Մատչելիության հղումներ

«Պետք է ոչ թե փորձենք այցեր ապահովել, այլ պահանջենք գերիների շուտափույթ վերադարձ». ՔՊ պատգամավորի արձագանքը Վերոնիկա Զոնաբենդին

«Պետք է ոչ թե փորձենք նորմալացնել և, օրինակ, այցեր ապահովել [Ադրբեջան], այլ ավելի լավ է մնանք այն դիրքում, որ մենք պահանջում ենք [գերիների] շուտափույթ վերադարձ», - այսօր խորհրդարանում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Մարիա Կարապետյանը:

Իշխանական պատգամավորն արձագանքում էր Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կոչին՝ ուղղված Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին:

Վերոնիկա Զոնաբենդը նախօրեին ուղերձ է հղել Հայաստանի Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ ողջունելով Բաքու այց կատարելու նրա պատրաստակամությունը և իր հերթին պատրաստակամություն հայտնելով նրա հետ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք:

«Միջազգային հարաբերություներում մեր փորձը ցույց է տալիս, որ երբ ձևակերպում են խնդրանքներ, պետք է լավ կշռես, թե որ խնդրանքը կամ պահանջն ես ընտրում և ձևակերպում, քանի որ այդ փոքր խնդրանքը կարող է քեզ տրվել և այդպիսով համարվել, որ մեծ ընդառաջում տեղի ունեցավ: Այնինչ պետք է կենտրոնանալ ամենակարևորի վրա, դա անձանց վերադարձն է», - ասաց Մարիա Կարապետյանը:

Ի դեպ, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այլ երկրների միջնորդությամբ գերիների վերադարձն ապահովելու համար, ՔՊ-ական պատգամավորն ասաց, թե չի եղել միջազգային որևէ հանդիպում, որ չխոսեն այդ մասին:

Միաժամանակ Մարիա Կարապետյանը շեշտեց, որ այդ թեման չպետք է այնպես բարձրացնել, որ այլ երկրների մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը ցանկանում է «ռեպուտացիոն վնաս հասցնել Ադրբեջանին, պարզապես ասելով, թե տեսեք ինչպիսի երկիր է հարևան երկիրը՝ գերիների է պահում»:

«Ոչ թե էս տիպի տպավորություն թողնենք, այլ հասնենք նրան, որ այդ երկրները զգանք, որ եթե իրենք միջամտեն այդ հարցին, Ադրբեջանի պաշտոնյաների հետ հնարավորություն ունենան խոսելու, մենք նրանց տվել ենք այնպիսի խոսույթ, որը նրանց թույլ կտա այս հարցը բարձրացնել էնպես, որ իրենց երկրի և Ադրբեջանի հարաբերությունների մեջ սա չդիտվի ռեպուտացիոն վնասի կամ կոնֆլիկտային տրամաբանության մեջ: Ընդհակառակը, հնարավորություն ստեղծվի իրենց բարիդրացիական հարաբերությունները Ադրբեջանի հետ փորձել օգտագործել նաև այդ խնդիրը Հայաստանի համար լուծելու նպատակով», - նշեց Կարապետյանը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG