Շվեյցարական Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում մեկնարկել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունները, հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները, ինչպես նաև Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
Հաղորդվում է, որ բանակցությունները կենտրոնանում են 60-օրյա հրադադարը հաստատած փոխըմբռնման հուշագրի դրույթները կյանքի կոչելու վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
110-օրյա պատերազմը դադարեցվում է. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ստորագրվել էԹեև Իրանի միջուկային ծրագիրը և իրավիճակի ապաէսկալացման ուղիները բանակցությունների առանցքային հարցերն են, ակնկալվում է, որ կողմերը տարատեսակ թեմաների կանդրադառնան, դրանց թվում՝ Լիբանանում ստեղծված իրավիճակը և Հորմուզի նեղուցում երթևեկության անվտանգությունը։ Բանակցությունները կարող են վճռորոշ լինել նաև Իսրայել - Լիբանան հակամարտության համար, չնայած նրանք ներգրավված չեն Բուրգենշտոկի բանակցություններում։
Նախօրեին Լիբանանի վրա իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 20 մարդ էր զոհվել։
Ինչ վերաբերում է համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցին, իրանական Tasnim լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի բանակցային պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրին, գրում է, որ այն չի վերաբացվի, քանի դեռ Լիբանանում խախտվում է հրադադարի ռեժիմը։
Այդուհանդերձ, բանակցություններին մասնակցող պաշտոնյաները զգուշավոր լավատեսություն են հայտնել։ Թե՛ Վաշինգտոնը, թե՛ Թեհրանը միմյանց մեղադրել են հրադադարի պայմանների խախտման մեջ, սակայն դիվանագետների խոսքով՝ երկու կողմերն էլ խորապես շահագրգռված են խուսափելու լայնամասշտաբ պատերազմի վերսկսումից։
«Սա միայն սկիզբն է․․․Հիշե՛ք՝ դեռ 58 օր կա», - «Ազատության»-ը ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
ԱՄՆ-Իրան բանակցությունները քառակողմ ձևաչափով են ընթանում, ներկա են նաև միջնորդներ Կատարի և Պակիստանի ներկայացուցիչները։