Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկը հեղինակազրկե՞լ է դատական իշխանությունը․ ԲԴԽ-ն քննեց դատավորի հարցը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյան

Դատավոր Հակոբ Մանուկյանը, որն ամիսներ առաջ ինքնաբացարկ հայտնեց ու հրաժարվեց քննել Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործն, այժմ ինքն է պատասխանողի դերում. արդարադատության նախարարությունը Բարձրագույն դատական խորհրդից պահանջում է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել, քանի որ «հեղինակազրկել է դատական իշխանությունը»:

«Հարգելի Խորհուրդ, հաշվի առնելով վերը շարադրված հանգամանքները, խնդրում ենք Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության», - այսօր եզրափակիչ ելույթում հայտարարեց Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի տեղակալ Արմեն Շուքուրյանը:

Մանուկյանն ինքնաբացարկը պայմանավորել էր հանգամանքով, որ տարիներ առաջ իր փաստաբանական արտոնագիրը կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանն է տվել, երբ նա Փաստաբանների պալատի նախագահն էր: Մանուկյանը իր թերացումը չի տեսնում ու նախարարության պնդումներն անհիմն է որակում:

«Ընդ որում, ինձ մեղսագրվել է հետևանք, որը վերացական բնույթ է կրում և չի հաստատվում որևէ ապացույցով, հետևաբար, այս հիմնավորմամբ խնդրում եմ մերժել միջնորդությունը», - ընդգծեց 37-ամյա դատավորը:

Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսն ամիսներ առաջ պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

Առաջին ատյանի դատարանը շաբաթներ առաջ որոշեց կարճել կարգալույծ եպիսկոպոսի հայցն ու վերացրեց նաև այն միջանկյալ որոշումը, որն էլ կաթողիկոսի ու եպիսկոպոսների դեմ քրեական վարույթի պատճառ էր դարձել: Այդ գործը, սակայն, դեռ շարունակում են քննել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կարգալույծ եպիսկոպոսի հայցը Մայր Աթոռի դեմ կարճվել է. նա «մինչև վերջ կգնա»

Դատավոր Հակոբ Մանուկյանն այն քննող առաջին դատավորն էր: Նրա ինքնաբացարկից հետո գործը նախ դատավոր Սերժ Ռուշանյանին մակագրվեց: Նա էլ որոշեց այն ուղարկել Երևան, բանը Վճռաբեկին հասավ, որտեղ էլ որոշեցին, որ գործը հենց Արմավիրում պետք է քննեն, այս պտույտից հետո գործը դարձյալ Սերժ Ռուշանյանին վերադարձավ: Այս ամիս նիստ էր նշանակված, որը հետաձգվեց տուժողի ու դատախազների բացակայության հիմքով: Մայր Աթոռի փաստաբանների կարծիքով՝ իշխանությունները փորձում են ձգձգել գործընթացը, որ կաթողիկոսի ու եպիսկոպոսների նկատմամբ սահմանափակումները՝ երկրից չբացակայելու արգելքի շարունակի ուժի մեջ մնա: Այս գործով հաջորդ դատական նիստը դեկտեմբերին է նշանակված:

Մինչ այդ դատավոր Հակոբ Մանուկյանը Բարձրագույն դատական խորհրդի առաջ այսօր փորձում էր հիմնավորել՝ ինչու է ինքնաբացարկ հայտնել: Դատավորի պնդմամբ՝ ինքը հրաժարվել է քննել գործը, քանի որ Արա Զոհրաբյանից արտոնագիր ստանալու փաստը կարող էր կասկած հարուցել իր օբյեկտիվության վերաբերյալ:

Մինչդեռ, ամիսներ առաջ կայացած նիստին ոչ մեղադրող, ոչ էլ պատասխանող կողմն առարկություն չունեին, որ շարունակի քննել վարույթը: Արդարադատության նախարարությունից պնդում են՝ դատավորն ինքնաբացարկ է հայտնել առանց բավարար իրավական հիմքերի՝ հանգեցնելով «դատական կազմի անհիմն փոփոխության»:

«Նշվածը վկայում է դատավարական լիազորությունների ոչ պատշաճ իրականացման մասին և ստեղծում է նախադեպ, որի պայմաններով Արա Զոհրաբյանի մասնակցությամբ դատական նիստերի ընթացքում փաստաբանի արտոնագիր ունեցող բոլոր դատավորները կարող են ինքնաբացարկ հայտնել», - նշեց Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի տեղակալը:

Մանուկյանը, սակայն, ընդգծում է, որ հենց իր որոշմամբ է երաշխավորվել դատական անկախությունը. - «Նշված որոշմամբ որևէ մեկի համար որևէ բացասական իրավական հետևանք չի առաջացել... Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ օրենքի մեկնաբանությունը, փաստերի ու ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության»:

Բարձրագույն դատական խորհուրդը շուրջ երկու ժամ կողմերին լսելուց ու հարցեր տալուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակեն դեկտեմբերի 7-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կաթողիկոսի գործով նիստը հետաձգվեց. տուժողն ու դատախազները չէին եկել Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվելԿաթողիկոսի մեղադրանքը հաստատած դատախազը պնդում է՝ համակարգից հեռանալու պատճառը «Վեհափառի գործը չէ»