Մատչելիության հղումներ

«Մենք նստած չենք 2 աթոռի, մենք նույն հայկական աթոռին ենք նստած». Փաշինյան

«Մենք նստած չենք երկու աթոռի, մենք նույն հայկական աթոռին ենք նստած», - պատասխանելով «Վեստի»-ի լրագրողի հարցին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության և այդպիսով 2 աթոռի նստելու փորձի մասին՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ԵՄ-ի հետ իր մերձեցումը կապել է «հավասարակշռված արտաքին քաղաքականության» հետ:

Հարցին, թե արդյոք նա վախենո՞ւմ է եվրոպացիների կողմից խաբվելուց, Փաշինյանն արձագանքել է. «Ինչո՞ւ պետք է նրանք մեզ խաբեն»։

Մոսկվայից հայտարարում են, թե միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է: Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել:

Փաշինյանն էլ հերթական անգամ պնդեց, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունը և ԵՄ ինտեգրման գործընթացը, քանի դեռ այն հնարավոր է:

«Իզվեստիա»-ի հետ զրույցում էլ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ «մենք ցանկանում ենք զարգացնել և խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

Փաշինյանը նշել է, որ Երևանը հավատարիմ է հավասարակշռության քաղաքականությանը և ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները։ Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում։

Վարչապետն ընդգծել է, որ մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնացած էին անվտանգության հարցերի վրա, բայց հիմա դրանք սպասում են վերափոխման։


XS
SM
MD
LG