Դավիթ Իշխանյանը Անահիտ Մանասյանին հրավիրում է ադրբեջանական բանտ

Ադրբեջանում ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին հրավիրել է ադրբեջանական բանտ՝ տեսակցելու այնտեղ պահվող հայ գերիներին:

Ումբակիի բանտից հնչեցրած իր ձայնային ուղերձում շուրջ 3 տարի գերեվարված Դավիթ Իշխանյանը դարձյալ խոսել է հայ գերիների խախտվող իրավունքների մասին:

Կատարյալ մեկուսացման մեջ հայտնված նախկին պաշտոնյան հիշեցրել է՝ Բաքվի ռազմական դատարանի կողմից 20-ից մինչև ցմահ ազատազրկման դատապարտված հայերը արդեն 7 ամիս է չեն կարողանում անգամ ստանալ իրենց դատավճիռները:

«Ես Ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի՝ Ումբակիի քրեակատարողական հիմնարկ՝ մեզ հետ հանդիպման։ Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է և որևէ բարդություն չպետք է որ լինի։
Գաք և ծանոթանաք խաղաղության դատավարության դատապարտյալներին։ Ադրբեջանի Հանրապետության Ձեր գործընկերուհին էլ հավանաբար Ձեզ կուղեկցի և Դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք», - նշել է Իշխանյանը:

Դավիթ Իշխանյանը նաև նշել է, որ անցած մայիսին կրկին հեռակա դիմել էր ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ խնդրելով օգնել ստանալ վճիռը, բայց արձագանք չէր ստացել: Հայաստանի ՄԻՊ-ն, ըստ Իշխանյանի, այդպես էլ քայլեր չի ձեռնարկել Ադրբեջանի բանտում պահվող Հայաստանի քաղաքացիների դատավճիռները ստանալու ու իրենց ընտանիքին փոխանցելու համար:

Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակից «Ազատությանը» հայտնել են, որ Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն բարձրաձայնել, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սակայն կոնկրետ Դավիթ Իշխանյանի խնդրանքին պաշտպանը չի անդրադարձել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անահիտ Մանասյանը՝ Բաքվի բանտում պահվող հայերին այցելելու մասին

Վճիռները ստանալու հարցը հայ գերիները բարձրացրել են նաև Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ հանդիպմանը

Իրենց վճիռները ստանալու հարցը հայ գերիները բարձրացրել են նաև Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ընթացքում: Իշխանյանը տեղեկացրել է, որ Սաբինա Ալիևան անցած 3 տարիներին ընդամենը 3 անգամ հանդիպել է իրենց, վերջին անգամ այս տարվա մայիսին:

Արցախցի պաշտոնյայի խոսքով, Ալիևային բաց և թափանցիկ կերպով տեղեկություններ են փոխանցել իրենց իրավունքների խախտումների մասին, ակնկալելով նրա աջակցությունը նաև իրենց դատավճիռները ստանալու և գերիների ընտանիքներին փոխանցելու հարցում:

«Մենք երախտամոռ չենք, մեկ անգամ հրապարակավ ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Սաբինային իր նրբանկատության և մեզ ուղարկված սուրճի, թեյի քաղցրավենիքի և գրքերի համար: Բայց մեր խնդիրները կենցաղային չեն», - ընդգծել է Իշխանյանը:

Արցախի խորհրդարանի նախկին ղեկավարը նշել է, որ այս մայիսին Ադրբեջանի ՄԻՊ-ին խնդրել էր իր ընտանիքին փոխանցել Բաքվի ռազմական դատարանի կողմից դեռևս փետրվարին կայացված դատավճիռը:

Իշխանյանը տեղեկացրել է, որ անգամ իր պաշտպանն առ այսօր այդ դատավճիռն այդպես էլ չի ստացել, «արգելք է դրված»: Նաև որևէ ադրբեջանական պետական մարմին իր կայքում հայերին վերաբերող դատավճիռները չի հրապարակել:

«ՉԷ՞ որ մեզ մեղադրում են մարդկության դեմ գործած հանցանքների համար, համաշխարհային հանրությունը իրավունք ունի տեղյակ լինելու՝ ո՞ւմ, ինչի՞ համար և ինչպե՞ս են դատում Ադրբեջանում: Սա միջազգային նո՞րմ է, թե՞ ոչ: Ես կասեի մաքուր միջնադար է», - ընդգծել է նա:

Չնայած Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ Դավիթ Իշխանյանի, դեռևս մայիսին խոստացել էր դատավճռի ադրբեջաներեն տարբերակը փոխանցել իր ընտանիքին, սակայն 4 ամիս անց խոստումն այդպես էլ չի կատարել:

Իշխանյանը նաև տեղեկացրել է, որ ոչ միայն իրենց դատավճիռները ստանալու հնարավորությունից են զրկված, այլ Ադրբեջանն արգելում է իրենց լիազորագրեր տրամադրել Հայաստանում իրենց վստահված անձն, որպեսզի վերջինս կարողանա հայ գերիների շահերը պաշտպանել Հայաստանում և դրանից դուրս:

Սաբինա Ալիևան նաև այս խնդրին է ծանոթացել, զարմացել է, գրառումներ արել և խոստացել քայլեր ձեռնարկել, բայց այս հարցն էլ լուծում չի ստացել:

Իշխանյանը դիմել է նաև Հայաստանի իշխանություններին

Իշխանյանը նաև դիմել է Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով իր խոսքով «թասիբ ունենալ» ու պաշտպանել Հայաստանի անձնագիր կրող իր քաղաքացիներին:

«Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ անձնագիր կրող անհատներ են, դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս ձեր, մի քիչ թասիբ ունեցեք ու տեր կանգնեք, պինդ եղեք ժողովուրդ», - նշել է Դավիթ Իշխանյանը:

Տարիներ շարունակ ադրբեջանական բանտում պահվող հայ գերիները ոչ միայն տարրական իրավական խնդիրների են բախվում , այլ ըստ նրանց ընտանիքների՝ նաև լուրջ առողջական խնդիրներ ունեն:

Եվրոպական դատարանում հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի խոսքով, ադրբեջանական բանտում հայերը պատշաճ բուժօգնություն չեն ստանում: Ավելին, Սահակյանն օրերս խոսել էր նաև հայ գերիների խոշտանգումների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան

«Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու». Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին

Հայ գերիների մասին ստացվող մտահոգիչ տեղեկությունների ֆոնին, 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին:

Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը, արխիվ

Ողջունելով Ադրբեջան այցելելու Սիմոնյանի պատրաստակամությունը, Վերոնիկա Զոնաբենդը հարցրել է՝ արդյոք Անվտանգության խորհրդի քարտուղարը ծրագրո՞ւմ է տեսակցել հայ գերիներին: Ռուբեն Վարդանյանի կինը նաև պատրաստակամություն է հայտնել Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնել:

«Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում», - նշել է նա։

«Պետք է ոչ թե փորձենք այցեր ապահովել, այլ պահանջենք գերիների շուտափույթ վերադարձ». ՔՊ պատգամավորի արձագանքը Վերոնիկա Զոնաբենդին

Անվտանգության խորհրդի քարտուղարն առայժմ չի արձագանքել Ռուբեն Վարդանյանի տիկնոջ կոչին, նրա փոխարեն այսօր հարցին անդրադարձել է խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Մարիա Կարապետյանը: ՔՊ-ական պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այցեր կազմակերպելու փոխարեն պետք է պահանջել գերիների վերադարձը:

«Պետք է ոչ թե փորձենք նորմալացնել և, օրինակ, այցեր ապահովել [Ադրբեջան], այլ ավելի լավ է մնանք այն դիրքում, որ մենք պահանջում ենք [գերիների] շուտափույթ վերադարձ», - ասաց Կարապետյանը:

Ի դեպ, այսօր պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այլ երկրների միջնորդությամբ գերիների վերադարձն ապահովելու համար, ՔՊ-ական պատգամավորն ասաց, թե չի եղել միջազգային որևէ հանդիպում, որ չխոսեն այդ մասին:

Սակայն Մարիա Կարապետյանը շեշտեց, թե այդ թեման չպետք է այնպես բարձրացնել, որ այլ երկրների մոտ տպավորություն ստեղծվի , թե Հայաստանը ցանկանում է «ռեպուտացիոն վնաս հասցնել Ադրբեջանին, ասելով, թե տեսեք ինչպիսի երկիր է հարևան երկիրը՝ գերիների է պահում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնումԱԳՆ-ն չի ասում՝ դիմե՞լ է Ադրբեջանին երրորդ երկրի կողմից հայ գերիներին տեսակցելու նպատակովՍիրանուշ Սահակյանը Բաքվում բանտարկված հայ գերիների հարցով դիմել է ՄԻԵԴ