի կողմից ձեռնարկված միջոցներին՝ ուղղված Եվրամիությանն անդամակցությանը», ներառում է ԵԱՏՄ և ԵՄ իրավական ռեժիմների համատեղելիության վերլուծություն: Նաև ներկայացված է տեղեկատվություն «իրավական մեխանիզմների մասին, որոնք կոչված են կանխելու ԵՄ-ին անդամակցության Հայաստանի որոշման հետևանքով ծագող ռիսկերը», գնահատականներ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:

Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա մնալու կարգավիճակը «հարցեր է հարուցում կազմակերպությունում՝ Եվրամիությանն անդամակցության ուղղությամբ Երևանի քայլերի լույսի ներքո»: Դրա հեղինակները հիշեցնում են, մասնավորապես, որ այս տարվա օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Հայաստանի վարչապետն ուղղակիորեն հայտարարեց, թե երկրի ղեկավարությունը «առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը»: Սակայն Եվրամիությանն անդամակցության կամ ԵԱՏՄ անդամ մնալու հարցով հանրաքվեն պլանավորվում է «պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»: Այդ ընթացքում, զեկույցի հեղինակների պնդմամբ, Հայաստանը ծրագրում է պահպանել ԵԱՏՄ անդամության օգուտները և առավելությունները:

«Գործնական տեսանկյունից ազգային ակտերով «եվրոպական չափանիշների» ներդրումը մաքսային ոլորտում՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության անդամությունը ԵԱՏՄ-ին, ԵԱՏՄ մաքսային տարածքի միասնականության խախտման ռիսկեր է պարունակում», - ասված է զեկույցում:

Կանխատեսումներ՝ ըստ ոլորտների

Փաստաթղթում նաև ըստ ոլորտների կանխատեսումներ են արված ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման դեպքում, մասնավորապես՝ թե երկրի կողմից արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կնվազի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի 55.6 տոկոսով, երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6 տոկոսով, գազի գինը Հայաստանի համար կաճի 69 տոկոսով, երկրի քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի պայմանները կխստացվեն և ԵԱՏՄ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գրեթե կիսով չափ կկրճատվի, և այլն:

Զեկույցը կներկայացվի ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Փաշինյանին

Զեկույցը ներկայացվելու է ԵԱՏՄ անդամ հինգ պետությունների ղեկավարներին:

Զեկույցի հեղինակները պնդում են, թե Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, «միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ու, մասնավորապես, միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի մայիսի 23-ի կոնվենցիայի դրույթներին համապատասխան», իրավունք ունեն քննարկել մինչև Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի անցկացումը ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը կասեցնելու հարցը:

Մինչդեռ ԵԱՏՄ Աստանայի մայիսյան գագաթնաժողովից օրեր առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից: «Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ում հստակ է, Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է: Չկա այդպիսի բան կանոնադրական նախատեսված: Դա մեր կողմից կարա քննարկվի, եթե մենք հանկարծ մի օր որոշում կայացնենք չլինել ԵԱՏՄ անդամ», - «Ազատությանը» ասել էր Միրզոյանը:

Այս տարի մայիսի 29-ին Աստանայում ընդունած հայտարարությամբ, այդուհանդերձ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի նախագահները որոշել էին, որ Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության դադարեցման հնարավոր հետևանքները 2026 թվականի դեկտեմբերի նիստի ժամանակ կզեկուցեն ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում այդ չորս երկրների անդամները: Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ Փաշինյանի բացակայությամբ անցկացված նիստում ԵԱՏՄ մյուս չորս առաջնորդները նաև պաշտոնական Երևանին հորդորել էին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել:

Մոսկվան պնդում է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև: Երևանը հայտարարել է, որ առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու դիմումի գործընթացը, սակայն այժմ հանրաքվե անելու անհրաժեշտություն չի տեսնում:

Այս ամիս Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ նույնպես Հայաստանի վարչապետը վստահեցրեց, որ Երևանը հանձնառու է շարունակել համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում:

Սեպտեմբերի սկզբին էլ Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵՏՀ)՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման ընթացքում առկա սահմանափակումները որպես խոչընդոտ ճանաչելու նպատակով: ԵՏՀ կոլեգիան առավելագույնը երեք ամսում պետք է որոշում կայացնի՝ արդյոք Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների դեմ սահմանափակումներն օրինակա՞ն են, թե՞ ոչ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լուկաշենկոն Երևանին կոչ է անում չհեռանալ ԵԱՏՄ շուկայից և մտածել՝ կհաջողվի՞ ԵՄ-ում վաճառել իր արտադրանքըԱրտահանման սահմանափակումները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը. ՓաշինյանՕվերչուկ. Ռուսաստանը հույս ունի շարունակել Հայաստանի հետ կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ումԳազի թանկացման ազդակ ռուսական կողմից չենք ստացել. վարչապետ«Մենք նստած չենք 2 աթոռի, մենք նույն հայկական աթոռին ենք նստած». Փաշինյան