Մատչելիության հղումներ

Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել

Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը, դատավոր Հակոբ Մանուկյան, 7-ը օգոստոսի 2026թ.
Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը, դատավոր Հակոբ Մանուկյան, 7-ը օգոստոսի 2026թ.

Արդարադատության նախարարը Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն է ներկայացրել՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Այս մասին տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է ԲԴԽ մամուլի քարտուղարը։

ԲԴԽ-ից հայտնել են, որ հարցով նիստը կկայանա նոյեմբերի 16-ին։ Այլ մանրամասներ չեն հաղորդել՝ նշելով, որ նիստի օրը միայն պարզ կլինի քննարկման թեման։

Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի օրը, դատավորը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանն է ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր տվել: Դատավորի գնահատմամբ՝ այս հանգամանքը կարող էր անաչառ դիտորդի մոտ կասկած հարուցել իր օբյեկտիվության վերաբերյալ։

Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:


​
XS
SM
MD
LG