Մատչելիության հղումներ

Կաթողիկոսի գործով նիստը հետաձգվեց. տուժողն ու դատախազները չէին եկել

Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցել է միայն դատական առաջին նիստին, դրանից հետո  նիստին ներկայանում են Մայր Աթոռի փաստաբանները:
Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցել է միայն դատական առաջին նիստին, դրանից հետո նիստին ներկայանում են Մայր Աթոռի փաստաբանները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով այսօր նշանակված դատական նիստը հետաձգվել է:

Մեղադրող կողմը, նաև այս գործով տուժող Արման Սարոյանը (նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյան) դատարան չեն ներկայացել:

Դատարանում հնչել է հիմնավորում միայն մեղադրող կողմի բացակայության վերաբերյալ, թե դատախազները ծանրաբեռնված են:

Մայր աթոռի իրավական ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի տպավորությամբ՝ այս քայլով իշխանությունը պարզապես ցանկանում է ձգձգել գործընթացը, որպեսզի Կաթողիկոսի ու եպիսկոպոսների նկատմամբ կիրառված սահմանափակումները շարունակեն ուժի մեջ մնալ:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկրից բացակայելու արգելքը: Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին:

Կաթողիկոսն ու ԳԵրագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսները մեղադրյալ դարձան այս տարվա փետրվարին՝ դատական ակտը չկատարելու հոդվածով:

Իսկ դատական ակտը վերաբերում էր Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ եպիսկոպոս Սարոյանին: Նա հայց էր ներկայացրել դատարան՝ վիճարկելու Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությունը իրեն թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ: Սրան հետևել էր Կաթողիկոսի որոշումը՝ Սարոյանին եպիսկոպոսական կարգից զրկելու վերաբերյալ:

Մեղադրող կողմը սա է համարում դատական ակտի կատարման խոչընդոտում: Անցած ամսին պարզ դարձավ, որ Սարոյանի հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Դատարանն արձանագրել էր, որ թեմի առաջնորդի նշանակումն ու ազատումը Ամենայն Հայոց կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մաս: Պաշտոնից ու եպիսկոպոսական կարգից զրկված Սարոյանը հայտարարել էր, որ չի նահանջելու ու գնալու է մինչև վերջ:

​
XS
SM
MD
LG